
Խորհրդարանը միաձայն ընդունեց զորակոչից խուսափած անձանց քրեական հետապնդումը դադարեցնելու մասին օրենքի գործողության ժամկետը
Խորհրդարանն այսօր քննարկեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարացնելու հարցը: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 119 կողմ ձայնով: Նախագծի հեղինակն է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Այն հնարավորություն է ընձեռում զորակոչից խուսափած անձանց, որոնց 27 տարին լրացել է և որոնց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, վերադառնալ հայրենիք և, վճարելով յուրաքանչյուր չներկայացած զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար, ազատվել քրեական հետապնդումից: Օրենքի փոփոխության արդյունքում վերջինիս գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ այս տարվա մարտ: Օրենքի գործողության ժամկետը սահմանված էր մինչև 2017 դեկտեմբերի 1-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել