HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի իրականացման ընթացքի մասին

Նախաբան

Ցանկացած կառավարության գործունեության արդյունավետություն չափվում է իր ծրագրի իրականացման արդյունքներով: Այսինքն՝ ինչքանով է հաջողվել տվյալ կառավարությանը իրականություն դարձնել իր ծրագրով սահմանված միջոցառումները, որոնք բխում են իշխանության եկած քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթներից:

Հայաստանի Հանրապետության սահմանադրության Հոդված 151-ի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը»:

Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 581–Ա որոշմամբ հաստատեց ՀՀ կառավարության ծրագիրը:

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշմամբ սահմանվել է Կառավարության աշխատակարգը: Այս աշխատակարգի 4-րդ կետը սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում հաստատում է կառավարության գործունեության, որպես կանոն, հնգամյա միջոցառումների ծրագիրը»:

Ուստի սրա հիման վրա, հետհեղափոխական կառավարությունը 2018 սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ հաստատում է ՀՀ կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը (այսուհետ` Ընթացիկ միջոցառումների ծրագիր):

Հետևաբար, 2018 թվականի համար, մինչև սեպտեմբերի 6-ը ուժի մեջ էր նախորդ միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել էր նախորդ կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի թիվ 275–Ն որոշմամբ (այսուհետ` նախորդ միջոցառումների ծրագիր):

Այս միջոցառումների ծրագրերի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություններ ներկայացնելու պահանջներ են սահմանվում ՀՀ կառավարության վերոնշյալ՝ 2018 թվականի հունիսի 8-ի թիվ 667-Լ որոշման 7-րդ կետով. «Նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը վարչապետի աշխատակազմ են ներկայացնում կառավարության գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ նախորդ տարվա միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն»:

Իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի Հոդված 127-ի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց»:

Այսպիսով, յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը նախարարները, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում նախորդ տարվա միջոցառումների կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն: Իսկ դրանից հետո Կառավարությունը մինչև մարտի 1-ը Ազգային Ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց):

Փետրվարի 15-ին վերոնշյալ հաշվետվությունները համացանցում տեղադրված չէին, ուստի փետրվարի 20-ին գրությամբ դիմեցինք ՀՀ վարչապետին` այս հաշվետվությունները տրամադրելու խնդրանքով, որին ի պատասխան՝ ստացանք հետևյալ գրությունը. «Ի պատասխան Ձեր 20.02.2019 թ. գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3-րդ կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Իսկ այնուհետ մարտի 1-ին Կառավարությունից ստացանք նշված հաշվետվությունները:

Կառավարության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի շուրջ ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվությունների ուսումնասիրություն

 

ՀՀ ֆինանսների նախարարության միջոցառումները

Այս հոդվածով անդրադառնալու ենք Ֆինանսների նախարարության համար Կառավարության վերոնշյալ միջոցառումների ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին: Սրա համար միջոցառումների ծրագրերը համադրել ենք ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իր միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվության հետ: Դիտարկել ենք նաև երկու օր առաջ ԱԺ-ին ներկայացված Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ զեկույցը:

2018 թ.-ի սեպտեմբերի 6-ի թիվ 1030-Լ որոշմամբ հաստատված Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում ՀՀ ֆինանսների նախարարության համար սահմանվել է 8 միջոցառում` թիվ 266-ից 273 համարների ներքո (տես կից աղյուսակ #1-ը):

Այս միջոցառումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում զարգացումների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվության մեջ տեղեկատվություն ներկայացված չէ (բացառությամբ մեկ միջոցառման): Այս 8 միջոցառումներից հաշվետվության մեջ ներառված է միայն թիվ 272 միջոցառումը, որի վերաբերյալ հաշվետվության մեջ գրված է հետևյալը. «ՀՀ կառավարության ծրագրային դրույթից բխող՝ գործարար միջավայրի բարելավման և ներդրումները խթանելու նպատակով հարկային բեռը ուղղակի հարկերից անուղղակի հարկերի դաշտ տեղափոխելու համար մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (հարակից թվով 3 այլ օրենքների նախագծերի հետ), որով առաջարկվում է հարկային համակարգում կատարել համակարգային փոփոխություններ»:

Ինչպես նշեցինք, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարչապետին ուղղված հաշվետվության մեջ ներառված են նախարարության ընթացիկ գործունեության վերաբերյալ շատ հակիրճ տեղեկություններ (շուրջ երեք էջ), սակայն Կառավարության միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, բացառությամբ մեկ կետի, տեղեկատվություն ներկայացված չէ: Ուստի պարզ չէ, թե ինչ ընթացքի մեջ է ՀՀ ֆինանսների նախարարության մասով կառավարության ծրագրի իրականացումը:

Փորձեցինք նաև համացանցում որոնել այն միջոցառումների արդյունքները, որոնք նախատեսվում էր ավարտել 2018 դեկտեմբեր ամսին, և դրանցով նախատեսվում էր այնպիսի գործողության իրականացում, որ դրանց հանրային լինելը պարտադիր բնույթ է կրում, օրինակ օրենքի նախագծի մշակում: Դրանցից է թիվ 270 միջոցառումը, որով նախատեսվում էր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ մշակել օրենքի նախագծի փաթեթ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Սրանով նախատեսվում էր նաև իրականացնել շահագրգիռ մարմինների հետ քննարկումներ, սակայն համացանցում նման քննարկումների մասին տեղեկատվություն չգտանք:

Թիվ 271 միջոցառմամբ նախատեսված էր մինչև 2018 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակն ունենալ պետական ծախսերը կազմելու ավտոմատացված համակարգ, որը ըստ միջոցառման «նաև հնարավորություն կընձեռի այն ինտեգրելու պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ` տեղեկատվության փոխանակման նպատակով»: Սրա մասին տեղեկատվություն համացանցում նույնպես առկա չէ (սա ԿՖԿՏՀ-ի մասին չէ, քանի որ դա ներկայացված է թիվ 266 միջոցառման ներքո):

Միաժամանակ, փորձեցինք հասկանալ, արդյոք Կառավարության միջոցառումների ծրագրում Ֆինանսների նախարարության վերոնշյալ միջոցառման` ավտոմատացված համակարգի համար, գումարներ հատկացվել են, թե `ոչ: Պետական բյուջեների համապատասխան ծրագրերը և միջոցառումները ուսումնասիրելուց պարզ չէ՝ այս ծրագիրը տեղ գտել է դրանցում, թե` ոչ: Պարզ չէ, քանի որ առանձին տողով այս ծրագիրը արտացոլված չէ, ուստի կա´մ չի ներառվել, կա´մ էլ ներկայացված է այլ ծրագրի ներքո:

Այսպիսով, Կառավարության ծրագրի Ֆինանսների նախարարության 2018 թվականի միջոցառումների ուսումնասիրությունից պարզ չեն դառնում, թե ինչ ընթացքի մեջ է դրա իրականացումը, և ինչ արդյունքներ են գրանցվել հաշվետու ժամանակահատվածում: Մի քանի օր առաջ Ազգային ժողովին Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ ներկայացված զեկույցը նույնպես այս հարցերի պատասխանները չի տալիս:

Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչպե՞ս հանրությունը պետք է տեղեկացված լինի Կառավարության ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, երբ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններով հանրությանը պատշաճ տեղեկատվություն չի ներկայացվում: Ակնառու է դառնում նաև, որ ֆինանսական պլանավորման մեջ առկա սուր բացերը դեռ վերացված չեն և ծրագրերից իրականացում, իսկ այնուհետ՝ մշտադիտարկում և հաշվետվողականություն գործընթացները թերի են: Ուստի, ծրագրային բյուջետավորման գործընթացը բարելավման և պարզեցման կարիք ունի (նաև չափելի արդյունքների և դրանց մշտադիտարկման մասով), որով կապահովվի արժեք փողի դիմաց սկզբունքը, ինչպես նաև հնարավարություն կընձեռվի հանրային արդյունավետ վերահսկողություն իրականացնել հարկատուների գումարների օգտագործման ուղղությունների և արդյունավետության վերաբերյալ:

Շարունակելու ենք Կառավարության ծրագրի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ ուսումնասիրությունները և հաջորդիվ կներկայացնենք Կառավարության մեկ այլ մարմնի՝ համապատասխան միջոցառումների իրականացման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:

Աղյուսակի որոշ սյուներ (կատարողների և նախատեսվող ֆինանսական աղբյուրի մասով) ներկայացված են կրճատումներով

Հովհաննես Ավետիսյանը հանրային ֆինանսների կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter