
ՎՏԲ-ն գնել է Ռուսաստանի Առաջին ալիքում Ռոման Աբրամովիչի ունեցած բաժնեմասը
ՎՏԲ ընկերությունների խմբում գտնվող «ՎՏԲ-Կապիտալ» ներդրումային բանկը միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող ОРТ-КБ ընկերությունից գնել է Ռուսաստանի Առաջին ալիքում ունեցած 20% բաժնեմասը: Այս մասին РБК-ին հայտնել են անանուն երկու աղբյուրներ, որոնց տված տեղեկատվության համաձայն՝ գործարքի մասին կարող է հայտարարվել մոտակա ժամանակներին:
РБК-ի հրապարակումից հետո ՎՏԲ-ն և Առաջին ալիքը հաստատել են գործարքի մասին տեղեկությունը: Ավելի ուշ Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մանը հաստատել է, որ միլիարդատերը ամբողջությամբ վաճառել է իր բաժնեմասը:
ՎՏԲ նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյովի խոսքերով՝ մշտապես ուսումնասիրում են մեդիադաշտը և դիտարկում են այն տարբերակները, որոնք կարող են ներդրումային եկամտաբերության բարձր մակարդակ ապահովել: Ըստ Սոլովյովի՝ Առաջին ալիքը առաջատար դիրքեր ունի մեդիաշուկայում, և ԶԼՄ-ների թվային փոխակերպումները նոր հնարավորություններ կբացեն հեռուստաալիքի համար:
Ռոման Աբրամովիչը Առաջին ալիքի համասեփականատեր էր դարձել 2000-ականների սկզբին՝ Բորիս Բերեզովսկուց գնելով հեռուստաընկերության 49% բաժնեմասը: Այդ ժամանակ հեռուստաալիքը կոչվում էր Ռուսական հանրային հեռուսատեսություն (Общественное российское телевидение - ОРТ): 2010թ. Աբրամովիչը սկսեց կրճատել իր մասնաբաժինը. 25%-ը վաճառեց Ազգային մեդիախմբին (Национальная Медиа Группа - НМГ): Բիզնեսմենի բաժնեմասից ևս 4% Ազգային մեդիախումբը ստացավ 2018թ.:
Ֆինանսական վերլուծաբան Սերգեյ Դեյնեկան կարծում է, որ Աբրամովիչի կողմից իր ամբողջ բաժնեմասի վաճառքը կարող է ունենալ մի քանի պատճառներ. «Ամենահավանականը նոր բիզնես-հետաքրքրություններն են: Չի բացառվում, որ գործարարը Առաջին ալիքի բաժնեմասի վաճառքից ստացված գումարը կներդնի իր պատկերացմամբ ավելի շահավետ բիզնեսում»,- Դեյնեկայի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը:
Փորձագետը Առաջին ալիքի 20% բաժնեմասը գնահատում է 170-210 միլիոն դոլար:
Առաջին ալիքը հաշվետվություն չի ներկայացնում 2016 թվականից: 2015-ին հեռուստաալիքը 26,5 մլիարդ ռուբլի եկամուտ է ունեցել և 5,2 միլիարդ ռուբլի սուբսիդիա՝ բյուջեից, սակայն դրա հետ մեկտեղ՝ տարին փակել է ֆինանսական կորստով: Այս մասին նշել է վերլուծաբան Տիմուր Նիգմատուլինը:
Մեկնաբանել