
Քննարկվել են կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նա նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:
Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ Հայաստանի կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Սումա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները՝ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին:
Մեկնաբանել