HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԵԿՄ-ն չորս տարի շարունակ վարձակալության է տվել համայնքային սեփականություն համարվող գույքը. հարուցվել է քրեական գործ

Երևանի Պարոնյան 20/4 հասցեում գտնվող նախկին մանկապարտեզի տարածքը, որն անհատույց օգտագործման իրավունքով մինչ 2017-ը տրվել էր ԵԿՄ-ին, կազմակերպությունն էլ իր հերթին տարածքից մի մաս վարձակալության է տվել։ Վարձակալության տրված տարածքը ծառայել է որպես մերսման սրահ։ Այս դեպքով այժմ քրեական գործ է հարուցվել։

«Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել» մեր հետաքննությունից հետո «Հետք»-ի խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի՝ պատմելով, որ 2014-ից սկսած՝ ԵԿՄ-ն իրեն վարձակալության է տվել Պարոնյան 20/4 հասցեում գտնվող տարածքից մի հատված՝ ամիսը 250 հազար դրամով, վերջինս, չիմանալով, որ տարածքը համայնքային սեփականություն է, վճարել է այդ գումարները։ «Հետք»-ի հետ զրույցում Լիանա Շահբազյանը պատմեց մանրամասները։
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանավորելուց հետո ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցի ներկայացուցիչները դիմել են Լիանային, որպեսզի վերջինս դադարեցնի իրեն վարձակալությամբ տրված տարածքի գործունեությունը, ինչից հետո Լիանայի մոտ կասկածներ են առաջացել, և նա սկսել է հետաքրքրվել տարածքով։ Երևանի քաղաքապետարան հարցմամբ դիմելուց հետո վերջինս պարզել է, որ տարածքը ոչ միայն համայնքի սեփականությունն է, այլև դեռ 2017-ին ԵԿՄ-ին անհատույց օգտագործման տրված պայմանագրի ժամկետը լրացել է։
Պարզելուց հետո, որ տարիներ շարունակ վարձակալել է համայնքային սեփականություն համարվող տարածք, Լիանա Շահբազյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, այժմ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝ առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
 
Գործի շրջանակներում Լիանա Շահբազյանը ճանաչվել է տուժող։ Լիանան ի սկզբանե գումարը վճարել է ԵԿՄ Կենտրոնի տարածքային կառույցի նախկին ղեկավար Ռուբեն Նազարեթյանին, ապա՝ գործող ղեկավար Սերգեյ Գասպարյանին։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ երկուսն էլ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են, ունեն վկայի կարգավիճակ։
Հարցին, թե ինչպես է ստացվել, որ Լիանա Շահբազյանը տարածքը վարձակալել է առանց սեփականության թղթերի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ թաղամասում բոլորն էլ գիտեին, որ տարածքը ԵԿՄ-ի սեփականությունն է, իսկ «զորավար համարվող Մանվել Գրիգորյանի կառույցից փաստաթղթեր պահանջել չէր կարող»։ Լիանայի խոսքով՝ թաղամասում է գտնվում նաև իր հայրական տունը, և հարևաններից շատերն իրենից են իմացել, որ տարածքը համայնքային սեփականություն է։
«էն ժամանակ բոլորը գիտեին, որ տարածքն իրենցն է, երևի մինչև հիմա էլ հարևաններից շատերը գիտեն, որ տարածքն իրենցն է, եթե քաղաքապետարանի պատասխանը չլիներ չէինք էլ իմանալու, որ իրենցը չէ.. Ու վատն էն է, որ իմ տված գումարից ոչ մի լումա չի փոխանցվել ազատամարտիկներին, ես այդ գումարը պետք է վերադարձնեմ, որովհետև լիքը մարդիկ կան, որոնց կարելի է օօգնել, ես այդ գումարը պետք է նվիրեմ դրա կարիքն ունեցողներին»,- ասում է Լիանան։
Վերջինիս հասցված վնասը քննչական մարմինը հաշվարկել է 11 միլիոն 250 հազար դրամ։
Լիանա Վիրաբյանը նաև ներդրումային ծրագրով դիմել է Երևանի քաղաքապետարանին. տարեվերջին հանդիպել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ և ներկայացրել իր ներդրումային ծրագիրը։
 
Պատրաստ է մոտ 58 միլիոն դրամի ներդրում կատարել, եթե Երևանի քաղաքապետարանը Պարոնյան 20/4 հասցեում գտնվող տարածքն անհատույց օգտագործման իրավունքով իրեն տրամադրի՝ մանկապարտեզ շահագործելու համար։ Ներդրումային ծրագրի վերաբերյալ մեր բանավոր հարցերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից առաջարկեցին հարցերը գրավոր ուղարկել:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter