HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք է դրված. պաշտպանները դիմել են դատարան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր քննվում էր նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու որոշման դեմ բողոքի քննությունը:

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը գույքի վրա արգելանք դնելու որոշում է կայացրել դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին: Այս որոշման դեմ Գևորգյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատախազություն, սակայն գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանում պաշտպանները բողոքարկում են և՛ քննիչի, և՛ դատախազի որոշումները:

Մեզ հետ զրույցում Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ Գևորգյանին պատկանող շարժական և անշարժ գույքի, բանկային հաշիվների, այդ թվում՝ աշխատավարձի վրա արգելանք է դրվել արդարադատության կայացմանը  խոչընդոտելու մեղադրանքի շրջանակներում:

«Այդ մեղադրանքի շրջանակներում Արմեն Գեւորգյանի գույքի վրա արգելանք կարող էր դրվել ընդամենը դատական ծախսերը ապահովելու հիմքով»,- ասաց Ալեքսանյանը՝ ոչ իրավաչափ գնահատելով ամբողջ գույքի վրա դրված արգելանքը:

Ըստ Ալեքսանյանի՝ քննիչն անորոշ ձևակերպումներ է նշել գույքի վրա արգելանք դնելու որոշման մեջ, ըստ էության, որոշման հիմքում դրվել են այն բոլոր հիմքերը, որոնք օրենքով սահմանված են որպես արգելանք դնելու հիմք:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին գործով քննիչն ու դատախազը չէին ներկայացել: Դատախազի չներկայանալու պատճառը հայտնի չէր, իսկ քննիչ Հրաչ Մուշեղյանը դատարանի աշխատակազմին հայտնել էր, որ ինքը նիստի օրվա և ժամի վերաբերյալ ծանուցագիր չի ստացել:

Նման պայմաններում նիստն այսօր հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը «Մարտի 1-ի գործի» շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, խոշոր չափերով փողերի լվացման և խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Առաջին ատյանի դատարանը մերժել է նրան կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր բողոքն ու առաջին ատյանի դատարանի որոշումը թողել օրինական ուժի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter