HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարկային արտոնություններ՝ տեքստիլ արդյունաբերության ընկերությունների

Կառավարության որոշմամբ «Սաթենկար» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կարի արտադրության մեջ (գյուղ Քասախ)։ Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 55 աշխատատեղ՝ 92 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում կստեղծվի 10 նոր աշխատատեղ՝ 85 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 305 523 465 դրամ, որն ամբողջությամբ կիրացվի Հայաստանի տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 195 300 000 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 15 126 000 դրամ:

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նույն արտոնությունից կօգտվի նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն: Ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է բանվորական ձեռնոցների արտադրության մեջ (Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 500 մլն դրամի կապիտալ ներդրում և 8 մլրդ 48 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման մեջ: Ներկայումս առկա է 600 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 300 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 614 400 000 դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 8 մլրդ 48 մլն դրամ (մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 402 400 000 դրամ):

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ թույլատրել է «Ռիբեկ» ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզի ք. Չարենցավանում զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի հագուստ և ներքնազգեստ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 650 մլն դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 506 մլն դրամի չափով։ Արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ` 105 հազար դրամ միջին աշխատավարձով:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է երեք ամիսը մեկ հրավիրել կառավարության արտահերթ նիստ՝ արտոնություններից օգտվող ներդրումային ծրագրերի ընթացքը քննարկելու համար: «Եթե այս ծրագրերը լիարժեք իրականացվեն, ապա հսկակայան ներդրումների և հսկայական թվով աշխատատեղերի ստեղծման մասին է խոսք գնում: Այնպես որ մենք պետք է հետևենք այս ծրագրերի իրականացման ընթացքին»,- նշել է նա:

Գործադիրը բավարարել է «Փյուր ընդ Նանո» ՍՊԸ-ին պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը՝ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում հիմնել մաքուր մետաղական փոշիների արտադրություն։ Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 3 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 7 մլն ԱՄՆ դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունն է Չինաստանը։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի մոտ 9 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի առնվազն 15 նոր աշխատատեղ` մոտ 200 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ ողջ ծրագրի ընթացքում ստեղծված աշխատատեղերի թիվը կհասնի 75-ի:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկումներին և նշել, որ դրա շուրջ հողերի ձեռքբերման հետ կապված որոշ տարօրինակ փաստեր են արձանագրվել: «Նախնական տեղեկություններ ունեինք, որ բարձրաստիճան պաշտոնյաններ, նախապես տեղյակ լինելով, որ այնտեղ ազատ տնտեսական գոտի է հիմնադրվելու, շրջակա հողերը ձեռք էին բերել ծիծաղելի գներով: Եվ երբ ես անցյալ տարի այցելեցի Մեղրիի ազատ տնտեսական գոտի, արձանագրվեց, որ այնտեղ, ըստ էության, պետական հողատարածք չկա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել այդ գործի ընթացքից:

Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ այս պահին քրեական գործ է հարուցված այդ գործի շրջանակում: Ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տվյալ հողատարածքը միանշանակ ենթակա է վերադարձման պետության հաշվեկշռին. «Ըստ մեր գործընկերների՝ դա կտևի մոտ 2-3 ամիս»:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մանրամասներ է ներկայացրել այդ գործի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter