
Open Stage. նոր թատերական հարթակ երիտասարդ ստեղծագործողների համար
Հայ թատերաբեմը վերջերս ծանոթացավ երիտասարդ ստեղծագործողների ջանքերով ստեղծված Open Stage նախագծին, որի նպատակն է երիտասարդներին հնարավորություն ընձեռել իրենց աշխատանքները ներկայացնել հանրությանը: Ներկայացումները չունեն ո՛չ ժանրային, ո՛չ էլ տարիքային սահմանափակում: Թատրոնի առաձնահատկությունն այն է, որ այստեղ դերասանական կազմի փոխարեն՝ գործում է ռեժիսորական կազմ, որն էլ ներկայացումների համար ընտրում է դերասաններ:
«Մենք փորձում ենք մեր նոր խոսքն ասել թատերական իրականության մեջ: Ուստի ընտրված պիեսներն ավելի քիչ են բեմադրված: Ունենք նաև ժամանակակից ստեղծագործողների գործեր»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գաբրիելյանը:
Open Stage երիտասարդական թատրոնի ներկայացումների նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2018 թվականի ամռանը:
Առաջին ներկայացումը «Թթվածին» մոնոդրաման է՝ բեմադրված Իվան Վիռիպաևի համանուն պիեսի մոտիվներով: Մոնոդրամայի դերակատարը Դավիթ Աբրահամյանն է, ռեժիսորը՝ Նադեժդա Իսրայելյանը: Պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 24-ին: «Թթվածինը» մասնակցել է նաև «Արմմոնո+» փառատոնին և շուտով կներկայացվի Մոսկվայում:
Հաջորդը «Եվգենի Օնեգին» (Ա. Ս. Պուշկինի համանուն չափածո վեպի հիման վրա) պարային ներկայացումն է: Ռեժիսորը՝ Գաբրիել Խուդեդան, ավարտել է պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կուրսը: Այս պարային ներկայացումը եղել է նրա դիպլոմային աշխատանքը, այնուհետև ընդգրկվել է Open Stage-ի խաղացանկում:
Թատերախումբը շուտով պրեմիերաներ է ունենալու, որոնցից մեկը «Շերլոկ Հոլմս» (Ա. Կ. Դոյլի «Կարմրահերների միություն» պատմվածքի հիման վրա) ներկայացումն է, որն առաջին անգամ է բեմադրվելու հայ թատերասեր հանրության համար (ռեժիսոր՝ Յուրա Կիրակոսյան):
Երիտասարդական թատրոնը ներկայացումներ է կազմակերպում նաև մարզերում՝ այնտեղ թատերական մշակույթը զարգացնելու համար: Թատերախումբն արդեն հասցրել է հանդես գալ Գյումրիում, ինչպես նաև Արցախում՝ Բերձորում: Հանդիսատեսը դրականորեն է արձագանքել երիտասարդների նախաձեռնությանը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գաբրիելյանն ասում է, որ իրենց անկեղծությամբ են փորձում հանդիսատեսին գրավել:
Առաջին լուսանկարում՝ դրվագ «Եվգենի Օնեգին» պարային ներկայացումից
Լուսանկարները՝ Open Stage-ի և դերասանների ֆեյսբուքյան էջերից
Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել