«Նահատակ» պոչամբարի հոտը տարածվում է Մեծ Այրումում
Մեծ Այրումից Ճոճկան գնացող ճանապարհին հանդիպեցինք երեխաների: 12-ամյա Դավիթը սովորում է Մեծ Այրումի դպրոցի 6-րդ դասարանում: Նրա խոսքով՝ հատկապես ամռանը «Նահատակ» պոչամբարի հոտը գյուղում շատ է տարածվում:
«Մեկ էլ, որ գնում եմ պոչամբարի մոտի մեր գյուղի աղբյուրից ջուր բերելու, էդ ժամանակ գլուխս սկսում է ցավել և սրտխառնոց եմ ունենում»,-ասում է նա: Դավիթի դասընկեր Ալեքսանդր Դանիելյանի խոսքով պոչամբարի մոտ մի քիչ կանգնելուց հետո գլուխը պտտվում է: Մյուս ընկերը՝ Դանիելն ասաց ընդհանրապես խուսափում է պոչամբարի մոտ գնալ, բայց մեկ է՝ Դանիելի խոսքով՝ Մեծ Այրումի մթնոլորտում պոչանքային հոտերը անպակաս են:
Երեխաներից մյուսը՝ Արման Աբրամովը, նույնպես նշեց, որ պոչամբարի մոտի աղբյուրից ջուր բերելիս գլուխը սկսում է ցավել: Մեծ Այրումցիները մինչև օրս ըմբռնումով են մոտեցել «Նահատակ» պոչամբարի վտանգներին՝ հանուն լեռնահարստացման կոմբինատում (ԼՀԿ) աշխատող մի քանի տասնյակ համագյուղացիների: Բնապահպանության նախարարության՝ «2002թ. շրջակա միջավայրի վիճակի մասին» ազգային զեկույցում «Նահատակ» պոչամբարը երկրի առաջին դասի վտանգավորության 3 պոչամբարներից մեկն է: Այժմ այն ամբողջովին լիքն է, սակայն կոմբինատը այլ հնարավորություն չունի, շարունակում է արտադրական պոչանքները լցնել «Նահատակ» պոչամբար:
Հաճախ պոչամբարը թեթևացնելու համար պոչանքային հոսքերը ուղղվում են նաև դեպի Դեբեդ: Երկու աշխատողներ պոչամբարի պատնեշները պարբերաբար բարձրացնում են, սակայն պոչամբարի հոսելու վտանգները օրեցօր մեծանում են:
«Երկու թունելներով 16 կմ, 2 մագիստրալով պոչանքը գալիս է պոչամբար, մեկ մագիստրալի երկարությունը 8 կմ է: Պոչամբարում երկու մարդ է աշխատում՝ նրանք կարգավորողներ են»,- ասաց պոչամբարի պատասխանատու Վոլոդյա Սոխակյանը:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Սամվել Խաչատրյանի խոսքով՝ դեպի «Նահատակ» պոչամբար պոչանքները նվազեցնելու համար 8 ամիս առաջ ֆաբրիկայում տեխնոլոգիական փոփոխություններ են կատարվել: Կոմբինատը նախկինում աշխատել է չորս աղացով, հիմա աշխատում է երեքով: Դեպի պոչամբար գնացող ֆաբրիկայի թունավոր նյութերը նվազել են:
«Մենք պոչամբարի խնդիր ունենք: «Նահատակ» պոչամբարի անվտանգությունն ապահովելու համար մեր առաջին ծրագիրը այն է, որ կառուցում ենք ֆաբրիկայի պոչերի չորացման և հարստացման տեղամաս: Այս տեղամասի վրա մենք կատարել ենք 700մլն. դրամի ներդրումներ: Այն ավարտին է մոտենում: Մենք ուզում ենք ֆաբրիկայի պոչերը այդ տեղամասում մշակել և տեղափոխել բաց հանք: Դա մեր կոմբինատի նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությունն է: Մեկ տարի առաջ ենք սկսել գործը»,- հայտնեց Սամվել Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ պոչերի չորացման և հարստացման տեղամասը կշահագործվի այս տարվա մարտի վերջին, որից հետո «Նահատակ» պոչամբարը կենթարկվի ռեկուլտիվացիայի և կփակվի բուսական ծածկույթով: Թե երբ է լինելու դա, Սամվել Խաչատրյանն ասաց.
«Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերի մաքրման և խտացման տեղամասը պետք է լավ աշխատի: Եթե հաջողություն լինի, «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիան կսկսվի ամենաուշը մեկ տարի հետո»:
Կոմբինատի՝ 2012թ.-ի նոյեմբերի 21-ին Եվրամիության «Թափոնների կառավարում» ծրագրով՝ ռեկուլտիվացիայի ենթարկված Ախթալայի «Սվինեց» թաղամասում՝ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նազիկ» պոչամբարում, նաև ծառատունկ է արվել: Ծառերի մեծ մասը չի կպել հողին: Անհաջող ռեկուլտիվացիայից հետո «Նազիկ» պոչամբարի մի հսկայական հատվածի հողը հոսել է: Պոչամբարի թունավոր պարունակությունները բաց են: Այն նաև ցանկապատված չէ, դարպասներն էլ բաց են: Գարնանը ախթալեցիների կովերը արոտի են դուրս գալիս պոչամբարի տարածքում: Պոչամբարի վտանգների մասին բնակչությանը տեղեկացնող որևէ ցուցտախտակ չկա տարածքում:
«Դա անպայման իմ հանձնարարությամբ՝ մեր անվտանգության բաժինը կստուգի, հետագայում պատասխանը կասեմ, հիմա չեմ կարող ասել»,- ասաց տնօրեն Ս. Խաչատրյանը: Վերադառնալով Միքայել Արամյանից տան հարևանությամբ գտնվող կոմբինատի 3-րդ պոչամբարին՝ Սամվել Խաչատրյանը տեղեկացրեց, որ այդ պոչամբար կտեղափոխեն ֆաբրիկայի չորացման և հարստացման տեղամասի վերամշակված պոչերի մի մասը: Տնօրենի խոսքով՝ դրանք թաղելուց հետո այդ պոչամբարում նույնպես կիրականացվի ռեկուլտիվացիա:
Պոչամբարը լուսավորված և բարեկարգված էր: Սամվել Խաչատրյանն ասում է, որ ներկայումս Ախթալայի ԼՀԿ-ում աշխատում է 500 մարդ: Տնօրենի խոսքով՝ վերջին 8 ամիսներին ընկերությունը նորմալ է աշխատել, թեև այդ ամիսներին միջազգային շուկայում պղնձի 1 տոննայի գինը տատանվել է 5,7-5., հազար դոլարի սահմաններում:
«Պղնձի գների տատանման պայմաններում մեր բոլոր աշխատողների աշխատավարձը ժամանակին վճարել ենք, ընկերության հրատապ տնտեսական խնդիրները լուծում ենք, նույնիսկ կառուցել ենք ֆաբրիկայի նոր արտադրական տեղամաս»,- պատմեց Սամվել Խաչատրյանը: Նա չդժգոհեց կոմբինատի հումքի մատակարարումից, ասաց, որ հիմնականում 4 փակ հանք են շահագործում: Մնացածն արդեն փակում են:
«Մենք ունենք հումքի ապագա պաշարների քանակ: Փակ հանքեր ունենք, կարող է այդտեղից բացվեն ուրիշ փոքր հանքեր, վերջանական դրանց քանակը չեմ կարող ասել, բայց դա մենք կարող ենք օգտագործել 20 և ավելի տարիներ», - ասաց տնօրենը:
Տարիներ առաջ տեղացի հանքափորները բողոքում էին, թե իրենց փոխարեն՝ Քաջարանից և Կապանից են մասնագետներ բերում:
«Մենք այդպես չենք անում, օրինակ՝ իմ գալուց հետո ես պահանջել եմ, որ տեղաբնակները պետք է սովորեն կոմբինատի համար կարևոր մասնագիտությունները և աշխատեն: Ես ոչ մի մասնագետ դրսից չեմ բերել: Նույնիսկ հարևան Ալավերդիից դիմում են այստեղ աշխատելու, ես նրանց աշխատանքի եմ ընդունում՝ խղճից դրդված, ոչ թե, որ դրա կարիքը կա: Մարդիկ են, Թեղուտում՝ անգործ, Ալավերդիում՝ անգործ: Հիմա 500 աշխատող ունենք, եթե այդքանն աշխատեն, էդ էլ լավ է»,- ասաց Ս. Խաչատրյանը:
Տնօրենը վստահեցրեց, որ ամեն ինչ անում են պոչանքային վթարներից խուսափելու և փակ հանքերում հանքափորների կյանքի սպառնալիքները վերացնելու համար:
Մեկնաբանել