HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վճարում ես տեխզննման համար՝ ստանում ես թղթի կտոր. տեխզննման նոր կարգ է մշակվում

Ոչ ընդհանուր եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխզննության կարգի համաձայն՝ երթեւեկության անվտանգության նպատակով տարին մեկ կամ երկու անգամ պետք է իրականացնել տեխնիկական զննություն: Մեկ անգամ՝ ոչ ընդհանուր տրանսպորտային միջոցների դեպքում, երկու անգամ՝ ընդհանուր:

Սակայն վարորդները վճարում են կոնկրետ ծառայության համար՝ դրա դիմաց ստանալով ընդամենը մեկ կտրոն։

Կառավարության 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ սահմանված է, թե ինչ սարքավորումներով պետք է զինված լինի տեխզննման կետը, եւ թե կոնկրետ ինչ զննություն պետք է իրականացվի։ Սահմանված է մոտ 70 կետից բաղկացած չափորոշիչների ցանկ, որի նպատակն է նվազեցնել ավտոմեքենաների արտանետումները, միջավայրի աղմուկը, կարգի բերել արգելակային համակարգը եւ այլն։

Իսկ պրակտիկայում վարորդը վճարում է բնապահպանական վճար (ըստ մեքենայի տվյալների), վճար՝ տեխզննման դիմաց (5500-10500 դրամ), տեխզննման կտրոնի համար սահմանված պետական տուրք (2500 դրամ)՝ փոխարենը ստանալով կտրոն եւ ընդամենը ավտոմեքենայի արգելակման համակարգի ստուգման հնարավորություն։ Կառավարության որոշմամբ սահմանված մյուս չափորոշիչներով զննություն չի իրականացվում։

Զննության են ենթակա անիվներն ու դողերը, պետք է ստուգվեն դրանց մաշվածության աստիճանը, անսարքությունը եւ այլն։ Պետք է ստուգվեն շարժիչի անսարքությունները, որոնց թվում՝ արտածվող գազերում վնասակար նյութերի պարունակության կամ դրանց ծխայնության համապատասխանությունը մեր օրենսդրությանը։ Խոշոր քաղաքների պարագայում ամենակարեւոր խնդիրներից մեկը թերեւս արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակի գերազանցումն է։ Բայց կայաններում չեն ստուգում՝ ստանդարտով սահմանված նորմերը պահպանվե՞լ է, թե ավտոմեքենան լրացուցիչ կահավորումների արդյունքում գերազանցում է աղմուկի մակարդակը։ Խոսքը նաեւ ազդանշանի ուժգնության մասին է։

Նախորդ տարեվերջին իմ անձնական օգտագործման ավտոմեքենայի զննությունն իրականացրին Երեւանի կայաններից մեկում: Հետաքրքրվեցի՝ ի՞նչն եք ստուգելու: Պատասխանեցին, որ միայն արգելակները: Մեկ-երկու րոպեում ստուգեցին արգելակներն ու տրամադրեցին տեխզննման կտրոնն ու արատորոշման քարտը՝ մեկ էջանոց փաստաթուղթ, որի վրա, ըստ էության, ոչինչ նշված չէ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանն ասում է, որ կայանների կողմից պարտականությունները չկատարելուն նպաստում են մի շարք գործոններ: Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը վարչական պատասխանատվություն է սահմանել տեխնիկական զննության կտրոնը համապատասխան վայրում չփակցնելու համար։ Քաղաքացիներն օգտվում են սրանից եւ միայն տեխզննման կտրոնն ավտոմեքենայի դիմապակուն փակցնելով՝ մեքենան տեխզննման չեն տանում։ Ովքեր էլ տանում են, պատրաստ են համաձայնության գալ զննման կայանի աշխատակցի հետ։ Ըստ Կարապետյանի՝ բազմաթիվ վարորդների դա ձեռնտու է. «Սեփականատիրոջ եւ տեխզննման կայանի աշխատակցի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվում։ Քաղաքացին ներկայանում է տեխզննման կայան եւ համաձայն է զուտ կտրոնը վերցնել-գնալ, միայն թե ավտոմեքենան չստուգվի, ավելորդ խնդիրների առաջ չկանգնի, կրկնակի զննության չգա»։

Կարապետյանը բացահայտեց, թե ինչու են կայանները հենց արգելակային համակարգը ստուգում: Պարզվում է, որ արգելակային ստենդը հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ՝ ավտոմեքենան կանգնե՞լ է ստենդի վրա, թե ոչ, ստուգում անցե՞լ է, թե ոչ։ Եթե չի կանգնել, եւ ուղղակի ավտոմեքենայի տվյալները մուտքագրվել են բազա, ապա դա հեշտ է ստուգել: «Կա վերահսկողության խնդիր։ Միգուցե հետագայում կայաններում տեսախցիկներ տեղադրվեն, որպեսզի այդ խնդիրը չունենանք: Հիմա մենք ցանկանում ենք տեխնիկական փոփոխություններով հասնել նրան, որպեսզի մյուս սարքավորումները նույնպես առանց մարդկային միջամտության զննություն անցկացնեն, եւ հնարավոր չլինի նրանց շրջանցել։ Նպատակն այն է, որ տեխզննությունն իր նպատակին ծառայի։ Եվ այս առումով մենք հանդես ենք եկել օրենսդրական փոփոխությունների առաջարկով»,- ասում է նախարարության ներկայացուցիչը։

Խոսքը նոր սերնդի սարքավորումներ ներդնելու մասին է, որպեսզի յուրաքանչյուր սարք արձանագրի՝ ավտոմեքենան զննություն անցե՞լ է, թե ոչ։ Եթե սա արվի, ապա բոլոր սարքավորումներով զննություն անցնելուց հետո միայն ավտոմատ կերպով կտրամադրվի արատորոշումների քարտը։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանն այն կարծիքին է, որ չափորոշիչների փոփոխության համար նախ գերատեսչությունը պարտավոր է գոնե մեկ տարի օրենքի տառին համապատասխան տեխզննություն պարտադրել կայաններին, ստանալ վիճակագրություն տրանսպորտային միջոցների վիճակի մասին։ Միայն դրանից հետո կարելի է քննարկել, թե կոնկրետ ինչպիսի փոփոխությունների ենք պատրաստ։

«Պետք է ստուգել եւ խնդիրները ներկայացնել տեսչական մարմնին, կամ Կառավարությանը, հստակեցնելու համար՝ ինչպես գալ հավասարակշռված լուծումների։ Օրինակ նախորդ տարի Հայաստան ներկրված ավտոմեքենաների մոտ 70 տոկոսը եղել են վթարված վիճակում։ Թե դրանք ինչպես են սարքավորվել, վերասարքավորվել ու շահագործման դրվել, ոչ ոք չգիտի»,-ասում է Տիգրան Քեյանը։

Նախարարության առաջարկների փաթեթն այս փուլում շրջանառվում է վարչապետի աշխատակազմում: Առաջարկություններից մեկն էլ այն է, որպեսզի շրջանառությունից հանվեն տեխզննության կտրոնները, ինչի համար քաղաքացիները պետական տուրք են վճարում։ Առաջարկվում է նաեւ կրճատել տեխզննության չափորոշիչների ցանկը։ Նախարարությունում գտնում են, որ մոտ 70 չափորոշիչը շատ է:

Ի դեպ, տեխնիկական զննության կայանների ներկայիս աշխատաոճը լրիվ բավարար է նրանց լիցենզիայից զրկելու համար: Օրենքը թույլ է տալիս նախ կասեցնել կայանի գործունեությունը, ապա եւ անհրաժեշտության դեպքում՝ զրկել լիցենզիայից։

Նախարարությունից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին 10 տարում որեւէ տեխնիկական զննության կայանի գործունեություն՝ պայմանավորված զննության կարգը խախտելու հետ, չի կասեցվել, որեւէ ընկերություն լիցենզիայից չի զրկվել։

 

Գլխավոր լուսանկարում՝ արգելակային համակարգը ստուգող ստենդը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter