«Թռչնագրիպը ողջ մարդկության խնդիրն է»
Հարցազրույց Ադրբեջանի Հեմատոլոգիայի եւ տրանսֆուզիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Օկտայ Աբդուլաեւի հետ
- Ինչպե՞ս եք գնահատում թռչնագրիպի դեմ պայքարի համար Ադրբեջանում ձեռնարկված միջոցները:
- Ես կարծում եմ, որ մեր երկրում շատ ուշ սկսեցին բնակչությանը տեղեկացնել թռչնագրիպի վտանգի առկայության մասին: Չէ՞ որ դեռ անցած տարվա նոյեմբերին, երբ Թուրքիայում սկսվեց թռչնագրիպը, թուրք պաշտոնյաները հաղորդեցին, որ կան նաեւ դեպքեր Թուրքիային սահմանակից երկրներում, այսինքն' նաեւ Ադրբեջանում: Այդ նույն ժամանակ էլ թուրքական ԶԼՄ-ը նշում էին, որ այդ սահմանակից երկրներում թաքցնում են թռչնագրիպի առկայության մասին տվյալները: Իսկապես, մեր երկրում երկար ժամանակ էին լռության մատնում այս խնդիրը: Եվ միայն այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ թռչունների մասսայական մահը, մեր պաշտոնական անձինք սկսեցին խոսել այդ մասին: Երկար ժամանակ թաքցվում էր նաեւ այն, որ վիրուսը կարող է վարակված թռչունից փոխանցվել մարդուն: Այլ խոսքերով' չեն ձեռնարկվել անհրաժեշտ քայլեր բնակչությանը թռչնագրիպի մասին տեղեկացնելու եւ պաշտպանելու համար:
- Էլի ի՞նչ չի կատարել մեր երկրի ղեկավարությունը այդ հարցում:
- Մեր կառավարությունը ( հատկապես թռչնագրիպի հնարավոր տարածման նախնական փուլում ) ոչինչ չի արել վարակված թռչուններին հավաքելու, ոչնչացնելու եւ բնակչությունից վերցված թռչունների դիմաց փոխհատուցելու ուղղությամբ: Թեեւ մեր հարեւան երկրներում, օրինակ' Իրանում եւ Թուրքիայում, նման փոխհատուցումներ եղել են: Ես չեմ կարծում, որ մեր երկիրն այնքան աղքատ է, որպեսզի խնայողություն անի մահաբեր վիրուսի դեմ պայքարում: Բացի այդ, թռչնագրիպի դեմ քարոզարշավի սկզբում Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հայտարարում էր, որ մենք չունենք սարքավորումներ մարդկանց արյան մեջ թռչնագրիպի վիրուսի հայտնաբերման համար: Արդյունքում ժամանակ կորավ անալիզները արտասահման ուղարկելու եւ պատասխանին սպասելու ընթացքում: Թեեւ, եթե Առողջապահության նախարարությունը հետաքրքրվեր, ապա կիմանար, որ հայրենական հիմնարկներում (ինչպես մասնավոր, այնպես էլ պետական) կա ՊՑՌ-անալիզատոր, որն անհրաժեշտ է մարդկանց արյունը հետազոտելու, թռչնագրիպի վիրուսի առկայությունը պարզելու համար: Ինչպես նաեւ կիմանային, որ մենք նաեւ մասնագետներ ունենք, որոնք կարող են աշխատել այդ սարքավորումների օգնությամբ:
- Ուշ չէ՞ արդեն բնակչությանը փոխհատուցելու գործընթացը սկսելու համար:
- Ոչ, ուշ չէ: Ես կարծում եմ' մինչեւ թռչնագրիպի վտանգի իսպառ վերացումը մեզ մոտ պետք է ձեռնարկվի դրա դեմ պայքարի միջոցների ողջ համալիրը: Մենք պետք է զգույշ լինենք ամենաքիչը առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում:
- Ինչպե՞ս եք գնահատում թռչնագրիպի դեմ պայքարի հարցերով պետական հանձնաժողովի գործունեությունը, որը ղեկավարում է Աբաս Աբասովը:
- Ես արդեն ասացի, որ նրանց գործողություններն ինձ դուր չեն եկել այն պատճառով, որ շատ ուշ սկսեցին աշխատել թռչուններից մարդուն թռչնագրիպի փոխանցումը կանխարգելելու ուղղությամբ:
- Կապվա՞ծ է, արդյոք, դա այն բանի հետ (ինչպես պնդում են մի շարք ԶԼՄ-ներ), որ Ադրբեջան թռչնամթերքի ներկրումը գտնվում է Աբաս Աբասովի վերահսկողության տակ:
- Ես այդ մասին ճշգրիտ տեղեկություններ չունեմ: Բայց ԶԼՄ-ի տվյալների համաձայն' մեր մի շարք պաշտոնյաներ վերահսկում են թռչունների ներկրումը, ունեն թռչնաֆաբրիկաներ: Հնարավոր է, որ դրանով է բացատրվում թռչնագրիպի մասին լռությունը եւ դրա հնարավոր տարածման դեմ ժամանակին միջոցների ձեռնարկման ուշացումը:
- Իսկ ի՞նչ է պետք անել:
- Ինչպես գիտեք, Ադրբեջանում կան շատ արգելանոցներ: Հենց այնտեղ են գալիս թռչունները այլ երկրներից, որոնց մեջ կարող են լինել նաեւ վարակված թռչուններ: Մենք կարող ենք քայլեր անել այդ ուղղությամբ, օրինակ' նախօրոք բնակիչներին հայտարարել թռչնագրիպի հնարավոր տարածման մասին, կազմել թռչունների միգրացիայի քարտեզ, բնակչության որոշակի խավերին դրամական փոխհատուցումներ տալ, այսինքն' ինչ-որ կերպ շահագրգռել բնակչությանը թռչնագրիպի դեմ պայքարում: Բայց այս միջոցառումները չեն կատարվել: Մարդիկ, հատկապես սկզբում, լուրջ չէին ընդունում վտանգը, քանի որ թռչնագրիպի մասին ողջ տեղեկատվությունը թաքցվում եր:
- Արդեն ու՞շ է թռչնագրիպի դեմ պայքարելու համար:
- Ոչ, ուշ չէ: Բայց դրա համար պետք է տարվի լիարժեք աշխատանք թռչնագրիպի դեմ պայքարի ձեւերի մասին բնակչությանն իրազեկելու ուղղությամբ: Դա պետք է արվի հեռուստահոլովակների միջոցով, որոնք պետք է ցուցադրվեն բոլոր հեռուստաալիքներով օրը մի քանի անգամ, ցուցապաստառների միջոցով, որոնք պետք է կախվեն բոլոր խանութներում, մետրոյում, ռեստորաններում, սննդի այլ վայրերում, շուկաներում: Առայժմ նման պաստառներ ես Բաքվում դեռ չեմ տեսել: Շատերը նույնիսկ չգիտեն, որ թռչունի կամ ձվի հետ ցանկացած հպումից հետո պետք է լավ լվանալ ձեռքերը: Օրինակ' այսօր ես խանութից ձու գնելիս տեսա, թե ինչպես էր այն ինձ վաճառող կինը հետո ձեռք տալիս այլ մթերքներին: Թեեւ կարելի էր հոգ տանել, որպեսզի նա ձեռնոց ունենար:
- Հարցն ուղիղ տամ. ո՞վ պետք է կազմակերպեր Ձեր նշած միջոցառումները:
- Առաջին հերթին թռչնագրիպի դեմ պայքարի Պետական հանձնաժողովը, Առողջապահության նախարարությունը, Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությունը: Հավանաբար պետք էր նաեւ ներքաշել վերջերս ստեղծված Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ամեն դեպքում, Ադրբեջանում պետք է գտնվեին թռչնագրիպի կանխարգելման միջոցներ:
- Իսկ հարեւան երկրներում ձեռնարկվե՞լ են կանխարգելիչ միջոցներ:
- Անշուշտ, ձեռնարկվել են: Օրինակ' Իրանում այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում էին շատ բարձր մակարդակով, վերջերս նույնիսկ թռչնագրիպի թեմայով կոնֆերանս էին կազմակերպել, որին հրավիրվել էին նաեւ մեր մասնագետները: Որքան ես գիտեմ, այնտեղ թռչնագրիպից մահվան ոչ մի դեպք չի գրանցվել:
- Բացի Ադրբեջանից, Թուրքիային սահմանակից են նաեւ Վրաստանը եւ Հայաստանը: Ինչպե՞ս են այդ երկրներում պայքարում թռչնագրիպի դեմ:
- Համենայնդեպս, այդ երկրները չհայտնվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցակներում որպես երկրներ, որտեղ թռչնագրիպը շատ սուր բնույթ ունի: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում այդ վիրուսից արդեն 5 մարդ է մահացել: Դա մեկ մարդով ավելի է, քան Թուրքիայում, եւ երեքով ավելի, քան Իրաքում, նույնքան է, որքան Կամբոջայում: Բայց եթե մեր երկրում բնակչությունը կազմում է մոտ 8 մլն մարդ, ապա Թուրքիայի բնակչությունը մոտենում է 70 մլն-ին, Իրաքի բնակչությունը 26 մլն-ից ավելի է, Կամբոջայում էլ ապրում է 13 մլն-ից ավելի մարդ: Թռչնագրիպից մարդկային ամենաշատ զոհերի թիվն արձանագրվել է Վիետնամում' 42 մարդ: Բայց այնտեղ ապրում է 83 մլն-ից ավելի մարդ: Այսինքն' մաթեմատիկական պարզ հաշվարկ անելիս կարող ենք համոզվել, որ Ադրբեջանը գրավում է 100.000 բնակչությանն ընկնող մահացածների թվով խայտառակ առաջին տեղը:
- Համապատասխանո՞ւմ է իրականությանն այդ թիվը մեր երկրում:
- Ինձ թվում է, որ դա իրական թիվ է: Քանի որ վիրուսով վարակված մարդկանց արյունը հետազոտվում է Ադրբեջանում, բայց նաեւ' Լոնդոնում, տվյալները համընկնում են:
- Հետագայում կարո՞ղ է մեծանալ թռչնագրիպից մահացողների թիվը:
- Համենայնդեպս, մենք չպետք է հանգստանանք Բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարության այն տեղեկատվությունից, որ սկսվել է Ադրբեջանից թռչունների չուն: Չէ՞ որ հեռացած թռչուններն ունեն տարվա վերջին նորից Ադրբեջան վերադառնալու սովորույթ: Եվ մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ թռչունների հետ մեր երկիր նորից կգա թռչնագրիպը:
- Մի՞թե մեր կառավարությունը ոչ մի դրական քայլ չի արել թռչնագրիպի դեմ պայքարի համար:
- Դրական կարելի է համարել այն, որ այլ երկրներից մեր երկիր եկած թռչուններն արդեն սկսել են հեռանալ: Չնայած' դա դժվար է գրանցել որպես մեր կառավարության ձեռքբերում: Իսկ եթե ավելի լուրջ խոսեմ, ապա, իհարկե, եղել են նաեւ դրական քայլեր: Օրինակ' թող որ ուշացումով, բայց կարանտին հայտարարվեց երկրի մի շարք բնակավայրերում, մեքենաներն ախտահանվում էին, որպեսզի վիրուսը մի շրջանից մյուսը չանցնի: Թող որ ուշացումով եւ քիչ, բայց հայրենական հեռուստաեթերում հայտնվեցին թռչնագրիպի մասին պատմող հոլովակներ: Բացի այդ, արդեն սկսել են ախտահանել ծովափնյա գոտին եւ մաքրել ջրային տարածքը թռչնագրիպից սատկած թռչուններից:
- Կմեծանա՞, թե՞ կնվազի խնդիրն ամռան մոտենալուն զուգընթաց:
- Ամռան, հետեւաբար նաեւ շոգ եղանակի հաստատվելուց հետո տարածման վտանգը մի քիչ կպակասի: Չէ՞ որ վիրուսը կայուն է սառը եղանակին: Թեեւ չի բացառվում, որ ծովափնյա գոտում, այնուամենայնիվ, կմնան սատկած թռչունների դիերը, որոնք կարող են փտել: Իսկ վիրուսը կարող է տարածվել նաեւ ջրի միջոցով, լողանալու ժամանակ, օրինակ' եթե հանկարծ կուլ տանք ծովի ջուրը:
- Իսկ ե՞րբ է ընդհանրապես առաջացել թռչնագրիպը:
- Այս հարցին դժվար է պատասխանել: Ըստ ամենայնի, սա այս վիրուսի առաջին համաճարակը չի աշխարհում: Առաջին անգամ այն հայտնվել է 1918 թվականին «իսպանկա» անունով: Որոշ տվյալների համաձայն՝ հենց «իսպանկան» դարձավ աշխարհում 50 մլն մարդու մահվան պատճառը: Հավանաբար, դա հենց թռչնագրիպն էր:
- Կարո՞ղ է, արդյոք, թռչնամսի օգտագործումը հանգեցնել մահվան:
- Ոչ, եղած տվյալներով' թռչնագրիպի վիրուսը ոչնչանում է ջերմային բավարար մշակման ժամանակ:
- Դուք խոսեցիք ցուցապաստառների բացակայության մասին: Իսկ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրի բնակչության էկոլոգիական գրագիտության ընդհանուր մակարդակը:
- Ես կարծում եմ, որ այն բարձրանում է, բայց դեռ չի հասել անհրաժեշտ կետին: Օրինակ, բացառությամբ Բաքվի կենտրոնի, մայրաքաղաքում կա աղբարկղերի մեծ խնդիր: Արդյունքում մարդիկ պարզապես չգիտեն, թե որտեղ լցնեն աղբը եւ կեղտոտում են ուր ասեք: Սա խոսում է ինչպես մեր հասարակության էկոլոգիական անգրագիտության, այնպես էլ Բաքվում աղբահանության խնդրի մասին: Բաքվի եւ Ապշերոնի թերակղզու համատարած աղտոտվածությունն ամեն օր դրսեւորվող ակնհայտ խնդիրներից է: Բացի այդ, բավական է շրջել Ապշերոնի թերակղզու ափով' տեսնելու համար, թե ինչպես է այնտեղից դուրս բերվում ամեն ինչ՝ խխունջներից սկսած մինչեւ ավազը, որոնք հետո օգտագործվում են հերթական բարձրահարկերի շինարարության մեջ: Եվ սա մարդկանց էկոլոգիական անգրագիտության վկայությունն է, որոնք այդպես անմտորեն հարված են հասցնում մեր երկրի շրջակա միջավայրին: Պաշտոնյաների անգրագիտությունը դրսեւորվում է նաեւ նրանում, որ մեր երկրում ավելի ու ավելի շատ են կառուցվում ծովին ավելի մոտ գտնվող տներ: Թեեւ գոյություն ունի Ադրբեջանի նախագահի հրամանը ծովին 130 մ-ից ավելի մոտ տարածքներում շինարարության արգելման մասին: Այս դեպքում էկոլոգիական անգրագիտության հետ մեկտեղ մենք ունենք իրավական անգրագիտության օրինակ:
- Արեւմուտքում, օրինակ' Գերմանիայում, մեծ հեղինակություն է վայելում «Կանաչների» կուսակցությունը: Մեր երկրում, կարծես, կա եւ՛ «Կանաչների» կուսակցություն, եւ՛ «Կանաչների» շարժում: Ինչո՞ւ նրանք այդքան ճանաչված եւ ընդունված չեն, ինչպես իրենց գործընկերներն Արեւմուտքում:
- Գերմանիայում կա քաղաքական ընդհանուր հավասարակշռություն, որը թույլ է տալիս նաեւ «կանաչներին» զբաղեցնելու որոշակի հասարակական-քաղաքական տեղ: Բացի այդ, ի տարբերություն Ադրբեջանի, Գերմանիայում ավելի կայուն է տնտեսական իրավիճակը, որը թույլ է տալիս մարդկանց մտածելու ոչ միայն հանապազօրյա հացի, այլեւ այսօրվա եւ վաղվա համազգային կարեւոր խնդիրների մասին: Մեր երկրում «կանաչները» համեմատաբար հզոր էին 10-15 տարի առաջ: Բայց վերջին տարիների ընթացքում անձամբ ես շատ քիչ եմ լսում նրանց մասին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանք չեն կարողանա իրենց գաղափարները տարածել լայն զանգվածների մեջ, քանի որ այս պահի դրությամբ Ադրբեջանում կան ավելի սուր սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:
Հարցազրույցը՝ Ռ Վելիեւի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել