
Փոփոխություններ և լրացումներ կկատարվեն փաստաբանության մասին օրենքում
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ օրինագծով նախատեսվում է իրականացնել փաստաբանության համակարգի հերթական բարեփոխումները: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր:
Մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար:
Նախագծով ամրագրվել են նաև հետևյալ կարգավորումները՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները և գրասենյակի ֆինանսավորումը, անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում է սահմանվել, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով դատական ներկայացուցչության իրականացմամբ, որի դիմաց վճարումները կատարվում են հանրային պաշտպանի համար նախատեսված միջոցների խնայողության հաշվին, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ ֆոնդի միջոցներից:
Մեկնաբանել