HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված տրվել են հստակ հանձնարարականներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը այսօր աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվել։ 

Նախարարության փոխանցմամբ՝ նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև փոսային նորոգման աշխատանքների մեկնարկը ճանապարհների անցանելիությունն ապահովելու ժամանակավոր լուծում տալ։

Տեղում ծանոթանալով իրավիճակին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մինչև ձմեռային շրջանի ավարտը ինտենսիվ սպասարկում պետք է կատարվի։ Նա մեկ անգամ ևս  ցուցում է տվել փոսերը հարթեցնել ավազակոպճային խառնուրդով, ամեն օր, անհրաժեշտության դեպքում նաև օրը մի քանի անգամ այն հարթեցնել, ուշադրություն դարձնել նաև ջրահեռացմանը։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) ինժեներական վերահսկողական խմբի ղեկավար Վաչե Մինասյանը տեղեկացրել է, որ խնդիրն այս ճանապարհի մոտ 2 կմ երկարությամբ 3 հատվածներում է։ Նա ընդգծել է, որ կապալառու կազմակերպության հետ քննարկվել է խնդիրը, այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։

Վանաձոր-Դիլիջան (Մ-8) ճանապարհի Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ հատվածում  ևս հանձնարարվել է մինչև գարնան շինարարական աշխատանքների մեկնարկն աշխատել ուժերի գերլարումով, վտանգավոր փոսերը մշակել կոպճավազային խառնուրդով, ցեմենտի ավելացումով։

Նախարարի տեղակալը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել անվտանգության խնդիրները, ճանապարհների երկու ծայրերում անհարթության մասին զգուշացնող նշաններ ավելացնել, որպեսզի վարորդները նախապատրաստված լինեն նման ճանապարհով երթևեկությանը։ 

Նախարարությունը հավելում է, որ Վանաձոր-Դիլիջան 30 կմ երկարությամբ ճանապարհի  20 կմ  հատվածը, որում ընդգրկված է նաև Ֆիոլետովո-Մարգահովիտ-Լերմոնտովո-Թեժ լեռ ճանապարհահատվածը, ընդգրկված է 2019թ. հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։ Բարենպաստ եղանակի դեպքում արդեն կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մնացած 10կմ երկարությամբ հատվածը կհիմնանորոգվի հաջորդ տարի։

Պարզաբանելով ճանապարհների չափից ավելի քայքայվածության պատճառները՝ Բագրատ Բադալյանը նշել է, որ երկար տարիներ պատշաճ ծավալի հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Դրա պատճառով միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակը բավական վատթարացել է։ 

«Մեծ ծավալի աշխատանքներ պետք է տանել, որպեսզի ճանապարհները բարելավվեն։ Յուրաքանչյուր 20 տարին մեկ ճանապարհը պետք է հիմնանորոգվի։ Յուրաքանչյուր 8 տարին մեկ պետք է միջին նորոգում կատարվի, ինչը չի արվել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Արդյունքում ճանապարհների որակական մակարդակը բավական նվազել է»,- ասել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ճանապարհաշինության մասով նախորդ տարիների համեմատ պետբյուջեի հատկացումները բավականին ավելացել են։ Եթե 2017թ. ճանապարհաշինական աշխատանքների համար կառավարության կողմից հատկացվել էր 6,4 մլրդ դրամ, ապա՝ 2019թ. այն կազմել է 9 մլրդ դրամ։ Բացի այդ, լրացուցիչ միջոցներ են հատկացվելու ճանապարհների բարեկարգման համար։ «Արդյունքում, հետագա տարիներին ավելի քիչ կլինեն խնդիրները, և բավական լուրջ առաջընթաց նկատելի կլինի»,- հաղորդում է նախարարությունը։

Նախարարությունը նշում է, որ ձմեռային սպասարկման ժամանակաշրջանում փոսային նորոգումներ կատարել հնարավոր չէ, քանի որ ճանապարհաշինական նորմերով չի թույլատրվում +5 աստիճանից ցածր եղանակային պայմաններում այդպիսի աշխատանքներ կատարել։ Այսօր Հայաստանում չկա սառը ասֆալտբետոնով փոսային նորոգում կատարելու տեխնոլոգիան, որը հնարավորություն կտար ձմռանը ևս փոսային նորոգումներ իրականացնել։ Նախարարությունը վստահեցնում է, որ միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնոլոգիան ներդնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter