
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչին։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել գրասենյակի կողմից Հայաստանի տարբեր համայնքներում պարենային օգնության տրամադրման, աղքատության հաղթահարման և ազգային կարողությունների հզորացման ուղղությամբ գործադրած երկարամյա ջանքերը և միաժամանակ ընդգծել, որ նախարարության կողմից իրականացվող համայնքների համաչափ զարգացմանն ու դիմակայունության ամրապնդմանը միտված մի շարք միջոցառումներ ուղղակիորեն հատվում են ծրագրի դավանած նպատակների հետ։ «ՀՀ կառավարությունն ունի երկրում աղքատության հաղթահարման ու համայնքների զարգացման իր տեսլականը, և մենք շատ ուրախ կլինենք գործընկեր միջազգային կազմակերպության հետ համակցել, ներդաշնակել այդ ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Ելենա Միլոշևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավելել, որ խոցելի համայնքներում պարենային ապահովության բարելավման, աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը հաջողության են հասել հայ հասարակության և կառավարության գործուն աջակցության շնորհիվ՝ ուրախությամբ ընդգծելով ՀՀ կառավարության հետ վերջին վեց ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվող համագործակցությունը։ Խոսելով առաջիկայում սպասվող ռազմավարական ծրագրերի մասին՝ Ելենա Միլոշևիչը հավաստիացրել է, որ գրասենյակն իր համար որպես առաքելություն է համարում Հայաստանում պարենային անապահովության հաղթահարումն ու պարենային բազմազանության ապահովումը, ինչին մոտենալու նպատակով անհրաժեշտ է զուգամիտել հայանքների, մարզերի և մասնավոր կազմակերպությունների հնարավոր ռեսուրսները։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել գործող ծրագրերի հնարավոր թղթակցման, ազգային գործընկերության շրջանակներում համայնքներում անապահովության, անբավարարության և աղքատության դեմ պայքարի մի շարք ծրագրեր պիլոտավորելու, դրանք ազգայնացնելու հեռանկարների վերաբերյալ։
Մեկնաբանել