HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դե ուրեմն պիտի կարծիք չհայտնեմ». Արսեն Թորոսյանը՝ բարկացած ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանին

Կառավարության նիստում հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր վիճաբանություն տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև: Նախարարը հայտնեց, որ օրինագծի վերջնական տարբերակում փոփոխություն է եղել, և հիմա կառավարության անդամները քվեարկությամբ պետք է կարծիք հայտնեն այն նախագծի վերաբերյալ, որում առկա փոփոխության մասին ինքն, օրինակ, առավոտյան ժամը 10-ին է իմացել:

Թորոսյանի խոսքով՝ ծխախոտի հարկային դրույքաչափը նախագծում առկա 8500 դրամից դարձել է 2000 դրամ:

«Ծխախոտի օգտագործումն ունի ավելի շատ բացասական տնտեսական էֆեկտ ցանկացած երկրի տնտեսության վրա, քան գոյացնում է հարկեր: Դա ապացուցված է. մեր քաղաքականության հիմքում ապացուցված գործիքների կիրառումն է, և ոչ թե վերջին պահին չորս անգամ ակցիզային հարկը փոխելու մեթոդները»,- ասաց Թորոսյանը, ապա նշեց, որ իրենք, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը, որպես շահագրգիռ կողմ այս քննարկումների մեջ ընդհանրապես ներկայացված չենք եղել:

«Այսինքն՝ ինդուստրիայի հետ խոսում են ոլորտի ներկայացուցիչները, բայց մեզ հետ չեն խոսում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

«Կներեք, դուք տեղյակ չէ՞իք, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ են»,- ակնհայտորեն բարկացած տոնով Թորոսյանին հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեի... երկու  շաբաթ առաջ»,- հարցին պատասխանում էր Արսեն Թորոսյանը, երբ Փաշինյանը նրան ընդհատելով՝ շարունակեց խոսել. «Մի րոպե սպասեք էլի. որ հասարակական կազակերպությունն ասում է՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես դա դեռ հասկանում եմ, բայց որ նախարարն է նման բան ասում, ինձ համար զարմանալի է: Այս թեմայով ես գոնե հինգ անգամ ձեզ հետ քննարկում եմ ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Պարո՛ն Վարչապետ, 8000 դրամը 2000 դարձնելու մասին ես առավոտյան ժամը 10-ին  եմ իմացել»,- պատասխանեց Արսեն Թորոսյանը:

«Հա լավ, հասկացանք, բացատրեցին մարդիկ, իսկ ո՞վ է ասել, որ երեկ՝ ժամը 9-ին, պիտի իմանայիք»,- շարունակեց Փաշինյանը:

«Դե ուրեմն կարծիք չպիտի հայտնեմ»,- հակադարձեց Արսեն Թորոսյանը:

«Կարծիք հայտնեք, բայց գիտե՞ք մի գործողություն, որ բոլոր հարցերը լուծում է. ես նման գործողություն չգիտեմ: Ով ասում է՝ նման գործողություն կա... խի՞ 9 անգամ, եկեք 1000 անգամ ավելացնենք, եկեք ծխախոտի արտադրությունն, օգտագործումն արգելենք, տեսնենք՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետությունում: Էդ ի՞նչ լոբբինգ եք անում: 8000 դրամ... այսինքն՝ ի՞նչ. պաշտպանում եք, որ Հայաստանում ծխախո՞տ գոյություն չունենա ընդհանրապես: Ինչո՞ւ չեք առաջարկում ծխախոտի արտադրությունն ու օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում»,- բարկացած տոնով շարունակում էր խոսել Նիկոլ Փաշինյանը:

«40 տարուց գուցե արգելենք. երկրներ կան՝ գնում են դրան երկարատև տարիների...»,- պատասխանում էր Թորոսյանը, երբ Փաշինյանը նորից ընդհատեց նրան. «Բա մենք էլ ենք գնում. ես էլ եմ էդ ասում, բայց Դուք ասում եք՝ եկեք չգնանք, ժամանակի մեքենա մտածենք, միանգամից հայտնվենք էնտեղ, ես ասում եմ՝ չի լինում այդպես. դա աղետների տանող ճանապարհ ա... և ընդհանրապես եկել այս թեման հետագայում բան չանենք հա՞, ինչ է նշանակում՝ ես տեղյակ չեմ: Եղել է, որ Առողջապահության նախարարն ասել է՝ այս թեմայով շրջանառվող որոշումները չեն հասնում մեզ, հանձնարարել եմ, որ հասնեն, հիմա էլի չե՞ն հասնում ձեզ, պարոն Թորոսյան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս ձայնի բարձր տոնն իջեցրեց, երբ խոսք պետք է տար Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Նախարարը փորձում էր բացատրել, որ ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ հարկային եկամուտները բալանսավորված լինեն:

«Պարոն Ջանջուղազյան, իրեն բյուջեի մուտքը չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է, որ ծխախոտն այնքան թանկ լինի, որ ոչ մեկ չծխի»,- նորից խոսեց Նիկոլ Փաշինյանը, և ի պատասխան Արսեն Թորոսյանն ասաց, որ և՛ 8000 դրամ դրույքաչափը,  և՛ 2000-ը Ֆինանսների նախարարությունն է գրել:

«Ինձ էլ է պետք հարկային մուտքեր, որ հետո մեր ոլորտին նորից հատկացումներ լինի»,- Փաշինյանի խոսքին, թե իրեն հարկային մուտքերը չեն հետաքրքրում, պատասխանեց Արսեն Թորոսյանը:

Փաշինյանը նշեց, թե ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխության թեման քննարկման լավ շեշտադրում չէ, ապա Արսեն Թորոսյանին «մեղադրեց» նրանում, թե այս վիճաբանության մասին գրելու է մամուլը: «էսա տեսեք՝ ձեր ասածների արդյունքնում մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»,- ասաց Փաշինյանն, ով  ինքն էր քննարկումը վերածել վիճաբանության:

Դրանից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, դիմելով Թորոսյանին, առաջարկեց, որ նա վաղվանից բուժհաստատություններում արգելի ծխախոտի և «Կոկա Կոլա»-ի վաճառքը:

«Այսինքն Դուք Ձեզ դրսևորեք ձեր պայքարի մեջ, հետո նոր եկեք, հարկային օրենսդրության մեջ էլ դրսևորեք»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ այսօր էլ ծխախոտի վաճառքն արգելված է ոչ միայն բուժհաստատություններում, այլ նաև դպրոցներում, մանկապարտեզներում ու թանգարաններում:

«Հիվանդանոցն իմ սեփականությունը չէ, վերահսկողություն իրականացնելու համար կա տեսչություն և ոստիկանություն»,-  ասաց Արսեն Թորոսյանը:

Փաշինյանը վերջում հետաքրքրվեց, թե ինչու է նախագծում վերջին օրով փոփոխություն արվել, և Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ հավանաբար փոփոխությունը ոչ թե մեկ օր, այլ մեկ շաբաթ առաջ է փոխվել:

Ապա Փաշինյանն ասաց, որ հարցը հավելյալ կքննարկվի Արսեն Թորոսյանի և Ատոմ Ջանջուղազյանի հետ:

Ի վերջո նախագիծն ընդունվեց միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter