HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիրախում սիրող կինն է. ինկվիզիցիայի իներցիան մեր օրերում

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մտածում եմ՝ պատահական չէ, որ կանանց, գեղեցկությանը, մայրությանը նվիրված տոները գարնանն ենք նշում. տարվա հենց այս եղանակն է ասոցիացվում ջերմության, ծաղկունքի ու կյանքի հետ: Մարտի 8-ը պատմական առումով իրականում կանանց պայքարի օրն է` իրենց իրավունքների համար, և միայն հետո տղամարդիկ այն դարձրեցին մեծարանքի տոն:

Շնորհավորում եմ մեր Կանանց, մաղթում Սեր. աստվածային, վեհ, գեղեցիկ զգացմունքը, որի գաղտնիքը հազարամյակներ չեն կարողանում բացահայտել ո՛չ գրողները, ո՛չ էլ գիտնականները:

«Մարդկանց աշխարհի Կինը» իմ պատմվածքի վերջում գրել եմ, թե որն է իմ կարծիքով կնոջ գաղտնիքը. «Կնոջ գաղտնիքը հավանաբար նրա մարմնի բոլոր բջիջներում գտնվող էներգետիկ կայաններում` միտոքոնդրիումներում (ի տարբերություն տղամարդկանց), ժառանգականության մասին ինֆորմացիա կրող հատուկ գենի` միտոքոնդրիալ ԴՆԹ-ի մեջ է: Եվ այս ամենը է՛լ ավելի զարմանալի է դառնում այն պատճառով, որ ԿՆՈՋ ԳԱՂՏՆԻՔԸ փոխանցվում է միայն ու միայն մայրական գծով: Դուստրը ժառանգում է մայրիկից: Այդ ի՞նչ գաղտնիք են էներգետիկ կայանների միջոցով դարերի խորքից փոխանցում միմյանց մեր աշխարհի կանայք... Միգուցե սիրո՞ գաղտնիքն է... կնոջ գաղտնիքը բողբոջի տեսքով սերնդից սերունդ է փոխացվում:

Կաղապարն իր բողբոջի մեջ ամուր պահում է այն, ինչը հրաշքի տեսքով հատուկենտ ծաղկում է ժամանակի անդառնալիությամբ ընտրյալ կնոջ մեջ: Կնոջ սրտում բողբոջը, քանդելով իր կաղապարը, Սիրո ծաղիկ է դառնում: Մեղուները նեկտարն են հավաքում և առանց դադարի արդար մեղր պատրաստում, որ գոնե մեկ-մեկ պատմությունը չկեղծվի: Երջանիկ եմ, որ Սիրվեցի ու Սիրեցի. նրա սրտում բացված ծաղիկը հրաշքն է իմ կյանքի ու թող կնոջ գաղտնիքը մարդկանց հոգին բարով լցնի». այս տողերով է ավարտվում  օրագիրս: Բայց մի՞թե Սերն ու պայքարն ավարտ ունեն…»

Այսօր, կներեք, բայց խոսելու եմ մեր ժամանակներում միջնադարյան ինկվիզիցիայի իներցիայի մասին, որը ակնհայտորեն ուղղված էր տարբերվող, իրենց սիրուց չհրաժարվող, հասարակությանը առաջ մղող կանանց դեմ: Ես կներկայացնեմ փաստեր, Դուք գտեք նմանությունները մեր օրերի հետ…

Ո՞րն էր տարբերվող, առաջադեմ մտածող, ինտելեկտուալ կանանց թիրախավորելու պատճառը: Մինչ օրս պատմաբանները, հոգեբանները, սոցիոլոգները չեն գտել միանշանակ պատասխան, թե ինչն էր իրական պատճառը կամ պատճառները, որ եկեղեցին՝ աշխարհիկ իշխանությունների թողտվությամբ ու աջակցությամբ, մասսայաբար ու դաժանորեն ոչնչացնում էր հենց այդպիսի ընտրյալ կանանց: Ես ծանոթացա այս հարցը խորը ուսումնասիրած մի շարք գիտնականների աշխատություններին: Հակիրճ Ձեզ եմ ներկայացնում ուշագրավ և մտածելու տեղիք տվող փաստեր:

Իրականում «Վհուկների որսը» սկսվել է ոչ թե 1430 թվականին Ժաննա Դարկին խարույկի վրա այրելուց, այլ դեռ Հռոմեական կայսրության փլուզման ժամանակաշրջանում:

Պարզվում է՝ միայն մոլի, դոգմաներով առաջնորդվող եկեղեցականները չէին  վհուկների որսով զբաղվում, այլև, օրինակ, հանրահայտ բժիշկ Պառացելսը, ռեֆորմատր Մարտին Լյուտերը և մի շարք այլ «լուսավոր» ուղեղներ: Մարիա Զգուռսկայան իր ուսումնասիրություններում նշում է, որ նույնիսկ Ռենեսանսի հայտնի լուսավորիչներից պնդում էին, որ վհուկ կանանց նկատմամբ գթասրտություն պետք է չլինի, քանի որ նրանց կախարդանքները սատանայից են:

Վհուկների որսին ակտիվորեն մասնակցում էին նաև խոշոր ավատատերերը և համալսարանների պրոֆեսորները: Ապա տեսեք, թե ինչ փաստեր է ջրի երես հանել պատմաբան Մարիամ Ստարխոկը իր «Мечты во мраке» աշխատությունում. 1322 թվականին Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում բժիշկները ինկվիզիցիայի շրջանակներում խիստ հարցաքննության են ենթարկել մի երիտասարդ կնոջ, որը ոչ միայն բուսաբուժությամբ էր զբաղվում, այլ նաև բարդ վիրահատություններ էր կատարում, սակայն նա չուներ պաշտոնական բժշկական կրթություն:

Այդ կնոջը վհուկ են ճանաչում և մահվան դատապարտում, սակայն խոստովանում են, որ «նա վիրաբուժության արվեսին և դեղերի պատրաստմանը տիրապետում էր շատ ավելի բարձր մակարդակով, քան Փարիզի ամենալավ բժիշկները»: Վեր հանելով բժիշկների մասնակցությունը վհուկների որսին և նկատի ունենալով այն փաստը, որ վհուկ հայտարարված կանանց մեծամասնությունը զբաղվում էր բուսաբուժությամբ` գիտնականը եզրահանգում է, որ բժիշկները միանալով վհուկների որսին` լուծում էին իրենց ֆինանասական խնդիրները` վերացնելով գրագետ բուսաբույժ կանանց` հիվանդներից բարձր հոնորորներ էին վերցնում:

Մի քանի գիտնականներ արխիվներում ուսումնասիրելով վհուկների որս իրականացնող ավատատերերի և եկեղեցականների կենսագրությունները` հայտնաբերել են, որ նրանցից շատերը տառապել են իմպոտենցիայով և գաղտնի դիմել են բուսաբույժ կանանց, որից հետո, անկախ արդյունքից, նրանց վհուկ հայտարարել և իրենց գաղտնիքներն այդ կանանց հետ այրել խարույկներում:

Պատմաբան Ժուլ Միշելը վհուկների որսը համարում է «պատերազմ կանանց դեմ» և բերում փաստեր, որ ընտրվել են հատկապես այն կանայք, ովքեր չեն վախեցել արտահայտվել, չեն թաքցրել իրենց սերը, որը այս կամ այն պատճառով արգելված է եղել, գեղեցկադեմ կանայք, գիտություններով և քաղաքականությամբ հետքրքրվող և ինքնուրույն տեսակետներ ունեցողները: Կանանց հետապնդող Յակով Շպրենգերը հայտարարել է, որ կանայք սեփական մտքերի իրավունք չունեն, նրանք թույլ են և՛ մարմնով և՛ բանականությամբ:

Վհուկ հայտարարված կանանց մերկացնում էին, որ մարմնի վրա հայտնաբերեն ինչ-որ թեկուզ մի կետիկ, ինչ-որ տարբերող մի խազ, որը հիմա ցելուլիտ են անվանում, միայն թե «ապացուցեն», որ դա սատանայի նշան է: Հաճախ այն տղամարդիկ, ովքեր ինչ-որ կնոջ վհուկ են սարքել, ունեցել են անձնական թշնամանք, ատել են սերն առհասարակ, եղել են անունակ… օրինակ, 1324 թվականին Իռլանդիայում եպիսկոպոս Ռիչարդ դե Լեդռեդը հետապնդել է լեդի Ալիսա Կայտլեռին հենց նման անձնական հիմքերով: Վյուցբուրգում տղամարդկությունը կորցրած մի կղերականի ջանքերով խարույկների մեջ այրվել են 209 կին և 25 երեխա` 4-14 տարեկան, նա ընտրել է հիմանկանում գեղեցիկ կանանց, նաև մի կույր աղջկա, կնոջ, ով տիրապետում էր բազմաթիվ լեզուների: Հատկանաշկան է Ագնեսա Գենշեին վհուկ հայտարարելը և կախաղան հանելը միայն նրա համար, որ չի վախեցել սեղանի վրա բարձրացած սև կատվից, այն պարագայում, երբ տղամարդիկ վախեցել են:

Օլեգ Լոգինն իր «За что казнили ведьм?» աշխատանքում եկել է եզրակացության, որ իրականում հենց պետությունը` իշխանություններն են հաշվեհարդար տեսել այլախոհների հետ, որոնց մեծամասնությունը եղել են առաջադեմ կանայք, և իրենց նպատակի համար ներգրավել են եկեղեցուն: Նա շեշտում է, որ վհուկ հայտարարված կանանց մեծամասնությունը եղել են անպաշտպան այրիներ:

Պարտադիր պայման է եղել վհուկների որսին ներգրավել որքան հնարավոր է մեծ ամբոխ: Այրելուց կամ կախաղան հանելուց պետք էր ապահովել դիտորդների մեծ քանակ, որպեսզի դաս լիներ բոլոր այն կանանց համար, ովքեր կցանկանան հանդգնել սիրել և սիրված լինել առանց թույլտվության, սեփական միտքը արտահայտել, ունենալ այլ կարծիք, զբաղվել քաղաքականությամբ` չլինելով արքայական ընտանիքից, զբաղվել բժշկագիտությամբ` պաշտոնապես չլինելով բժիշկ, սեփականության բաշխման հարցեր շոշափել: Կամ պարզապես այրելով անհատ մի կնոջ` պետությունը վախեցրել է հազարներին` ցույց տալով, որ անհատը ոչինչ է:

Եվ վերջապես վհուկների որսը հիմնականում իրականացրել են սեռական խնդիրներ ունեցող «տղամարդիկ»: Այլ կերպ ասած` պետական կամ անձնական անհաջողությունների մեջ տղամարդիկ պատրվակներ գտնելով՝ մեղադրում են կանանց: Միջնադարում այն արտահայտվել է առավելապես «Վհուկների որսով»: Հետո մեղքերի քավության համար երևի տղամարդիկ տոներ են ստեղծել կանանց համար:

Ահա և ինկվիզիցիայի իներցիան, որը հասել է նաև մեր ժամանակներ...

Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, սկսել ենք առցանց ստորագրահավաք` հանուն արդարության և ազատության: Կարող եք միանալ և ձեր դիրքորոշումը հայտնել որպես քաղաքացի, որպես Մարդ:

Մեկնաբանություններ (1)

Դավիթ Հարությունյան
Ողջույն հարգելի Զարուհի ու Մհեր ջան, Ամբողջ ընտանիքով արդեն միացել ենք ստորագրահավաքին, Մհեր ջան անկեղծ ասած ծանոթ եմ քո հոդվածաշարին սկզբից մինչև վերջ, նույնիսկ կարող եմ ասել, որ դրանցից շատերը կարդացել եմ մի քանի անգամ ու հանգել եմ այն եզրակացության, որ քո գործում բացահայտված է միայն մի հանգամանք, այն է, որ կատարվել է սպանություն և դրա համար հավաքվեր են հատոր ու կես ստորագրություններ մահապատժի պահանջով։ Գրեթե վստահ եմ, որ այդ ստորագրողներից շատերը տեղյակ չեն գործի մանրամասներից ու պահանջել են ծայրագույն պատիժ միայն տուժողների տարածած վերսիաների կամ էլ այն ժամանակվա իշխանության միլիցա մայլյաններից, ինչը առնվազն ապսուրդ է որտև դատապարտելու համար անհրաժեշտ է անկախ ու անկողմնակալ դատարան, ինչը այս գործի պարագայում բացակայում է։Անկախ դատարանը կցանկանար դատավճռի հիմքում դնել գոնե մեկ ուղղակի ապացույց, ինչը այս գործի մեջ պարզապես գոյություն չունի։ Վերջերս հետևում էի հերթական հիստերիկ ու ուղորդված քարոզին Զարուհու ու Մհերի դեմ ու եթե ասեմ զարմացած եմ նույնն է թե ոչինչ չասեմ, բացատրեմ ինչու, տուժողները չեն ուզում ծանոթանալ որևէ ապացույցի, որոնք խոսում են Մհերի առնվազն մեղսագրվող արարքի հետ կապ չունենալու մասին, իսկ այդպիսիք շատ են ես լինելով իրավաբան նկատում եմ մեկ ուրիշ հետաքրքիր բան տուժողները շատ են սիրում կամ առնվազն դրական են արտահայտվում Գործով անցնող մյուս մեղադրյալի մասին, ի դեպ այն մեղադրյալի ով հենց դատավճռով հաստատված է, որ կատարել է բուն կյանքից զրկելու գործողությունը։ Չափազանց հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ տուժողների միակ փաստարկն այն է, որ ասում են թե Մհերը դուրս եկավ բոլորիդ կսպանի, նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ պետք է բոլոր հանցագործներին դատապարտել գնդակահարության ու շատ արագ ի կատար ածել, որովհետև հենց պատժի կրումից ազատվեննորից կկատարեն նոր հանցանք։ Մեկ էլ անկեղծ չեմ կարողանում հասկանալ տուժողների ու վճարովի մունետիկների սառսափը Մհերի գործի վերաբացումից ու նոր քննությունից։ Ես շատ կուզենայի լսել նաև տուժողների բացատրությունը , թե ինչու են հետ կանգնել արդար քննության իրենց պահանջից երբ գործով անցնող մյուս մեղադրյալը սկսել է ցուցմունք տալ տուժողների թմրանյութերի գաղտնի լաբորատորիայի ու էլի շատ բաների մասին։ Ես որպես իրավաբան խեղկատակություն եմ համարում այս գործի քննությունը ու դրանով կայացված դատական ակտը։ Նաև չեմ կարող զսպել վրդոհմունքս երբ դասախոս իրավաբաններ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում ու կարծիք են հայտնում այս գործի մասին այն դեպքում երբ հստակ երևում է որ անգամ թռուցիկ տեղեկություններ չունեն գործի նյութերից։ Հա ոնց քցում բռնում եմ Մհերը անազատության մեջ է պահվում անօրինական, քանի որ նրա վերաբերյալ դատական ակտը բեկանվել է 2003 թ ու մինչև օրս նրա նկատմամբ դատական ակտ կայացված չէ ու եթե հեղափոխություն չի եղել իրավաբանության մեջ, իսկ ես գոնե այդպիսին չեմ լսել համ էլ կարծեմ մեր բազմաչարչար մայր օրենքն էլ էր և է ասում ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են միայն ու բացառապես դատարանները, իսկ ես Մհերի նկատմամբ այդպիսի դատական ակտի մասին տեղյակ չեմ։ այնպես որ ազատություն Մհեր Ենոքյանին։ Լավ վերջ ի վերջո եթե աչք փակենք բազմաթիվ աղաղակող սխալների ու չեղած ապացույցների բացակայությանը, էլ ինչ է պետք մարդուն ուղղված համարելու համար, աշխատանք, ընտանիք, կրթություն ստեղծագործական կյանք, տույժերի բացակայություն․․․․․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter