HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

ԱՄՆ-ում սովորող հայ ուսանողներն ու աշակերտները գլխավորապես ... աղջիկներ են

Հարցազրույց IREX կազմակերպության վարչական ղեկավար Արեւիկ Աշխարոյանի հետ

Ամեն տարի մոտ 200-300 հայ ուսանող Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդ (IREX) կազմակերպության միջոցով դիմում է ներկայացնում ուսումն ԱՄՆ-ում շարունակելու կամ մագիստրոսի կոչում ստանալու համար: Մրցույթի երեք փուլերի ընթացքում ընտրվում է միայն 16-20 հոգի: IREX-ի տվյալներով' վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում եւ քոլեջներում ուսուցման վկայական է ստացել մոտ 200 հայ ուսանող, մագիստրոսի կոչում' 400 ուսանող: IREX կազմակերպության վարչական ղեկավար Արեւիկ Աշխարոյանը մեզ հետ հարցազրույցի ընթացքում նշեց, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը մշակութային փոխանակումն է, հետո արդեն' արտասահմանյան փորձն ու անգլերենի կատարելագործումը:

- Ուսանողների փոխանակման ի՞նչ ծրագրեր կան այսօր, եւ ի՞նչ հնարավորություններ են դրանք տալիս:

- Այժմ գործում է ուսանողների փոխանակման երկու ծրագիր' ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու կամ մագիստրոսի կոչում ստանալու համար: Այս ծրագրերը նախաձեռնում եւ ֆինանսավորում է ԱՄՆ Պետքարտուղարության կրթական եւ մշակութային հարցերի բաժինը: IREX ամերիկյան կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը ստացել է այդ ծրագրերը մեր երկրում իրագործելու իրավունքը: Այժմ ավելի մանրամասն ծրագրերի մասին: «Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակ» ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ԱՄՆ-ում մագիստրոսի կոչում ստանալ ըստ ընտրության' բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, կրթության, շրջակա միջավայրի կառավարման, միջազգային հարաբերությունների, լրագրության եւ հանրային հաղորդակցության, իրավագիտության, պետական կառավարման, հանրային առողջապահության եւ հանրային քաղաքականության ոլորտներում: Ծրագրով ապահովվում են վիզա ստանալու եւ երկկողմանի ճամփորդության ծախսերը, ուսման վարձը, ամսեկան կրթաթոշակը, բժշկական ապահովագրությունը, գրքեր ձեռք բերելու միջոցները եւ անգլերեն լեզվի դասընթացները:

- Ի՞նչ է երկրորդ ծրագիրը:

- Երկրորդ ծրագիրը կոչվում է Եվրասիայի բուհ-երի ուսանողների կրթական փոխանակման ծրագիր (UGRAD): Այս ծրագրով Հայաստանի հնգամյա ուսումնական ծրագրով մասնավոր եւ պետական բուհերի առաջին, երկրորդ, երրորդ կուրսերի ուսանողները հնարավորություն ունեն մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններից կամ համայնքային քոլեջներից մեկում եւ ստանալ վկայական: Առաջին կուրսի ուսանողներն ապրում են հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում: Իսկ երկրորդ եւ երրորդ կուրսի ուսանողները' քառամյա քոլեջների եւ համալսարանների հանրակացարաններում: Ուսանողները կարող են ընտրություն կատարել հետեւյալ ոլորտներում մասնագիտանալու համար' հաշվապահություն, գյուղատնտեսություն, ամերիկյան ուսմունքներ, բիզնես, համակարգչային գիտություն, քրեական արդարադատություն, տնտեսագիտություն, կրթություն, շրջակա միջավ այրի կառավարում, միջազգային հարաբերություններ եւ այլն:

- Քանի՞ հոգի է այժմ սովորում ԱՄՆ-ում այս ծրագրերի շրջանակներում, եւ ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:

- Այժմ «Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակ» ծրագրով ԱՄՆ-ում սովորում է 17 ուսանող: Հիմնականում բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների եւ իրավաբանական մասնագիտություններով: «Եվրասիայի բուհ-երի ուսանողների կրթական փոխանակման» (UGRAD) ծրագրով կրթություն եւ տնտեսագիտություն ոլորտներում սովորում է 16 հոգի: Բոլորն ընտրվել են երեք փուլից բաղկացած մրցույթով: Այն սովորաբար հայտարարվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Փորձում ենք ներգրավել նաեւ մարզերի ուսանողներին, այդ ուղղությամբ միշտ նախապես սեմինարներ ենք կազմակերպում նրանց համար: Տարիքային սահմանափակում չկա: Հայցադիմումներ ներկայացրած ուսանողներին հրավիրում ենք հարցազրույցի, որից հետո նրանք նաեւ հանձնում են անգլերեն լեզվի քննություն: Եթե դիմում են մագիստրոսի կոչում ստանալու համար, ապա հանձնում են նաեւ մասնագիտական քննություն: Ի դեպ, այս ծրագրով ԱՄՆ-ում ուսումը կարող են շարունակել կամ իրենց մասնագիտությամբ, կամ ընտրել դրան մոտ մասնագիտացում: Թեկնածուները գրում են նաեւ ակնարկ այն մասին, թե ինչու՞ են ուզում մեկնել եւ ի՞նչ են անելու հետո, այսինքն' ի՞նչ նպատակներ ունեն: Դրանից հետո քննության արդյունքներն ուղարկվում են ԱՄՆ, որտեղ անկախ հանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում եւ ներկայացնում մեկնողների ցուցակը: Բացի ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխանելուց եւ հաջող հանձնած քննություններից, շատ կարեւոր է, թե արդյոք տվյալ անձը երբեւէ դիմե՞լ է Հայաստանից արտագաղթելու նպատակով, կամ, արդյոք, ունի՞ բարեկամներ ԱՄՆ որեւէ նահանգում: Այս ամենն անհրաժեշտ է իմանալ, քանի որ երբեմն հայցվորները մտադրվում են չվերադառնալ, հաստատվել եւ աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Եվ մեր կազմակերպության խնդիրը տարբեր միջոցներով դրությունը վերահսկելն է նման տհաճ միջադեպերից խուսափելու համար: Պետք է նշեմ, որ վերջին տարիներին նման դեպքեր շատ հազվադեպ են լինում:

- Ի՞նչ եք ձեռնարկում նման դեպքերից խուսափելու համար:

- Նախապես մենք ստուգում ենք բոլոր տվյալները, բոլոր ուսանողներն այնտեղ ունեն ղեկավարներ, ովքեր հետեւում են նրանց ուսմանը եւ վարքին: Բացի այդ, մենք որոշեցինք որոշակի պայմաններ ստեղծել մեր «շրջանավարտների» համար: Օրինակ' վերադարձած մագիստրոսների համար մեր կազմակերպությունը համապատասխան աշխատանք է գտնում որեւէ պետական հաստատությունում եւ վեց ամսվա ընթացքում վճարում է աշխատավարձ: Կարելի է ասել, որ սա վճարովի պրակտիկա է: Որոշ ժամանակից գործատուն կողմնորոշվում է' ընդունե՞լ աշխատակցին, թե՞ ոչ: Վերջին տարիներին մենք աշխատում ենք ներգրավել նաեւ ֆիզիկական արատներ ունեցող ուսանողներին: Հիմա ԱՄՆ-ում երկու հայ աղջիկներ են սովորում, մեկը կազմվածքի թերություն ունի, մյուսը' տեսողության հետ կապված խնդիրներ: Առաջին ամիսներին նրանց համար բավական դժվար էր, բայց սովորելու ցանկությունն օգնեց հաղթահարել ուրիշ երկրում ապրելու դժվարությունները, աղջիկներն արդեն շատ լավ գնահատականներ ունեն: Կարծում եմ' կարեւոր է նշել նաեւ, որ դիմողները մեծ մասամբ աղջիկներ են:

- Ի՞նչ արտոնություններ է տալիս արտասահմանում սովորելու հնարավորությունը:

- Ուսման ընթացքում ուսանողները ոչ միայն մասնագիտական որակավորում են ձեռք բերում, այլեւ մշակութային փոխանակման հնարավորություն ունեն, ինչը կարեւոր է: Մեր ուսանողներն այնտեղ պարտադիր պետք է ներկայացնեն մեր երկիրը, ավանդույթները, մշակույթը: Բացի այդ, պետք է խոստովանենք, որ այսօր գործատուները հաշվի են առնում արտասահմանյան փորձառությունը եւ անգլերենի իմացությունը: Մենք նկատել ենք նաեւ, որ ուսանողները վերադառնում են բավական նպատակասլաց, ավելի ինքնավստահ դարձած, ինքնուրույն եւ պատասխանատու, չէ՞ որ մի ամբողջ տարի ստիպված են լինում մենակ ապրել ուրիշ երկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter