
Զորակոչից խուսափած անձինք կկարողանան սահմանված գումարով ազատվել քրեական պատասխանատվությունից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց 96 կողմ ձայնով: Նախագծի հիմնական զեկուցողն էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
«Նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, ում 27 տարին լրացել է, այսինքն զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից՝ վճարելով օրենքով նախատեսված գումարները, յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Օրենքի գործողության ժամկետը սահմանված էր մինչև 2017 դեկտեմբերի մեկը, առաջարկում ենք փոփոխություն կատարել և երկարաձգել մինչ այս տարվա մարտի մեկը»,- ասաց պատգամավորը:
Նախագծի հարակից զեկուցող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովը նպատակահամար և հիմնավոր է համարում օրենքում փոփոխություն կատարելը. «քանի որ այն հնարավորություն կտա համապատասխան վճար կատարելով մեր բազմաթիվ հայրենակիցների ազատվել քրեական պատասխանատվությունից և վերադառնալ հայրենիք»:
Խաչատրյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տաս հազարից ավելի հետախուզման մեջ գտնվող արական սեռի հայեր կան, որոնք մեղադրվում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ:
«Նրանցից 3200-ը 27-35 տարեկան անձինք են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ փոփոխությունները խնդրի ժամանավոր կարգավորում են ընդամենը, սակայն այն հրատապ ընդունման կարիք ունի:
Արմեն Խաչատրյանը նաև հայտնեց, որ 2016-17 թվականներին 625 անձ 795 միլիոն դրամի չափով գումար է վճարել՝ խուսափած զորակոչերի համար:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր շատ հայրենակիցներ, որոնք մեղադրվում են զորակոչից խուսափելու մեջ, չեն վերադառնում հայրենիք, քանի որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ, ուստի ավելի համապարփակ լուծում է պետք տալ այս խնդրին»,- ասաց նա:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը՝ ասելով, որ կառավարությունը դրական է համարում այս փոփոխությունը, սակայն այն պետք է դիտարկել որպես ժամանակավոր լուծում:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացվի վաղը:
Հիշեցնենք, որ նախորդ քաղաքական մեծամասնությունն այս օրենքում փոփոխություն կատարեց 2017-ի դեկտեմբերին՝ վստահեցնելով, որ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է վերջին անգամ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել