HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սեւանը` «մահվան ճանապա՞րհ»

Ծաղկաձորի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ զբոսաշրջության բաժնի գլխավոր մասնագետ Գերասիմ Մկրտչյանը նույնպես մտահոգված է Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման մասին լուրերից: Գլխավոր մասնագետից հետաքրքրվեցինք, թե արդյոք քաղաքապետարանը մտահոգություն չունի, որ երկաթի հանքի շահագործումը կվնասի զբոսաշրջային կենտրոնի համբավ ունեցող Ծաղկաձորին եւ զբոսաշրջիկների հոսք չեն ունենա:

Գ. Մկրտչյանի ասելով, եթե երկաթի հանքի շահագործումը աղտոտի օդը, իհարկե, հանքը կազդի Ծաղկաձորի զբոսաշրջության վրա: «Առայժմ խոսակցություններ են, բայց չգիտեմ, թե այս խնդրի վերաբերյալ ով ունի հստակ պատկերացում եւ ով կարող է օբյեկտիվորեն ներկայացնել հանքի շահագործման հեռանկարները: Ես կուզեի լուրջ մարդու խոսքը լսել: Ցավոք սրտի, այդ ոլորտի լիդերը չկա, որին անքննելի կհավատայի: Այսօր լսում ենք, որ դա իրենից վտանգ կներկայացնի, բայց կուզեի լուրջ մարդու լսեի, որի ասածը լիներ հիմնավորված»,-ասում է Գերասիմ Մկրտչյանը:

Գլխավոր մասնագետի ասելով, Ծաղկաձորի քաղաքապետարանում այդ թեմայով դեռ քննարկումներ չեն եղել, իսկ հրազդանցիներն արդեն տեղեկացված են հանքի մասին, ինչ որ տեղ էլ' անհանգստացած են:

«Առաջին հերթին գոնե ինքնասիրություն պետք է ունենանք եւ սեփական մաշկի մասին մտածենք: Առաջին հերթին պետք է մտածենք, որ դա մեզ համար է վտանգավոր, էլ չհաշված մնացած խնդիրները: Այստեղ առաջին հերթին սեփական մաշկը փրկելու խնդիրն է դրված»,-կարծում է Գ. Մկրտչյանը:

Սակայն, Գերասիմ Մկրտչյանն ասում է, որ պետք չէ մեր կառավարությանը, երկրի իշխանությանն ընդունել որպես թշնամի, իհարկե' կառավարությունն էլ չպետք է երկիրը զարգացնի քաղաքացիների առողջության հաշվին: «Մենք ցարին, շահին չենք սիրել, որովհետեւ մերը չեն եղել, հիմա նախագահը մերն է, էլի չենք սիրում: Պատկերացրու, որ դու վարչապետն ես ու պիտի տնտեսությունը զարգացնես: Առավոտյան գալիս ես գործի ու պիտի մտածես, որ ամսական ապահովես երկրի մուտքերն ու դրանից վճարումներ անես բյուջետային աշխատողներին: Ի՞նչ ես կարծում, չպիտի՞ մտածես լրացուցիչ մուտքեր ապահովելու մասին,-հարց է տալիս Գերասիմ Մկրտչյանն ու դարձյալ մտահոգվում: - Ասում են, որ երկաթի քարի փոշին կարող է հասնել մինչեւ Սեւան: Եթե Լենինգրադում կա «կյանքի ճանապարհ», ապա այդ առումով Սեւանը կարող է լինել «մահվան ճանապարհ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter