HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կադաստրի կոմիտեն առաջարկում է հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծել

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն առաջարկում է հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգ ստեղծել: Այս որոշման նախագիծը քննարկան է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ռեեստրում ներառված տեղեկատվությունն առցանց տարբերակով կթարմացվի, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները հնարավորություն կստանան մուտք գործել համակարգ, ներկայացնել անշարժ գույքի հասցեավորման կամ համարակալման հայտ, որը օրենսդրությանը համապատասխանելու դեպքում ինքնաշխատ ձևով կբավարարվի, հակառակ դեպքում կմերժվի: Հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար:

Այդ տեղեկատվությունը ինքնաշխատ ձևով կարտացոլվի նաև կադաստրային, ինչպես նաև առցանց տիրույթում առկա քարտեզներում, մասնավորապես՝ Google Maps, Yandex Maps և այլն:

Այս ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացվեն նաև ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի հասցեավորման, ինչպես նաև հասցեների պետական գրանցման ոլորտում:

Կադաստրի կոմիտեն առաջարկում է երբնակավայրային աշխարհագրական օբյեկտների հասցեավորումը նույնպես իրականացնել:

Նշենք, որ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման մասին որոշումների ընդունումը և անշարժ գույքի հասցեավորումն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ հասցեների գրանցումը, ռեեստրի վարումը՝ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:

Կադաստրի փոխանցմամբ՝ գործառույթների պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև բաժանված լինելը ոլորտում առաջացնում է տեղական ինքնակառավարման մարմինների (համայնքների) և պետական մարմնի միջև տվյալների փոխանակմանն առնչվող մի շարք խնդիրներ: Արդյունքում՝ հասցեների ռեեստրը պարունակում է որոշ դեպքերում սխալ և թերի տեղեկատվություն, մասնավորապես՝ բազմաթիվ համայնքներում անշարժ գույքի առաջին հասցեավորմանը հաջորդող ժամանակաշրջանում կատարված փոփոխությունները չեն ընդգրկվել հասցեների ռեեստրում և կադաստրային քարտեզներում, քանի որ նոր հասցեավորումներն ու համարակալումները սահմանված կարգով չեն ներկայացվել պետական գրանցման, չեն ներառվել հասցեների ռեեստրում:

Առաջարկվող այս փոփոխությամբ՝ հասցեների ռեեստրում անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխություն անմիջապես կարտացոլվի համակարգում և հասանելի կլինի օգտվողների համար:

«Այդ պարագայում անշարժ գույքի սեփականության սուբյեկտները (ֆիզիկական և իրավաբանական անձինք) այլևս ստիպված չեն լինի նոր առաջացած գույքի կամ առկա գույքի բաժանման և միավորման դեպքերում հասցե ստանալու համար դիմել տեղական ինքնակառավարման մարմին: Նոր հասցեի տրամադրումը կկատարվի գույքի գրանցման գործընթացի շրջանակում»:

Կադատրի կոմիտեն հայտնել է, որ անհրաժեշտ է հստակեցնել և պարզեցնել բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական oբյեկտների անվանակոչման և անվանափոխման գրանցումը, անշարժ գույքի համարակալման, հաuցեավորման ընթացակարգերը՝ դրանք դարձնելով համակարգված և ինքնաշխատ:

«Անհրաժեշտ է ապահովել անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության միատեսակությունը պետական ​​մարմինների գործառույթների իրականացման գործում` բացառելով անշարժ գույքի տարբեր օբյեկտների նույնական հասցեների առկայությունը»,- գրված է նախագծում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter