HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հայ ծրագրավորողներն աշխատանք են փնտրում արտերկրում

«Հիմա ընդհանրապես չեմ փորձում աշխատանք գտնել Հայաստանում: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չկա քաղաքակիրթ աշխատանքային շուկա: Մասնավորապես ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ ազատ աշխատատեղերը բաշխվում են հարազատ-բարեկամ սկզբունքով' առանց հաշվի առնելու մասնագիտական կարողությունները»,- ասում է 48-ամյա ծրագրավորող Իվան Լուլուկյանը:

Ծրագրավորման ոլորտում նա աշխատում է 1979 թվականից: Սովորե լ է ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, մասնակցել է ծրագրավորման կուրսերին Երեւանի Հաշվողական տեխնիկայի ուսումնարանում, 1985թ.-ին ուսումը շարունակել Կիեւի Կիբեռնետիկայի ինստիտուտում: Աշխատել է «Հայկական համակարգչային կենտրոնում», Երեւանի ֆիզիկայի գիտահետազոտական եւ Երեւանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտներում: Իսկ հետո՝ 1990-ականներին ստեղծված արտասահմանյան մասնավոր ընկերություններում: Այժմ նա աշխատում է Մոսկվայում' մուլտիմեդիային տեխնոլոգիաների եւ հեռահար ուսուցման հարցերով զբաղվող ընկերությունում:

Իվանը կարծում է, որ Հայաստանում առաջխաղացման համար իրականում շատ քիչ հնարավորություններ կան: «Հայաստանում աշխատում են հին ձեւով, եւ նորագույն տեխնոլոգիաները ծրագրավորման ոլորտում համարյա չեն կիրառվում: Ու դա մասամբ անդրադարձավ իմ գիտելիքների մակարդակի վրա, քանի որ, չնայած իմ աշխատանքային մեծ փորձին, այն տեխնոլոգիաները, որոնց ես տիրապետում եմ, Մոսկվայում այլեւս ժամանակավրեպ էին ու անգործածելի: Այնպես որ, իմ կարիերայի հաջող կայացման համար ես ստիպված եմ որոշակի ժամանակ ծախսել նոր հմտությունների յուրացման վրա»:

Արթուր Ալեքսանյանը նույնպես ծրագրավորող է: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը 1997-ին:

«Համալսարանից հետո ուզում էի Հայաստանում որեւէ աշխատանք գտնել իմ մասնագիտությամբ, քանի որ կարծում էի, որ ոլորտն անընդհատ զարգանում է, եւ դա դժվար չի լինի: Սկզբում դիմեցի հետազոտական ինստիտուտներին՝ ոչինչ: Աշխատանք գտա օդանավակայանում, աշխատեցի չորս տարի, անընդհատ խոստանում էին բարձրացնել աշխատավարձը, բայց այդ ամենն ընդամենը խոստումներ էին: Հետո էլ որոշեցի փորձել Մոսկվայում: Մոսկվայում նորից ընկա հայկական միջավայր, այստեղ էլ նորից սկսվեցին դատարկ խոստումները: Հետո աշխատանք գտա ռուսական ընկերությունում, եւ տնօրենը, տեսնելով ինչպես եմ աշխատում, ինձ նշանակեց տեղեկատվական-տեխնիկական ապահովության բաժնի պատասխանատու»,-ասում է 31-ամյա Արթուրը:

Արթուրը նույնպես վստահ է, որ հայկական աշխատանքային միջավայրը եւ մասնագետներին գնահատելու չափանիշները շատ հեռու են նորմալ լինելուց: «Այս Նոր տարվան եկա Հայասատան եւ փորձեցի աշխատանք գտնել, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում այդ ընկերություններում, հրաժարվեցի աշխատանքի որոնումներից: Երեւանում համեմատաբար լավ աշխատանք գտնելու համար անպայման պետք է «վերեւներում» բարեկամ ունենալ»,-ասում է Արթուրը:

Հասմիկ Ղազարյանն ավարտել է ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Աշխատանքային հարուստ փորձը նրան իրավունք է տալիս հավակնել համեմատաբար նորմալ վարձատրվող աշխատանքին, սակայն Հասմիկի՝ աշխատանք գտնելու փորձերը թույլ են տալիս ենթադրել, որ գիտելիքները, աշխատելու պատրաստակամությունը ստորադասվում են մի շարք այլ չափանիշների պատճառով:

«Ես արդեն մտածում եմ կենսագրական տվյալների միջից ջնջել սեռն ու տարիքը: Պարզապես արդեն չգիտեմ որտեղ փնտրել հերթական մերժման պատճառը: Իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելու համար դիմել եմ ոլորտում աշխատանք առաջարկող բոլոր հնարավոր հայտարարություններին, անձամբ եմ գնացել: Եղել են դեպքեր, որ նույնիսկ չեն էլ ցանկացել վերցնել ինքնակենսագրականը: Փորձնական աշխատանք կատարելուց հետո գրեթե միշտ ստացել եմ հերթական ստանդարտ պատասխանը՝ «Մենք քննարկեցինք ձեր տարբերակը եւ ստիպված ենք մերժել, հետեւեք մեր հայտարարություններին»: Գրեթե ոչ մի ընկերություն մինչեւ այժմ չի նշել մերժման պատճառը, կամ կատարված փորձնական աշխատանքի որեւէ սխալ, ինչը առիթ է տալիս համոզվելու, որ աշխատանք առաջարկելու այս «քաղաքակիրթ» ձեւերն ընդամենը ձեւականություններ են, որոնց պետք է հետեւեն միջազգային ծագում ունեցող հայկական ընկերությունները»,-ասում է մասնագիտությամբ ծրագրավորող Հասմիկ Ղազարյանը:

«Կարծում եմ, որ գործատուներն ավելի շատ հակված են աշխատանքի ընդունել երիտասարդներին, որոնք հենց այդտեղ էլ կմասնագիտանան որեւէ կոնկրետ ճյուղում: Այսինքն՝ այս խնդրում ուսանողությունն ամենալավ լուծումն է: Այլ հարց է, որ հիմա իրականում շատերն են ձգտում սովորել Կիրառական մաթեմատիկայի կամ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետներում, բայց միեւնույն ժամանակ զբաղվում, ասենք, մակարոնի բիզնեսով»,-ասում է ԵՊՀ-ի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Հայկ Հայոցյանը:

Հայկն այժմ աշխատում է մասնավոր ընկերությունում: Ոչ հիմա, բայց հետագայում պլանավորում է ժամանակավորապես մեկնել որեւէ երկիր իր մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաեւ գումար աշխատելու համար: Այժմ նա կարող է միայն մտքում հաշվարկել, թե որքան է վարձատրվում հիմա եւ որքան կարող էր վաստակել ուրիշ երկրում: Նման համեմատությունները շատերին են գայթակղում:

«Synopsys» ընկերությունը կիսահաղորդիչներ նախագծող առաջատար ընկերություններից է, որն ունի ավելի քան 5.000 աշխատող աշխարհի 75 մասնաճյուղերում: «Synopsys Armenia» ընկերությունում կրտսեր ինժեները վարձատրվում է 200-400 ԱՄՆ դոլար, ինժեները' 400-800, ավագ ինժեները' 800-1300 դոլար, խմբի ղեկավարը' 1300-1800, իսկ բաժնի ղեկավարի աշխատավարձը կարող է հասնել մինչեւ 2500 ԱՄՆ դոլարի:

ԱՄՆ-ում վարձատրությունը 6-10 անգամ բարձր է, իսկ Եվրոպայում' մոտավորապես 4 անգամ: «Բայց դա դեռ չի նշանակում, որ այդ աշխատավարձով մարդիկ կկարողանան ավելի բարեկեցիկ ապրել, գուցե պայմանները կբարելավվեն որոշ չափով, բայց ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ ապրուստն այնտեղ ավելի թանկ է, եւ գուցե իրականում այդ 6-10 անգամ բարձր վարձատրությունը էական նշանակություն չունենա»,-ասում է «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա հավաստիացնում է, որ կայունությունը, աշխատանքային նորմալ պայմանները եւ հեռանկարային աշխատանքը բավական է, որպեսզի մարդիկ շարունակեն ապրել ու աշխատել իրենց երկրում' առանց դրսում աշխատանք փնտրելու: Իսկ դա, նրա խոսքերով, այնքան էլ հեռու չէ մեր իրականությունից:

Պրն Մուսայելյանի խոսքերով՝ հիմա խոշոր ընկերություններն ավելի շահագրգռված են մասնաճյուղեր ունենալ այն երկրներում, որտեղ աշխատուժն ավելի էժան է: Օրինակ՝ ԱՄՆ-ում մի ինժեների աշխատավարձը կկազմի այնքան, որքան 5-6 ինժեներներինը միասին Հայաստանում: Եվ, բնականաբար, նրանց ավելի ձեռնտու է մարդկանց աշխատանքի ընդունել հայաստանյան մասնաճյուղում, ոչ թե ԱՄՆ-ում կամ այլուր: «Այժմ մենք ունենք 44 ազատ տեղ եւ պատրաստ ենք ընդունել աշխատանքի մասնագետներին, ովքեր կհամապատասխանեն մեր պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին, ապա մենք ավելի հակված ենք իրենց հետ աշխատել, որովհետեւ նրանք ավելի պատասխանատու են»,-ասում է «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրենը:

Ընկերության աշխատակազմի 25 տոկոսը կանայք են:

Անկախ բազմաթիվ խնդիրներից, դժվարություններից եւ գայթակղություններից, ոչ բոլորն են պատրաստ աշխատել ուրիշ երկրում:

«Ես մի քանի անգամ վերապատրաստվել եմ արտասահանում եւ նույնիսկ մեկ անգամ աշխատանքային լուրջ առաջարկ ստացել, բայց մերժել եմ, քանի որ միշտ նախընտրել եմ ապրել Հայաստանում, որովհետեւ սա է իմ երկիրը, այստեղ են իմ հարազատներն ու ընկերները»,-ասում է «Virage Logic» ընկերությունում աշխատող, մասնագիտությամբ ծրագրավորող 33-ամյա Սերգեյ Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter