HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչու՞ մինչև այսօր հասարակության համար պարզ չէ, թե որն է ներկայիս իշխանությունների՝ Հայաստանի զարգացման ուղեգիծ-ծրագիրը

Ինձ դուր է գալիս, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ներկայիս իշխանություններից պահանջում են այն, ինչ տասնապատիկ ավել էր իրենց իշխանության շրջանում և ինչ իրենցից պահանջում էր հանրությունը, և ինչ իրենք ոչ միայն չէին անում, այլև  «բացատրում էին» դրանց անխուսափելիությունը: Դա հաստատում է, որ հանրությունն իրավացի էր,

Ինձ դուր է գալիս, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները ներկայիս իշխանություններին քննադատում են այն երևույթների համար, ինչ տասնապատիկ ավել էր իրենց իշխանության շրջանում և ինչի համար նրանց քննադատում էր հասարակությունը, բայց քննադատելու ակտիվ ձևերի դեպքում հայտնվում էր ոչ այնքան հաճելի փակ տարածքներում,

Ինձ դուր չի գալիս, որ Հայաստանի այսպես կոչված արդարադատության գնահատականը դեռևս կախված է Եվրոդատարանի որոշումներից: Քանի՞ վերանայված գործ ունենք Հայաստանի դատական համակարգի տարբեր մակարդակներից, որոնք ցույց կտային Հայաստանի այսպես կոչված դատա-քննչական ողբերգական վիճակը և որոնց իրավական լուծումների դեպքում կպակասեն «Ա.Ա.-ն ընդդեմ Հայաստանի հանրապետության» որոշումները, կավելանան դատարանի կողմից իրենց ոտնահարված իրավունքները վերագտած մարդիկ, կվերականգնվիվստահությունը դատական համակարգի նկատմամբ: Ամենից ավելի լավ դա պատկերացնում են ԲԴԽ ղեկավար պարոն Հարությունյանը և Սահմանադրականի նախագահ պարոն Թովմասյանը, բայց երկուսն էլ կարծեք թե հիշողության ամնեզիա ունեն,

Ես բոլորովին չեմ հասկանում, թե ո՞րն է ներկայիս իշխանությունների տարածքային կառավարման ծրագիրը, և առհասարակ կա՞ արդյոք այդպիսի ծրագիր: Ես բոլորովին չեմ հասկանում, Հայաստանի տարածքային կառավարման սխեման շարունակե՞լու է այսպես կոչված  «համայնքների խոշորացումը» և դրանով տևական հոգևարքի դատապարտելու ծերացող, անհեռանկար գյուղերը և փոքր քաղաքները, թե՞ առաջարկներ են մշակվում Երևան քաղաքից զատ նաև այլ տարածքներ-բնակավայրերի շնչելու համար թոքեր ներարկելու ուղղությամբ,

Ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչու՞ մինչև այսօր հասարակության համար պարզ չէ, թե որն է ներկայիս իշխանությունների՝ Հայաստանի զարգացման ուղեգիծ-ծրագիրը: Սրանում հասարակությու՞նն է մեղավոր, թե՞ իշխանությունը: Հակակոռուպցիան, առավել ևս սելեկտիվ իրականացվող հակակոռուպցիան չի կարող երկրի զարգացման իշխանության ծրագիր լինել, հակակուռուպցիան ցանկացած իշխանության գոյության նախապայման է, ոչ թե երկրի զարգացմանն ուղղված գործունեություն, իսկ քաղաքական կամքով պայմանավորված սելեկտիվ հակակոռուպցիան հակակոռուպցիոն գործունեության հակոտնյան է,

Ինձ բոլորովին, բոլորովին դուր չի գալիս այն, որ ներկայիս իշխանությունները դեռ չեն կարողանում (չեն ուզու՞մ) պատշաճ խոսքով և գործողություններով արձագանքել հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Ինձ թվում է, որ սրա պատճառը Հայաստանի զարգացման ծրագրի բացակայությունն է,

Ինձ դուր է գալիս, որ ներկայիս իշխանությունները դեռևս զանազան աճպարարություններով չեն ձերբակալում իրենց քննադատողներին, փողոցներում դիմակավորված անձանցով և կաստետներով չեն ծեծում նրանց, բայց վախենամ՝ երկրի զարգացման ծրագրի բացակայության պայմաններում այդ օրը շատ հեռու չէ:

Հրանուշ Խառատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter