
Վարչապետի փոխանցմամբ՝ Եվրամիության հետ «մեգա» նախագծեր են քննարկվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտնեց, որ Բրյուսել կատարած այցի շրջանակներում Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր փուլ է սկսվելու. «Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների օրակարգում և, ընդհանրապես, Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնել: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ Եվրամիության կողմից և մեր կողմից չկա, այսպես ասած, աշխարհքաղաքական որևէ օրակարգ ինչը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի փոխանցմամբ՝ Եվրամիության հետ կառավարությունը «մեգա» նախագծեր է քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտի ենթակառուցվածքներին:
Փաշինյանը ընդգծեց՝ իրենց նպատակն է, որ Հայաստանում ավտոճանապարհները բերվեն եվրոպական ստանդարտներին, ինչպես նաև՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու վերաբերյալ կարևոր որոշումներ պետք է կայացվեն: Սակայն այս որոշումների մասին վարչապետը չմանրամասնեց:
Եվրամիության հետ քննարկած հաջորդ ծրագրերը վերաբերել են ջրամբարաշինությանը և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրմանը. «Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը կամ ջրերի մաքրման համակարգ ստեղծելը»:
Եվրամիության հետ քննարկած հաջորդ ծրագիրը վերաբերել է դպրոցաշինությանը, հատկապես՝ սեյսմիկ պաշտպանության առումով: Փաշինյանը նշեց՝ կառավարությունը թեև այս ծրագիրն իրականացնում է, սակայն դրա շրջանակները ընդլայնելու կարիք կա, որպեսզի այդ դպրոցները սեյսմիկ և կրթական բոլոր ժամանակակից պահանջներին համապատասխանեն:
Փաշինյանը Եվրամիության գործընկերների հետ քննարկմանը նաև հայտնել է, որ մեծ աշխատանք կա կատարելու արդարադատության ոլորտում, որպես օրինակ՝ նշել բանտային պայմանները, որոնք նրա գնահատմամբ՝ չեն կարող հարիր համարվել նոր Հայաստանի չափանիշներին:
«Իհարկե, մենք այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր. Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այս ծրագրերի ֆինանսավորումը իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այստեղ իհարկե առաջնային խնդիր է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացումների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավվումը: Կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավվման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները»:
Վարչապետն ընդգծեց՝ իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում բոլոր վարկային համաձայնագրերին դեմ է քվեարկել՝ կառավարությանը համարելով կոռումպացված՝ չվստահելով վարկային միջոցի ծախսելուն: Ն. Փաշինյանն ասաց՝ իրենց կատարած ուսումնասիրությունն այս դիրքորոշումը հիմնավորում է:
Նա կառավարության անդամներին հայտնեց, որ պետք է որոշեն՝ արդյոք կարող են ստեղծել երաշխիքներ, որ վարկային և պետական միջոցները ծախսվեն նպատակային: Իսկ եթե ստեղծվեն այդ երաշխիքները, պետք է քննարկվի նաև այն հարցը, թե որն է լինելու այն սահմագիծը, որին կարող է հասնել պետական պարտքը, որպեսզի այն չդառնա անկառավարելի, և նոր խնդիրներ չառաջանան:
Վարչապետը Կենտրոնական բանկի հետ պայմանավորվածություն ունի, որ մեկ ամսվա ընթացքում պետք է քննարկում ունենան՝ այս հարցի շուրջ եզրակացության գալու համար:
Մեկնաբանել