HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանը վերակառուցվում է անհատ-ներդրողի ճաշակով

Երեւանի քաղաքաշինության վերջին փուլը սկսվել է 90-ականների սկզբին եւ շարունակվում է այսօր: Շուրջ 15 տարի առաջ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում նոր, հիմնարար փոփոխությունների սկիզբ դրվեց: Փոփոխությունները սկսվեցին առանց հաստատված գլխավոր հատակագծի: Քաղաքը կառուցապատվեց մաս-մաս, կտոր-կտոր, այս կամ այն անհատի շահերին, ճաշակին ու ոճին համապատասխան:

Ինչպե՞ս է կառուցվում նոր Երեւանը: Ո՞վ է կառուցում այն: Նախորդ հասարակարգի պայմաններում այս հարցն անիմաստ կլիներ. բոլորը' դպրոցական նստարանից սկսած, գիտեին, որ Երեւանը կառուցվում է գեղեցիկ վարդագույնով, եւ կառուցում է խորհրդային պետությունը: Այսօր պատասխանը միանգամայն այլ է' Երեւանը կառուցվում է այն գույներով, որ ընտրում է անհատ-պատվիրատուն, կառուցում է ցանկացած ոք, ով հող գնելու եւ շինարարություն իրականացնելու միջոց ու հնարավորություն ունի:

Այս գործընթացն օրինաչափ է ետխորհրդային երկրներում: Օրինաչափ են նաեւ հետեւանքները: «Էսօր շինարարական բում է, հատկապես քաղաքի կենտրոնում: Էսօր Երեւանում հողի գները Մոսկվայի կենտրոնի հողի գներ են: Իսկ մենք ժամանակից առաջ ենք ընկել, որովհետեւ գործը շահավետ է, էսպիսի շինարարություն տանելուց առաջ լուրջ նախագծային աշխատանքներ էին պետք»,-ասում է ճարտարապետ Լեւոն Վարդանյանը:

Երեւանի վերջին Գլխավոր հատակագիծը հաստատվել էր 1971 թվականին եւ շատ արագ սպառել իրեն, համարվել ուժը կորցրած: Նոր' թվով 5-րդ գլխավոր հատակագիծը հաստատվել է բավական ուշ' 2006-ին: Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հիշում է. «Մարդիկ դիմում են քաղաքային իշխանություններին, այս կամ այն տեղում կառուցապատում են ուզում անել: Նախօրոք պետք է որոշված լինի' որտեղ ինչ կարելի է կառուցել, որ շենքի հետ ինչ կարելի է անել: Իսկ անձերի որոշման դեպքում սխալներ շատ են լինում: Ցավոք, մինչ օրս այդպես է»:

Նոր գլխավոր հատակագծի աշխատանքային խմբի ղեկավար, «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Գուրգեն Մուշեղյանը նույնպես դրական չի գնահատում 15 տարվա լռությունը. «Ոչ թե 15 տարի հետո պիտի ունենայինք Գլխավոր հատակագիծ' շուկայական հարաբերություններ մտնելով, այլ առաջին օրվանից պետք է լուծվեին ծրագրային խնդիրները, որով քաղաքը զարգանար այս կամ այն ուղղությամբ: Օրինակ' Երեւանը մինչեւ նոր հասարակարգի հաստատումը չուներ այսքան մեծ դիվանագիտական համակարգ, բանկային համակարգ, պե՞տք է տեղավորվենք մի տեղ»:

Նոր հատակագծի համաձայն' Երեւանում կառուցվող ցանկացած շինություն պետք է տեղավորվի միայն քաղաքի համար հաստատված տարածքում: Այլ կերպ ասած' գլխավոր հակատագիծը նախատեսում է, որ Երեւանը պետք է զարգանա իր' 22 հազար հա վարչական տարածքի վրա: Նորակառույց բարձրահարկերը տպավորություն են ստեղծում, որ մայրաքաղաքը հենց այդպես էլ զարգանում է՝ ուղղահայաց դեպի վեր: Իսկ դրանց համապատասխանությունը ինժեներական պահանջներին եւ ճարտարապետական տեսքը որոշում է մեկ անձ' պատվիրատուն: Շրջանառության մեջ է դրված «Ներդրողը միշտ արդարացի է» կարգախոսը, եւ այդ տրամաբանությամբ էլ կառուցվում ու վերակառուցվում է նոր Երեւանը:

Լեւոն Վարդանյանը պարզաբանում է. «Չլինեին Մեդիչիները, չէր լինի Միքելանջելոն, որովհետեւ ճարտարապետությունն ազատ արվեստ չէ, դա պատվեր է հասարակության կողմից: Անհատը պատվիրում է, եթե նա մակարդակ չունի, ճաշակ չունի, պարզ է' գործն էլ անճաշակ կլինի»: Արվեստաբան Ռուբեն Արեւշատյանն իրավիճակի պարզաբանումը կապում է հասարակարգերի փոփոխության հետ. «Հիշենք ճարտարապետի կարգավիճակը խորհրդային հասարակարգում: Ճարտարապետը կենսակերպի կարեւոր իրականացնողն էր, նա էր ստեղծում ապրելու միջավայրը, քաղաքի զարգացման գաղափարը: Իսկ հետո, երբ ֆորմացիան քանդվեց, ասացինք' սա՞ չէր այս երկիրը, որ դուք մեզ համար կառուցում էիք' անորակ, նեղ, անհարմար»:

Ժամանակակից կառուցապատողներն իրենք են փորձում ձեւավորել իրենց միջավայրը: Սակայն, որպես կանոն, դա կատարվում է ուրիշի միջավայրը գրավելու հաշվին: Այլ կերպ ասած' քաղաքաշինությունը մի մարտադաշտ է, որտեղ օր-օրի ակնառու է դառնում դասակարգերին բաժանող սահմանագիծը:

Այսօր մեզանում ձեւավորվել է ներդրող-կառուցապտողների յուրատեսակ մի դասակարգ: Սոցիալական այս շերտի համար քաղաքաշինությունը գրավիչ է որպես շահավետ բիզնեսի հնարավորություն: Այդ պատճառով կարեւորվում է շահավետ վայրերում, բնականաբար մայրաքաղաքի կենտրոնում այնպիսի շինությունների կառուցումը, որոնք հնարավորինս արագ եկամուտ կբերեն: Սա է պատճառը, որ քաղաքի կենտրոնը խեղդվում է բնակելի նորակառույցներից:

Քաղաքաշինության վրա բիզնեսի ազդեցությունն ամենաակնառու ձեւով երեւում է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների հատվածներում:

Այս երկուսն էլ սկսեցին կառուցապատվել մինչեւ Գլխավոր հակատագիծ ունենալը: Հավանաբար, Երեւանը շտապում էր իրականացնել Թամանյանի երազանքը: Թամանյանական հատակագծում այս երկու պողոտաները առանցքային դեր ունեին: Սակայն, որոշ մասնագետների գնահատմամբ, Հյուսիսային պողոտայի թամանյանական նախագծից այսօր պահպանվել է միայն անունը: Մնացածը համապատասխանեցվել է անհատական բիզնես-շահերին: Լեւոն Վարդանյանը Հյուսիսային պողոտան այսպես է գնահատում. «Երեւանում բացվեց հերթական փողոցը, որ կապում է Աբովյանը Թումանյանին: Պողոտայի խնդիր այն չի լուծել: Դա դարձավ ուղղակի բնակելի շենքերի մի հավաքածու: Փողոցի լայնքը եւ բարձրությունը խախտված է, այն շատ նեղ է եւ բարձր: Առաջին հարկերը հասարակական ֆունկցիաներով են, բայց էդքան բնակելի՞ ավելացնել, ինչի՞ համար, որովհետեւ կառուցվում են, վաճառվում, եւ արհեստականորեն քաղաքի կենտրոնը շենքերով լցնում ենք: Էդտեղ ստորգետնյա ուրբանիզացիայի խնդիր կա. 2 հարկանի ստորգետնյա տարածքը շատ քիչ է: Քաղաքի կենտրոնում չի կարելի կառուցապատում կատարել եւ ստորգետնյա ընդերքը չօգտագործել: Մեր ավագները, որ չէին համարձակվում Հյուսիսային պողոտային կպնել, այն պատճառով էր, որ շատ բարդ էր: Իսկ հիմա արվեց մեր ժամանակներին համապատասխան եւ ստացանք բացասական արդյունք»: Նարեկ Սարգսյանը, բնականաբար, համամիտ չէ. «Գնահատական տալ էսօրվա Թումանյան փողոցի մի քանի շենքերով' սխալ է: Պետք է կառուցվի, քայլել էդ փողոցով, նոր զգալ չափերը»:

Իսկ երբ կառուցվի ու քայլենք Հյուսիսային պողոտայով, հնարավոր կլինի՞ շտկել քաղաքաշինական այն սխալները, որոնց մասին մասնագետներն ահազանգում են կառուցապատման ընթացքում:

Սովորաբար, նոր կառուցապատումների բացասական հետեւանքներն առավել շոշափելի են դառնում որոշ ժամանակ անց, երբ հերթը հասնում է բնակչության սպասարկմանը: Դա տրանսպորտային երթ ուղիներից մինչեւ հանգստի գոտիների ստեղծումն ու բնակիչների ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Քաղաքաշինարարները համաձայն են, որ ազատական տնտեսության պայմաններում շուկան է թելադրում՝ քաղաքի որ հատվածում ինչքան եւ ինչ նշանակության օբյեկտներ կառուցել:

Երեւանի կենտրոնի ճանապարհային ցանցը մայրաքաղաքի խոցելի տեղն էր դեռ խորհրդային ժամանակներում: Նախավերջին' 1971 թվականի Գլխավոր հատակագծով նախատեսվում էր կառուցել կենտրոնը շրջանցող արագընթաց մայրուղիներ: Դրա շնորհիվ կենտրոնը զերծ կմնար տարանցիկ երթուղիներից: Սակայն այդ տարիներին եւս շեշտը դրված էր բնակարանային շինարարության վրա, եւ որեւէ նոր մայրուղի չկառուցվեց: 2006 թվականի Գլխավոր հատակագծի աշխատանքային խումբը եւս մեկ անգամ անդրադառնում է այս խնդրին: Նախատեսվում է կառուցել քաղաքի կենտրոնը շրջանցող 3 նոր մայրուղի:

Երեւանի կենտրոնում սկսված քաղաքաշինական մյուս խոշոր ձեռնարկը Գլխավոր պողոտայի կառուցումն է: Թամանյանի մտահղացմամբ պողոտան պետք է լիներ քաղաքի գլխավոր առանցքներից մեկը: Ամբողջացնելով հատակագծի օղակը' պողոտան ուղղվելու է դեպի Հրազդանի ձոր: Պողոտան ձգվելու է Սարյանի փողոցից մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձան: Այս տարածքը նախատեսվում է ամբողջությամբ դարձնել կանաչ գոտի կամ բուլվարային փողոց: Սակայն Գլխավոր պողոտայի կառուցման մեջ նույնպես առաջատար դերը ներդրող-պատվիրատուինն է: Պետությունը' որպես կարգավորող կամ վերահսկող, կամ բացակայում է կամ հարմարվում ներդրողի շահերին:

Ասվածն ավելի առարկայական դարձնելու համար բերենք մի քանի օրինակ. որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե ինչ ճակատագիր է սպասվում է Նալբանդյան-Խանջյան փողոցների միջեւ գտնվող բետոնապատ, վաղուց այլեւս չգործող շատրվաններով տարածքին: Կամ' բոլորովին պարզ չէ, թե ինչպես կարող է Ազգային պատկերասրահի շենքը վերածվել կանաչ գոտու, այն կառուցված է ուղղակի ապագա պողոտայի վրա: Վերջապես, եթե Գլխավոր պողոտան լինելու է մեծ զբոսայգի, որի աջ եւ ձախ կողմերում բարձրանալու են բազմահարկ շինություններ, ինչպե՞ս պետք է կազմակերպվի տրանսպորտային սպասարկումը:

Մասնագետներն ասում են, որ նմանատիպ' տեղական նշանակության խնդիրներ Գլխավոր հատակագիծը չի նախատեսում: Դրանք հիմնականում նախագծվում են թաղամասերի մանրամասն հատակագծերում: Այդպիսիք դեռ չկան, եւ առանց քաղաքաշինական հստակ փաստաթղթի' Գլխավոր պողոտայի վրա արդեն կառուցվում են բազմաբնակարան շենքեր: Պատվիրատու-ներդրողները չեն ուզում ժամանակից ետ ընկնել: Իսկ քաղաքաշինական գաղափարները կհարմարեցվեն ստեղծված իրավիճակին: Դրա փորձն արդեն կա:

Ավելորդ շտապողականությունը եւ կառուցապատողների' միմիայն շահույթ հետապնդելը վտանգում է ոչ միայն Երեւանի ճարտարապետական տեսքը, այլեւ բնակիչների ֆիզիկական անվտանգությունը: Շինարարական մի շարք նորմատիվների անտեսումը կարող է պարզապես աղետաբեր լինել, հատկապես երկրաշարժային գոտում գտնվող մայրաքաղաքի համար: Փաստորեն, այսօր Երեւանի կենտրոնում բնակչի համար ապրելը ոչ միայն անհարմար է, այլեւ վտանգավոր:

Քաղաքաշինարար Կարո Այվազյանն այսպես է բացատրում. « Կա Դեղին գծերի հասկացություն. շենքերը պիտի իրարից հեռու լինեն իրենց բարձրության չափով, այդ նորմատիվները չեն պահպանվում»: Լեւոն Վարդանյանը վստահեցնում է. «Զարգացած երկրներում սա օրինաչափ է' բնակելի տարածքները պետք է լինեն քաղաքից դուրս, որտեղ կանաչ տարածություն, հանգիստ կա, իսկ քաղաքի կենտրոնում հիմնականում գրասենյակային տարածքներ են: Մեզ մոտ բոլորը, չգիտես ինչու, ձգտում են կենտրոն: Կարճ ժամանակ անց մարդիկ կհասկանան, որ կենտրոնը, նույն Հյուսիսային պողոտան ապրելու տեղ չէ: Ապրելու համար մարդիկ ձգտում են քաղաքից դուրս»:

Ինչ էլ որ լինի ապագայում, մի բան պարզ է' ճաշակով, թե անճաշակ, վտանգավոր, թե ապահով, այս նոր կառուցապատումների արդյունքում Երեւանում ձեւավորվում է քաղաքաշինական մշակույթի բոլորովին նոր շերտ:

Ժամանակակից կառուցապատումները թույլ են տալիս ենթադրել, որ Երեւանի կենտրոնը արմատական փոփոխությունների է ենթարկվում: Թե ինչ կստացվի արդյունքում, որեւէ քաղաքաշինարար չի կարող ասել:

«Հայկական նահանգի» եկամուտների եւ արքունի գույքերի կառավարության նախագահ Իվան Շոպենը 1 50 տարի առաջ այսպես է նկարագրել Երեւանը. «Տների առջեւ գտնվող այգիները չունեն ոչ կանոնավոր ծառուղիներ, ոչ էլ կանոնավոր ճանապարհներ զբոսնելու համար: Տանտիրոջ ամբողջ ուշադրությունը գրավում է շատ եկամուտ ստանալու խնդիրը: Իսկ զբոսնելու հարմարություն կամ կոմֆորտ նկատի չի առնված»:

Այսպիսին է Երեւանը նաեւ այսօր:

Աննա Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter