
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրավիրում է քաղաքական ուժերին ընտրական բարեփոխումների մշակման աշխատանքներին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի այսօրվա նիստի իր արտահերթ ելույթում քաղաքական ուժերին հրավիրեց քննարկումների՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով:
«Ուզում եմ, օգտվելով առիթից, քաղաքական ուժերին հրավիրել ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելուն միասնական ջանքերով և միանգամից հայտարարել, որ մենք չունենք սահմանադրական խոչընդոտներ և սահմանափակումներ, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել»,- ասաց ԱԺ խոսնակը:
Խորհրդարանը քննարկում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցը 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:
Անդրադառնալով կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` ԱԺ խոսնակն ընդգծեց. «Տարիների ընդմիջումից հետո մենք ունեցել ենք իրապես արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, որոնք էդպիսին էին միջազգային ամենաբծախնդիր կազմակերպությունների գնահատմամբ. սա երեսով տալու համար չի ասվում: Այս ամբիոնից պետք է ևս մեկ անգամ արձանագրվեր, որ մենք՝ ժողովրդի մանդատ ստացած ուժերս, նաև արտախորհրդարանական ուժերը պայմանավորվենք այս իրողության շուրջ և վերահաստատենք բոլորիս միասնական կամքը` այսուհետ ունենալ ազատ, ժողովրդավարական ընտրություններ»,- ասաց Միրզոյանը:
Մեկնաբանել