HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Բուշը կրկին խուսափեց «1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը» որակել Ցեղասպանություն

Ջորջ Բուշն ավանդական ապրիլքսանչորսյան ուղերձում ընդգծել է, որ Միացյալ նահանգները հիշում է 20-րդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը' «1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները եւ բռնի արտաքսումը, որը տեղի ունեցավ 1915 թվականին' Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին»: «Դա ողբերգություն էր ողջ մարդկության համար, որը մենք եւ ողջ աշխարհը չպետք է մոռանանք»,-ասել է ԱՄՆ նախագահը:

2000թ. փետրվարին նախագահության թեկնածու Բուշ կրտսերը Միչիգանի հայ համայնքի հետ հանդիպմանը խոստացել էր ընտրվելու դեպքում իրերն անվանել իրենց անուններով եւ 20-րդ դարասկզբի ողբերգությունը որակել Հայոց ցեղասպանություն: Սակայն արդեն վեցերորդ անգամ Բուշը դրժում է խոստումը եւ Հայոց ցեղասպանությունը բնութագրում «զանգվածային սպանություններ եւ բռնի արտաքսում», «Մեծ եղեռն», «զանգվածային կոտորածներ» եւ այլ եզրերով:

«Մենք գովեստի խոսքեր ենք ուղղում հայ եւ թուրք այն անհատներին, ովքեր փորձել են անկեղծ եւ շիտակ կերպով վերհանել այդ ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի վերլուծությունը, որը դեռ վերջին խոսքը չէ, նշանակալի ներդրում է այս դեպքերի մեր ընկալումը խորացնելու ասպարեզում: Մենք խրախուսում ենք երկխոսությունը, այդ թվում՝ համատեղ հանձնաժողովների միջոցով, որոնք փորձում են ապահովել այդ ողբերգական իրադարձությունների միասնական ընկալում եւ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորում»,-ասվում է Բուշի ուղերձում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը նկատում է, որ համեմատած հինգ տարի առաջվա ուղերձի հետ, Բուշի այս տարվա ուղերձը ինչ-որ չափով առաջընթաց է: «Անհանգստացնող պատճառներից մեկը այն է, որ նախագահը խուսափել է Ցեղասպանություն բառն օգտագործելուց, բայց նաեւ իրականություն է, որ բավական բան ասել է: Միացյալ նահանգների նախագահը, փաստորեն, տվել է Ցեղասպանություն ոճրի բացատրությունը՝ առանց օգտագործելու բառը: Ամերիկացիները ցեղասպանություն ասել-չասելը որպես լծակ են օգտագործում, այսինքն' սպառնում են թուրքերին, որ եթե այս կամ այն բանը չանեք, ցեղասպանություն բառը կօգտագործենք»,-ասաց Մանոյանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար (1996-1998 թթ.) Ալեքսանդր Արզումանյանը եւս փոքր-ինչ հիասթափված է, որ նախագահ Բուշը չի օգտագործել ցեղասպանություն բառը: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ նախագահները այս հրեշավոր հանցագործությունը որակեն այնպես, ինչպես որ կա: Ելնելով իր ազգային շահերից՝ Միացյալ նահանգները նպատակահարմար չի գտնում: Այլ հարց է, որ այն ձեւակերպումներում, որ վերջին տարիներին տրվում են այդ ուղերձներում, փաստորեն, դասական սահմանում է տրվում Ցեղասպանություն հանցագործությանը, ուղղակի բառը չի գործածվում»,-ասաց պրն Արզումանյանը:

Եթե Մանոյանը մտահոգիչ է համարում Բուշի ուղերձի այն հատվածը, որը վերաբերում է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ԱԱՄԿ) վերլուծությանը, ապա Արզումանյանը ողջունում է այն: Ինչպես հայտնի է, Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (ԹՀՀՀ) հայ եւ թուրք անդամները դիմել էին ԱԱՄԿ-ին՝ պարզելու՝ արդյո՞ք 1948թ. Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ ունի եւ կիրառելի է Հայոց ցեղասպանության համար: ԱԱՄԿ-ն վարձել էր իրավաբանական մի ընկերության, որը պատրաստել էր վերլուծություն, եւ ըստ դրա' 1915թ. դեպքերը որակվել էին ցեղասպանություն: Մյուս կողմից, ըստ այդ վերլուծության, 1948թ. Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ չունի եւ չի կարող տարածվել Հայոց ցեղասպանության վրա:

Կիրո Մանոյանն ընդգծում է, որ ԱԱՄԿ-ին վերագրվող վերլուծությունը քաղաքական փաստաթուղթ է, այն համաձայնեցված է ԹՀՀՀ կողմերի հետ, հետեւաբար չէր կարող իրավական լինել, որովհետեւ այդ հանձնաժողովի անդամները բոլորը իրավաբաններ չէին, եւ այն համաձայնեցված է ոչ որպես իրավական փաստաթուղթ, այլ մի փաստաթուղթ, որն իրավականի քողի տակ կբավարարի երկու կողմերին:

«Իրականում ճիգ էր արվում իրավաբանորեն հարցը ներկայացնել այնպես, որ այո, ցեղասպանություն է, բայց Թուրքիան որեւէ պատասխանատվություն չի կրելու, որովհետեւ 1948թ. Ցեղասպանության կոնվենցիան հետադարձ ուժ չունի: Այս առումով ճիշտ է Բուշի ուղերձի այն հատվածը, որտեղ ասվում է, որ ԱԱՄԿ-ի վերլուծությունը առաջին եւ վերջին խոսքը չէ: Սակայն արդեն իսկ ԱԱՄԿ-ին հղում անելը մտահոգիչ է, որովհետեւ նոր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ: Իմ կարծիքով, նրանք այդպես են օգտագործել, որպեսզի խուսանավելու հնարավորություն ունենան. մի կողմից ասվում է, որ ցեղասպանություն կարելի է համարել, բայց Ցեղասպանության կոնվենցիային ենթակա չէ, քանի որ կոնվենցիան հետադարձ ուժ չունի»,-մեկնաբանեց պրն Մանոյանը:

Ալեքսանդր Արզումանյանը, ով եղել է ԹՀՀՀ-ի 4 հայ անդամներից մեկը, ողջունում է, որ արդեն երկրորդ անգամ Բուշի ուղերձում մեջբերվում է ԱԱՄԿ զեկույցը: «Փաստորեն, ոչ ուղղակիորեն ճանաչվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հստակ վերլուծությունների արդյունքում ԱԱՄԿ-ն հանգում է իրավական եզրակացության, որ 20-րդ դարի սկզբի դեպքերը ցեղասպանություն են: Կարեւոր կլիներ, որ բոլոր հայկական կազմակերպությունները, որոնք զբաղվում են Հայ դատի հարցերով, մի կողմ թողնեին իրենց անձնական մոտեցումները, խանդը եւ, մատնանշելով Բուշի այս վկայակոչումը, պահանջեին, որ սա ընկալվեր որպես ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատման եւս մեկ քայլ: Անշուշտ, ԱԱՄԿ-ն միջազգային արբիտրաժ չէ, դատական ատյան չէ, եւ նրա որեւէ վերլուծություն չի կարող լինել վերջին խոսք: Բայց սա պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ հայերն ու թուրքերը համատեղ դիմում են մի կառույցի, եւ առաջին դեպքն է, երբ կատարվել է իրավական վերլուծություն»,-ասաց Ա. Արզումանյանը:

Մանոյանը նկատում է, որ ԱԱՄԿ-ն ընդամենը հասարակական կազմակերպություն է: Արզումանյանն այսպես է հակադարձում. «ԱԱՄԿ-ն շատ հայտնի կազմակերպություն է: Այնպիսի ՀԿ-ներ կան, որոնք խաղի կանոններ են թելադրում: Երբ 435 կոնգրեսականներից որեւէ մեկը իր նահանգում ցեղասպանության մասին ինչ-որ հայտարարություն է անում, «Հայլուրը» հեղեղվում է այդ լուրով»:
Հայաստանի գործող իշխանությունները, որոնք 1998թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դրել են երկրի արտաքին քաղաքականության օրակարգում, առաջին անգամ հրապարակավ ժամանակակից Թուրքիային մեղադրեցին հայկական ջարդեր իրականացնելու մեջ: « Այս ոճրագործության համար Օսմանյան Թուրքիան եւ նրա իրավահաջորդը կրում են լիակատար պատասխանատվություն »,-ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի առիթով տարածված գրավոր ուղերձում: Նախկինում Երեւանի իշխանությունները խուսափում էին հրապարակավ ժամանակակից Թուրքիային եւս ուղղակիորեն մեղադրել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության իրագործման մեջ՝ նախընտրելով ընդգծել միայն Օսմանյան Թուրքիայի պատասխանատվությունը:

Անկարան առայժմ անպատասխան է թողել Երեւանի կողմից իր հասցեին արված ամբաստանությունը՝ նախընտրելով արձագանքել Միացյալ նահանգների նախագահի ուղերձին: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանն ասել է, որ Անկարան չի կարող համաձայնել ԱՄՆ նախագահի որոշ արտահայտությունների հետ:

Կիրո Մանոյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի տեսակետներն իրարամերժ են, ինչը տրամաբանական է. առաջինը ներկայացնում է ՀՅԴ-ն, երկրորդը՝ ՀՀՇ-ն: Սակայն մեկ հարցում նրանք համակարծիք են. մեկ տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայյիփ Էրդողանի նամակին նախագահ Քոչարյանի պատասխան նամակի բովանդակությունը ճիշտ էր:

Հայաստանի նախկին արտգործնախարարն ասում է. «Էրդողանի նամակում կոչ էր արվում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին, ինչը հայկական կողմի համար անընդունելի է, քանի որ Հայաստանում չկա մեկը, որը կասկածի տակ դնի պատմական իրողությունը: Քոչարյանի պատասխանը, որ կարելի է տարբեր խնդիրներ քննարկել, բայց ոչ զուտ պատմական, բավական ճիշտ էր եւ բխում էր Հայաստանի շահերից»:

Մանոյանը նկատում է. «Էրդողանի նամակին նախագահ Քոչարյանը պատասխանեց ավելի ընդգրկուն երկխոսության առաջարկով, որն առայսօր բանավոր մերժվում է թուրքերի կողմից: Թուրքերը հաճախ փորձում են անտեսել Քոչարյանի պատասխանը եւ, սկսած իրենց արտգործնախարարից, բացեիբաց սուտ են խոսում՝ ասելով, որ Էրդողանի նամակը մնաց անպատասխան, բայց իրականում իրենք են նախագահ Քոչարյանի ավելի ընդգրկուն միջկառավարական երկխոսության առաջարկը գրավոր ձեւով անպատասխան թողել, բանավոր կերպով, ինչքանով ես եմ տեղյակ, մերժել են, չեն համաձայնվել»:

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը մեկ տարի առաջ այս օրերին հաստատել էր, որ Անկարայում ստացվել է Ռոբերտ Քոչարյանի նամակը' ուղղված Էրդողանին: Գյուլն ասել էր, որ թուրքական իշխանությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա Հայաստանի նախագահի ուղերձը «ուշադիր ուսումնասիրելուց հետո միայն»: Փաստորեն, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Անկարան «ուշադիր ուսումնասիրում» է Քոչարյանի նամակի բովանդակությունը, սակայն դեռեւս չի պատասխանել Երեւանին: 2005թ. ապրիլի 26-ին նախագահ Քոչարյանը, պատասխանելով Էրդողանի նամակին, եւս մեկ անգամ առաջարկել էր առանց նախապայ֊ման֊ների հաստատել բնականոն հարաբերություններ: «Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, եւ մենք իրավասու չենք այն պատվիրակել պատմաբաններին»,-նամակում գրել էր Հայաստանի նախագահը:

Նախկին արտգործնախարար Արզումանյանը խորապես համոզված է, որ Հայոց ցեղասպանության հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ բերելը սխալ էր. «Փաստորեն, այսօր հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեն, եւ հարցը մտել է փակուղի: Երկու կողմերն էլ իրենց մեղքն ունեն, երկու կողմերն էլ իրենց հայտարարությունների պատանդն են դարձել: Հարաբերություններ հաստատելու համար Անկարան եւ Երեւանը առաջ քաշեցին նախապայմաններ: Թուրքիան իր նախապայմաններից ոչ միայն չի հրաժարվում, այլեւ ավելացնում է դրանց թիվը»:

Արզումանյանը պնդում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ բերելը նախապայման է: Բացի այդ, նախապայման է նաեւ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից չեզոքություն պահպանելու Երեւանի պահանջը, որը ճիշտ պահանջ է, բայց նախապայման է, կամ Թուրքիայի' ղարաբաղյան գոտում խաղաղարար գործողությունների մասնակցության անթույլատրելիությունը, որը եւս անընդունելի է հայկական կողմի համար, սակայն նույնպես նախապայման է:

Մինչդեռ Մանոյանը պնդում է, որ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգ բերելը ճիշտ քաղաքականություն է. «Հայաստանի նախկին իշխանությունների քաղաքականությունը, այսինքն' առանց նախապայմանների բանակցություն թուրքերի հետ, բայց ցեղասպանության հարցը արտաքին օրակարգում չդնելով, արդյունք չտվեց: Հայաստանի առաջին իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության նյութ չէին դարձրել: Ես չեմ կարծում, որ նրանք հետաքրքրված չէին, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, պարզապես ուզում էին հավատալ կամ համոզված էին, որ այդ հարցն այժմ չբարձրացնելով՝ կհեշտացվի հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը»:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատուն կարծում է, որ երբեմն Երեւանը պետք եղածից ավելին է արել, բայց երկխոսության ընթացքում եւ հետո պարզվել է, որ շատ էլ իմաստ չունի Թուրքիայի հետ բանակցել, որովհետեւ երբ սկզբունքային համաձայնությունների պահն է գալիս, Գյուլը կամ նրանից ցածր պաշտոնյաներն ասում են' կներեք, մեր նախորդ խոսակցությունները չենք կարող հիմք ընդունել: «Այսպիսով, այլեւս խոսելն իմաստ չի ունենում: Արտգործնախարարների մակարդակով բանակցություններով Թուրքիան ուզում էր ԵՄ-ին, ինչ-որ չափով նաեւ Միացյալ նահանգներին ցույց տալ, թե ինքը խոսում է Հայաստանի հետ եւ պետք չէ իր վրա ճնշում բանեցնել: Սակայն երբ Անկարան ստացավ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու ժամկետը, այլեւս շահագրգռվածություն չունի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նախկին արտգործնախարարը կարծում է, որ Իրաքի պատերազմից առաջ հնարավորություն կար, սակայն բաց թողնվեց հայ-թուրքական հարաբերությունները բնականոնեցնելու պահը: «Բայց ինչ-ինչ պատճառներով իրավիճակը փոխվեց, Թուրքիայի դերը կարեւորվեց: Այսօր երկու կողմերն էլ վարում են ոչ հեռատես քաղաքականություն եւ նախապայմաններ առաջ քաշելով անհնարին դարձնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter