HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կգործի 12 նախարարություն, կհանվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, կկրճատվեն կրկնվող ստորաբաժանումները

Կառավարության այսօրվա նիստին ընդունվեց գործադիրի կառուցվածքի որոշման նախագիծը:

Ըստ դրա՝ կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

Կառավարության  կառուցվածքում ընդգրկվելու են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

«Այո՛, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ: Յուրաքանչյուր պետական ծառայող, նախարարության յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Այս գնահատման գործընթացը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կհանվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, և փոխվարչապետների  համակարգման դերակատարությունը որոշ դեպքերում նվազում է:

Սփյուռքի նախարարությունն էլ կմիավորվի վարչապետի աշխատակազմին, և կլինի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար:

«Հարկ է նշել, որ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման և դրա արդյունքում նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական և հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին և նրանց տեղակալներին»,- ասվում է որոշման մեջ:

Այդ իսկ պատճառով գործադիրն ակնկալելու է, որ նախարարությունների վերակազմակերպման արդյունքում անմիջապես կրճատման ենթակա կլինեն այդ հաստիքները, որոնց թիվը մի քանի տասնյակ է:

Կառավարությունը խոստացել է, որ նախարարությունների վերակազմակերպման գործընթացի սկզբնական արդյունքում թվաքանակի այլ փոփոխություն չի նախատեսվում, և միաձուլվող նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով տեղափոխվելու են նոր ստեղծվող նախարարության կազմ, բացառությամբ վերը նշված պաշտոնների, կրկնվող ստորաբաժանումների ղեկավար հաստիքների, որոնց պարագայում ակնկալվում է նախատեսել այլ՝ ավելի ցածր մակարդակի հաստիք, քանի որ գործադիրը երկու կամ երեք ստորաբաժանման ղեկավար չի ցանկանում նախատեսել:

Նախարարությունների միաձուլման արդյունքում կօպտիմալացվեն կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների գործառույթները և կկրճատվի այդ ստորաբաժանումների հաստիքների գումարային թվաքանակը: Սակայն կառավարությունը նախատեսում է այն իրականացնել ոչ թե մեխանիկական ճանապարհով՝ միաձուլման ժամանակ հաստիքների թվաքանակի զուտ կրճատման միջոցով, այլ ապահովելով բոլորի համար հավասար հնարավորություններ: Ըստ գործադիրի՝ սրա արդյունքում միավորված ստորաբաժանման բոլոր աշխատակիցները կունենան հավասար մրցակցային պայմաններ՝ աշխատանքի արդյունավետության առավել բարձր ցուցանիշներ դրսևորելու, առավել որակյալ աշխատանքային արդյունք ապահովելու:

Այս գործընթացը տեղի կունենա նախարարությունների միաձուլումից հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, որի արդյունքում կրկնվող (աջակցող) ստորաբաժանումների մի քանի հարյուր աշխատակիցներ կկրճատվեն:

Կառավարության կազմի փոփոխության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter