HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Մարտի 1-ի» դեպքերի գործով

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է  «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Որպես փոխհատուցում դիմումատուին պետք է վճարի 20600 եվրոյին համարժեք դրամ: ՄԻԵԴ-ի այս որոշումը ևս վերաբերում է «Մարտի 1-ի» դեպքերին: Փոխհատուցման որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին:

Գործի փաստական հանգամանքները

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց հաջորդել են ցույցեր և բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Դիմումատուն ցույցերի ակտիվ մասնակիցներից է եղել:

2008 թվականի մարտի 1-ին դեպքի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Նույն օրը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում ներգրավված ոստիկանության մի շարք ծառայողների, այդ թվում՝ Ա. Արշ.-ին և Ա. Առ.-ին քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ:

Ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ն անցել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Նա և Ա. Առ.-ն տվել են ցուցմունքներ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ։

2008 թ. մարտի 1-ի առավոտյան մոտ 6:30-ին դիմումատուն ոստիկանության երեք ծառայող Է. Ռ.-ի, Հ. Ս.-ի և Ա. Ա.-ի կողմից «բերման է ենթարկվել» Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին։

Կազմվել է «Արձանագրություն բերման ենթարկելու մասին» վերնագրով ձեռագիր արձանագրություն, որտեղ նշվել է, որ դիմումատուն հրաժարվել է ստորագրել այն։

Ոստիկանության ծառայողներ Է. Ռ.-ն, Հ. Ս.-ն և Ա. Ա.-ն Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին ներկայացրել են մի քանի զեկույցներ, որոնք բոլորն ունեին գրեթե նույն բովանդակությունը։

Դրանցում նշվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին՝ նախազգուշացումը ստանալուց հետո իրենք եղել են Ազատության hրապարակում տեղի ունեցող չարտոնված ցույցի տարածքում, որտեղ ցուցարարներին կարգադրվել էր դադարեցնել չարտոնված ցույցը և ազատել հրապարակը: Այնուամենայնիվ, ցուցարարները չեն ենթարկվել օրինական կարգադրություններին և ցուցաբերել են դիմադրություն: Այդ քաղաքացիներից ամենաակտիվները հրապարակի հարակից փողոցներից բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։

Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի և Երևանի ոստիկանապետի միջև կնքված հուշագրում նշվել է, որ ոստիկանության բաժնում խուզարկության ժամանակ Մուշեղ Սաղաթելյանի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, որն ավելի ուշ զննվել է փորձագետի կողմից և դասակարգվել որպես «սառը զենք»։

Սակայն դիմումատուն պնդել է, որ նա երբեք չի կրել դանակ, այդ պատճառով իր մոտ երբևէ չի հայտնաբերվել նման առարկա:

2008թ. մարտի 1-ին՝ 7:20-7:40-ն ընկած ժամանակահատվածում, քննիչը դիմումատուին հարցաքննել է որպես վկա, սակայն դիմումատուն չի ցանկացել ցուցմունք տալ՝ պնդելով, որ որևէ հանցանք չի կատարել:

Դիմումատուին մինչև երեկոյան ժամը 22:00-ը պահել են Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի խցում։ Երբ քննիչը եկել է նրան նորից հարցաքննելու, դիմումատուն պնդել է, որ ինքը չի կարողացել ցուցմունք տալ՝ ավելի վաղ իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի պատճառով:

Մոտ ժամը 10:30-ին քննիչը կազմել է ձերբակալման արձանագրություն՝ նշելով, որ Մուշեղ Սաղաթելյանը կասկածվում է հանցանք կատարելու մեջ:

2008 թվականի մարտի 2-ի վաղ առավոտյան դիմումատուն տեղափոխվել է ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայր, որտեղ բժշկական զննությունից հետո նրա մոտ հայտնաբերվել են մի շարք վնասվածքներ:

Նույն օրը՝ ժամը 15:10-ին, քննիչը հարցաքննել է դիմումատուին, նույն օրը քննիչը որոշել է դիմումատուի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

Երեկոյան քննիչը հերթականությամբ հարցաքննել է ոստիկանության ծառայողներ Է. Ռ.-ին, Հ. Ս.-ին և Ա. Ա.-ին՝ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:

Չպարզված օրը հարցաքննվել է ևս երկու ոստիկանության ծառայող, որանք նշել են, որ դիմումատուի մոտ հայտնաբերվել է դանակ, երբ նա բերման է ենթարկվել:

2008 թվականի մարտի 3-ին Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել: Արդեն հաջորդ օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը որոշել է դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորել:

Մարտի 5-ին դիմումատուին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ընդունման պահին կազմվել է «ֆիզիկական վնասվածքների մասին արձանագրություն», որը ստորագրվել է դիմումատուի կողմից։ Դիմումատուն պնդել է, որ այդ բժշկական զննությունը պատշաճ կերպով չի իրականացվել, և որ ոչ բոլոր վնասվածքներն են արձանագրվել:

Մարտի 10-ին քրեակատարողական հիմնարկում դատաբժշկական փորձագետը զննել է Մուշեղ Սաղաթելյանին: Դիմումատուն փորձագետի մոտ վերահաստատել է իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքները։ Դիմումատուն պնդել է, որ փորձագետն անկողմնակալ և անկախ չի եղել, ամբողջությամբ չի արձանագրել բոլոր վնասվածքները:

Մարտի 10-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել իր կալանքի մասին որոշման դեմ, դատարանը մերժել է այն՝ գտնելով, որ դիմումատուի կալանքը հիմնված է եղել հիմնավոր կասկածի վրա, և կալանավորման հիմքերը, որոնց վրա հիմնվել է Վարչական շրջանի դատարանը, եղել են բավարար։

Մարտի 28-ին դիմումատուի և ոստիկանության ծառայողներ Է. Ռ.-ի, Հ. Ս.-ի և Ա. Պ.-ի միջև տեղի է ունեցել առերեսում, որոնք վերահաստատել են իրենց նախկին ցուցմունքները:

Դիմումատուն հրաժարվել է առերեսվել ոստիկանության ծառայող Ա. Ա.-ի հետ՝ հայտարարելով, որ նրանք չեն եղել այն ոստիկանության ծառայողները, որոնք ձերբակալել են իրեն: Ապրիլի 25-ին և հունիսի 26-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը երկարացրել է դիմումատուի կալանքի ժամկետը՝ յուրաքանչյուր անգամ երկու ամսով։ Դիմումատուի՝ գրավի դիմաց ազատվելու պահանջը մերժվել է:

Հունիսի 28-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է այն:

Նույն օրը ոստիկանության մոտ քսանհինգ ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ Ա. Արշ.-ը և Ա. Առ.-ն, ում վրա ենթադրաբար բռնություն էին գործադրել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ, դիմումատուին ճանաչելու համար հրավիրվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Դիմումատուն հրաժարվել է մասնակցել ճանաչման ներկայացնելու գործողությանը՝ նշելով, որ այդ քննչական գործողությունը չուներ որևէ ապացուցողական նշանակություն: Արդյունքում անձի ճանաչումը տեղի չի ունեցել, և փոխարենը կատարվել է դիմումատուի՝ լուսանկարով ճանաչում:

Ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ն իրեն ցուցադրված լուսանկարներով ճանաչել է դիմումատուին՝ որպես 2008 թվականի մարտի 1-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Ազատության հրապարակում իր նկատմամբ բռնություն գործադրած անձ:

Ոստիկանության ծառայող Ա. Առ.-ը նույն կարգով ճանաչել է դիմումատուին, հայտնելով, որ մարտի 1-ին՝ առավոտյան ժամը 7-ին, Ազատության հրապարակում բռնություն է գործադրել ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ի նկատմամբ, իսկ ավելի ուշ Արշակունյաց փողոցում բռնություն է գործադրել իր նկատմամբ:

2008 թվականի օգոստոսի 5-ին քննիչը որոշում է կայացրել նախկինում առաջադրված որոշ մեղադրանքներ վերացնել և մեղադրանքը լրացնել այլ հոդվածներով:

Նույն օրը քննիչը դիմումատուին հրավիրել է հարցաքննության և ոստիկանության ծառայող Ա. Արշ.-ի հետ առերեսման: Դիմումատուն հրաժարվել է ցուցմունք տալուց կամ առերեսմանը մասնակցելուց՝ նշելով, որ ինքը չի վստահում քննիչին և նշված քննչական գործողություններին:

2008 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուի գործը որպես առանձին գործ քննելու որոշում է կայացվել: Օգոստոսի 13-ին Գլխավոր դատախազը հաստատել է Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքները և հաստատել մեղադրական եզրակացությունը՝ ուղարկելով այն Երևանի քրեական դատարան։

Դատական վարույթի ընթացքում Քրեական դատարանը հրավիրել և լսել է ոստիկանության ծառայողներին:

Դիմումատուն չի ընդունել իր մեղքը և, նշել է, որ նույնիսկ եթե մասնակցել է 2008 թվականի փետրվարի 20-ից տեղի ունեցող ցույցերին, անօրինական ոչինչ չի արել:

Իր վկայակոչած հանգամանքները պարզաբանելու համար դիմումատուն պահանջ է ներկայացրել դատարան՝ մի շարք անձանց դատարան կանչելու և որպես վկա քննելու կապակցությամբ, դատարանը մերժել է դիմումատուի պահանջը։

2008 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի քրեական դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել:

Նոյեմբերի 10-ին Սաղաթելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը մտացածին է և ունի քաղաքական շարժառիթներ, որ իրեն վատ են վերաբերվել և՛ ձերբակալության ժամանակ, և՛ ոստիկանության բաժնում, և որ վատ վերաբերմունքի մասին իր հայտարարությունների առնչությամբ քննություն չի իրականացվել։

Դեկտեմբերի 10-ին Վերաքննիչ քրեական դատարանն արագացված կարգով քննել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և նույն օրը մերժել այն՝ հիմնվելով միևնույն ապացույցների վրա, ինչ Երևանի քրեական դատարանը։ Դատարանը չի քննել դիմումատուի բողոքն այն մասին, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերել:

Ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ նախորդ քրեական գործի շրջանակներում, մինչ այս գործի առանձնացումը, դեռևս անհրաժեշտ էր իրականացնել այդ հանգամանքների համակողմանի քննություն, որոնց պայմաններում 2008 թվականի մարտի 1-2-ի զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ դիմումատուն, ստացել են վնասվածքներ:

2009 թվականի հունվարի 27-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ առաջ քաշելով նույն փաստարկները, սակայն դատարանը անընդունելի է ճանաչել դիմումատուի վճռաբեկ բողոքը: 2010 թվականի նոյեմբերի վերջին դիմումատուն իր պատժի կեսից ավելին կրելուց հետո ազատ է արձակվել:

Այս գործով Եվրոպական դատարանն արձանագրել է նյութաիրավական և դատավարական բաղադրիչների խախտում:

Նյութաիրավական բաղադրիչ

Եվրոպական դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ, ինչպես նաև չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն դիմումատուի՝ արձանագրված վնասվածքների վերաբերյալ: Կառավարության պնդումները հիմնված չեն եղել դիմումատուի վնասվածքների պատճառների որևէ պաշտոնական քննության վրա: ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ այն հնարավորություն կտար անկախ և անկողմնակալ քննության միջոցով հաստատել, որ դիմումատուն վնասվածքները ստացել է Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ կամ այլ հանգամանքներում ոստիկանության կողմից օրինական և համաչափ ուժ գործադրելու արդյունքում:

Հաշվի առնելով այն փաստը, որ այդ պարզաբանումը բացակայել է և՛ ներպետական քննության փուլում, և՛ Եվրոպական դատարանում, Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ ոստիկանությունը դիմումատուի նկատմամբ ցուցաբերել է վատ վերաբերմունք:

Դատավարական բաղադրիչ

Եվրոպական դատարանը փաստել է, որ դիմումատուն ներպետական իշխանություններին պարբերաբար ներկայացրել է վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին հայտարարություններ. առաջին նման հայտարարությունն արվել է նրա ձերբակալման երկրորդ օրը:

Ձեռնարկված միակ քննչական միջոցառումը, որը կարելի է համարել վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարություններին առնչվող, եղել է 2008 թվականի մարտի 10-ին կատարված դատաբժշկական փորձաքննությունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այն կարգադրվել էր կատարել 2008 թվականի մարտի 2-ին, նույնիսկ այդ միջոցառումը չի իրականացվել բավարար հրատապությամբ և կարող էր հանգեցնել ապացույցի կորստի կամ ոչ ճշգրիտ եզրակացության: Բոլոր դեպքերում, ըստ երևույթին, վարույթի ոչ մի փուլում չի իրականացվել այդ զննման եզրակացությունների գնահատում:

Հետագայում պարզ է դարձել, որ դատարանները ևս չեն քննել վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարությունները և չեն գնահատել դրանք:

Եվրոպական դատարանը նշել է, որ ո՛չ քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ո՛չ դատարանները չեն տրամադրել որևիցե պարզաբանում այն մասին, թե ինչու են նրանք համարել ոստիկանների կողմից տրված ցուցմունքներն արժանահավատ, իսկ դիմումատուի ցուցմունքները` ոչ վստահելի:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ Կառավարության կողմից նշված քննության միակ նպատակը, եղել է դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և այդ հետապնդումը հիմնավորող ապացույցներ հավաքելը, իսկ վատ վերաբերմունքի մասին դիմումատուի հայտարարությունների մասով պաշտոնական քննություն չի իրականացվել:

Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուն տարվել է ոստիկանություն ուժի գործադրմամբ, և ոչինչ չի վկայում այն մասին, որ նա ցանկացած պահի կարող էր հեռանալ։ Ավելին, ըստ երևույթին, այդ ամբողջ կամ հիմնական ժամանակահատվածում նա փակված է եղել խցում։ Հետևաբար դիմումատուն 2008 թվականի մարտի 1-ին՝ 6։30-22։30-ի միջև ընկած ժամանակահատվածում, ազատությունից զրկված է եղել։

Եվրոպական դատարանը նշել է, որ «բերման ենթարկված անձ» հասկացությունն առաջին անգամ մշակվել է Վճռաբեկ դատարանի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման մեջ։

Եվրոպական դատարանը համարել է, որ օրենքում կամ դիմումատուի գործի հատուկ հանգամանքներում չկա ոչինչ, որը կհիմնավորեր Կառավարության՝ դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական ժամերի մասով բացատրությունը։

Եվրոպական դատարանը նշել է, որ նման իրավիճակը դիմումատուին՝ նրա անձնական ազատության և անվտանգության մասով, անորոշություն է մատնել, ինչպես նաև զրկել է ՔԴՕ-ով՝ ձերբակալված կասկածյալի համար սահմանված բոլոր իրավունքներից, այդ թվում՝ փաստաբան ունենալու և իր ընտանիքին անմիջապես տեղեկացնելու իրավունքից։

Ավելին, դիմումատուի ձերբակալման արձանագրությունը կազմելիս 22։30-ը նշվել է որպես նրան ձերբակալելու պահ՝ ի տարբերություն այն ժամի, երբ դիմումատուն փաստացի զրկվել է ազատությունից՝ այդպիսով, ըստ էության, դիմումատուին ազատությունից զրկելու սկզբնական 16 ժամը թողնելով պաշտոնապես չհաստատված։

Եվրոպական դատարանը փաստել է, որ դիմումատուն արգելանքի է վերցվել 2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես 6։30-ին, մինչդեռ նրա կալանավորման հարցով դատական նիստը տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին՝ 19։00-ին։ Նախքան դատավորի մոտ բերվելը դիմումատուն ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում մնացել է նվազագույնը 84 ժամ, դա մոտավորապես տասներկու ժամ ավելի է ներպետական օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն ժամանակահատվածից։ Առանց դատարանի որոշման այդպիսի երկարատև ձերբակալությունը, որը գերազանցում էր սահմանված 72 ժամը, անհամատեղելի էր ներպետական օրենսդրության հետ:

Հետևաբար տեղի է ունեցել խախտում՝ դիմումատուի ձերբակալման օրինականության մասով:

Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական դատարանները դիմումատուին կալանավորելիս հիմնավոր և բավարար պատճառներ չեն ներկայացրել:

Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած հիմնական փաստերի վերաբերյալ վեճի շրջանակներում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու ոստիկանության այն ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին և ակտիվ դեր էին ունեցել վիճարկվող իրադարձություններում։

«Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին»,- եզրակացրել է ՄԻԵԴ-ը:

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դիմումատուի դեմ քրեական վարույթը իրականացվել է արդար դատաքննության իրավունքի խախտմամբ։

ՄԻԵԴ-ը նշել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել։

Փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, նրա կալանավորման և դատապարտման մասով։

Եվրոպական դատարանը նշել է, որ քրեական գործը հարուցելու մասին որոշումից և մի քանի այլ փաստաթղթերից պարզ է դառնում, որ գործողությունների միակ նպատակն է եղել ցրել Ազատության հրապարակում անցկացվող հավաքը, և որ այդ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներն այդ նպատակով են կատարվել։ Իրադարձությունների վերաբերյալ այս տարբերակը սկզբում մասամբ, իսկ հետագայում ամբողջովին քննությամբ հերքվել է, և զենքերի ստուգումը ներկայացվել է որպես ոստիկանական գործողությունների միակ նպատակ։

Եվրոպական դատարանը, հաշվի առնելով մի շարք հավաստի զեկույցների առկայությունը, նշել է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհիմն և չափից ավելի ուժ է գործադրել։

Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի գործադրմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելը անհամաչափ միջոց է եղել, որն իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները:

Եվրոպական դատարանը նշել է, որ պարզ չէ, թե ինչ հիմքերով են ձերբակալումն իրականացնող ծառայողները, որոնք Ազատության հրապարակից բավականին մեծ հեռավորության վրա գտնվող վայրից բերման են ենթարկել դիմումատուին, ենթադրել, որ նա մասնակցել է, ավելին, կազմակերպել է ընդդիմության ցույցերը։ Դրանից հետևում է, որ ծառայողները կա՛մ դիմումատուին ճանաչել են որպես ակտիվ ցուցարար, կա՛մ առնվազն նրան հետևել են Ազատության հրապարակից։

Մեղադրանքների հիմքում ընկած փաստերը, հիմնավորված չեն եղել որևէ ապացույցով, կազմված են եղել շատ ընդհանուր և վերացական եզրույթների կիրառմամբ՝ առանց դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված արարքների վերաբերյալ հատուկ մանրամասների, և ըստ երևույթին, միայն մեջբերվել են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները։

«Հետևաբար դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել, և նա կալանավորվել է պարզապես Ազատության հրապարակի հավաքին ակտիվորեն մասնակցելու և այն կազմակերպելու, ոչ թե դրա ընթացքում կատարած դատապարտելի արարքի համար»,- նշել է ՄԻԵԴ-ը:

Եվրոպական դատարանը համարել է, որ խաղաղ հավաքը ցրելը և այնուհետև դադարեցնելը, ինչպես նաև դրա ակտիվիստներին կամ այլ խաղաղ մասնակիցներին կալանավորելն առանց որևէ ապացույցի առ այն, որ նրանք անձամբ գործել են որևէ դատապարտելի արարք, ինչպես դիմումատուի դեպքում է եղել, չեն կարող համարվել «ժողովրդավարական հասարակության մեջ անհրաժեշտ» միջոց։

Եվրոպական դատարանը նշել է, որ որոշ կարևոր հակասությունների այդպես էլ անդրադարձ չի կատարվել, և դրանք մնացել են չբացատրված։ Ներպետական դատարանները չեն իրականացրել դիմումատուին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստերի մանրամասն և օբյեկտիվ քննություն, չեն կատարել մանրակրկիտ ուսումնասիրություն, որը, գործի հատուկ հանգամանքներում:

Այսպիսի հանգամանքներում չի կարելի ասել, որ ներպետական դատարանների կողմից ներկայացված՝ միջամտությունը հիմնավորող պատճառներն իսկապես «հիմնավոր և բավարար» են եղել:

Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հավաքի ցրումը և դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չէին կարող նրա՝ քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխող հետևանք ունենալ. «Անշուշտ, այդ միջոցներով նույնպես հնարավոր է եղել խոչընդոտել այլ ընդդիմադիր կողմնակիցներին և լայն հասարակությանը՝ մասնակցել ցույցերին և ընդհանրապես, մասնակցել բաց քաղաքական բանավեճերին»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ը:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter