
Փետրվարին գնաճը Հայաստանում կազմել է 1.9%
Այս տարվա փետրվարին, 2018 թվականի փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 % գնաճ։ Սպառողական գների ինդեքսն այսօր հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Մասնավորապես, սննդամթերքը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) թանկացել է 3.5 %-ով, ոչ պարենային ապրանքները` 0.6 %-ով, իսկ ծառայությունների սակագները բարձրացել են 0.4 %-ով։
Քանի որ գներն ունեն, այսպես կոչված, սեզոնայնություն, հետևաբար առավել ճիշտ է գները համեմատել նախորդ տարվա նույն ամսվա կամ նույն ժամանակահատվածի հետ։ Այնուամենայնիվ, Վիճկոմիտեն գները ներկայացնում է նաև հունվարի համեմատությամբ. 2019 թվականի փետրվարին, հունվարի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 0.6 %։
Սննդամթերքի գներ
Փետրվարին, 2018 թվականի նույն ամսվա համեմատ, սննդամթերքի գրեթե բոլոր խոշորացված ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել։ Ամենամեծ տեմպերով թանկացել է միրգը։ Ըստ Վիճկոմիտեի՝ մրգի ապրանքախմբում գնաճը կազմել է 11.3 %։
Բանջարեղենը թանկացել է 5.6 %-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2.5 %-ով։ Ալյուրի և հացի գներն էլ աճել են համապատասխանաբար 3.1 % և 3.7 %-ով:
Մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 4.1 % գնաճ։
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում՝ 2.5 % գնաճ։
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 1.6 % գնաճ։
Որոշակի էժանացում կա կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում։ Գնանկումը կազմել է 2 %։
Ոչ պարենային ապրանքների գներ
Հագուստի և տարբեր տեսակի կոշկեղենի ապրանքախմբերում 2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ գրանցվել է համապատասխանաբար 1.7 % գնանկում և 5.3 % գնաճ։
Միևնույն ժամանակ, ըստ Վիճկոմիտեի, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 9.6 % և 5.2 %-ով։
Ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը կազմել է 0.6 %։
Իսկ եթե գները դիտարկենք հունվար-փետրվարի կտրվածքով, ապա 2018 թվականի նույն ամիսների համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 1.3 %։ Սննդամթերքը թանկացել է 2.1 %-ով, ոչ պարենային ապրանքները 0.7 %-ով, իսկ ծառայությունները՝ 0.5 %-ով:
Ընդհանուր գնաճի «մեղավորը» սննդամթերքն է
Ինչպես նշեցինք, այս տարվա փետրվարին, 2018թ. նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 1.9 %։ Ընդհանուր սպառողական գների ինդեքսի վրա մեծ է սննդամթերքի ազդեցությունը։
Սննդամթերքը 1.47 տոկոսային կետով է ազդել 1.9 % ընդհանուր գնաճի վրա։
Մեկնաբանել