HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Առաջարկվում է չորս օրենք փոխել ու լրացնել, որ կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքները չկեղծվեն

Կառավարությունն այսօրվա նիստում դրական կարծիք տվեց ԱԺ-ից ուղարկված երկու օրենքների նախագծերին։

Առաջինը «Գովազդի մասին» օրեն­քում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որով առաջարկվում է արգելել կրթական, գիտական եւ հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները եւ այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն եւ այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը:

Զուհագեռ առաջարկվում է լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որը վերոնշյալ կետը խախտելու դեպքում սահմանում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Նախագծերը հեղինակել է Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծերի փաթեթը՝ նշելով, որ դրանով տրվում են դրվագային լուծումներ, իսկ հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ են համալիր կարգավորումներ:

«Հա­մա­լիր կարգավորում տալու նպա­տակով անհրաժեշտ է ուսում­նա­սի­րել առկա իրավիճակը, մասնավորապես՝ իրականաց­վող գովազդների ձևաչափը, բովան­դա­կությունը, միայն խորհրդատվական ծառայությունների իրականացման առաջարկի տեսքով մատուցվող գովազդի ներքո իրականում գործնական աշխատանքների մշակման, պատրաստման ռիսկերը, մատուցվող ծառայությունների առանձնա­հատ­կությունները, իրա­կանացվող գնային քաղաքականու­թյու­նը, ինչպես նաև գովազդը տեղադրող սուբյեկտների շրջանակը և այլն», - գրված է կառավարության եզրակացության մեջ։

Առավել մանրամասն կարծիք նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնել էր ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչությունը, և ընդգծել ոչ միայն գովազդների ձևաչափի, այլև առհասարակ այդ ծառայությունների լինել-չլինելու հարցը։ Ըստ վարչության՝ նախ ի տարբերություն արտաքին գովազդի, սոցիալական ցանցերով տարածվող գովազդի նկատմամբ վերահսկողությունը եւ արգելքը շատ ավելի բարդ եւ գործնականում դժվար լուծելի խնդիր է։ Բացի այդ, վարչությունը եզրակացրել է, որ ծառայությունների գովազդի արգելման ազդեցությունը թույլ կլինի, եթե չվերացվի հենց ծառայության այդ տեսակը։

«Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծերի փաթեթը լրացնել եւս երկու նախագծով («Կրթության մասին» ՀՀ օրենքում եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին), որոնցով պետք է սահմանվեն նշված ծառայությունների մատուցման արգելքը (այն դիտարկելով որպես արգելված գործունեության տեսակ), ինչն էլ թույլ կտա համեմատաբար հեշտությամբ վերահսկել արատավոր տվյալ երեւույթի ամբողջ շղթան` ծառայության մատուցումից մինչեւ տարբեր միջոցներով դրա գովազդումը»,- նշված է եզրակացության մեջ:

Այժմ մի շարք կայքեր ակտիվ վաճառում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքներ։ Նախագծերի փաթեթում, որպես օրինակ, մեջբերված է kursayin.am-ը, բայց այդ կայքերը շատ են՝ bankreferat.am, diplom.am, referatner.am, hyeworld.com, usum.am և այլն։ Այդ կայքերում կարելի է ոչ միայն պատվիրել նոր աշխատանք, այլև գտնել արդեն պատրաստի տարբերակներ: Մնում է միայն պատվիրել, օրինակ՝ 6 էջը 1200 դրամով։ Այս կայքերի տեղը ուսանողերը հիմնականում գիտեն նաև առանց գովազդի։ Այդ ծառայությունների գործունության վայրերը որոշ դեպքերում կից են համալսարաններին, և միայն գովազդ արգելելով՝ դրանք ուսանողներից «թաքցնելն» անհնար է։

ԱԺ տնտեսագիտական վարչությունն իր եզրակացության մեջ կարևորել էր ուսումնական եւ գիտական հաստատությունների դերը, որոնց պատասխանատուները շատ հեշտությամբ կարող են բացահայտել ցանկացած աշխատանքի ինքնուրույնության մակարդակը, սակայն մինչ այժմ «չեն նկատում» նշված արատավոր երեւույթը:

Մեզ հետ զրույցում կայքերից մեկի ներկայացուցիչը (չցանկացավ իր անունով ներկայանալ) տեղեկացրեց, որ իրենց վաճառքի համար աշխատանքներ են տրամադրում նաև հենց կրթության մասնագետներ՝ ուսուցիչներ ու դասախոսներ։ Հետևաբար «չնկատելու» պատճառը կարող է լինել նաև այն, որ ռեֆերատ հանձնարարած դասախոսն ինքն էլ աշխատում է այդ կայքերի համար։

Նշենք, որ «Կրթության մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում համապատասխան լրացումները միայն վարչության առաջարկությունն է, և դեռևս պատգամավորները չեն հեղինակել նման նախագիծ, որով ծառայության այդ տեսակն ընդհանրապես արգելվի։ ԿԳՆ-ն օրենքի նախագծերի վերաբերյալ իր կարծիքում, որը ԱԺ կուղարկվի որպես կառավարության կարծիք, նույնպես չի նշել «Կրթության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը։

լուսանկարը՝ Kursayin.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter