
Լեռ Կամսարի ժառանգները
Անցած տարեվերջին, 130-ամյակի շրջանակներում լույս տեսավ Լեռ Կամսարի «Ծերուկների մանկապարտեզ» ստվար ժողովածուն։ Այն ընդգրկում է գրողի կյանքի վերջին երկու տարիներին գրված ֆելիետոնները։
Անկախության տարիներին հիմնականում տպագրվել են հեղինակի անտիպ օրագրային նոթերը։ Տան արխիվում երգիծաբանի ձեռագրերը դասակարգված էին որպես լեգալ և անլեգալ գրականություն։ Լեգալը համարվում էին՝ պիեսների մի մասը, ֆելիետոնները, երգիծական մանրապատումները, պամֆլետները, որոնք նա գրում էր, մտածելով, որ դրանք հնարավոր է տպագրել խորհրդային մամուլում, իսկ անլեգալը՝ հիմնականում օրագրությունն էր, որը գրողը գրում էր սերունդների համար։
Ձեռագրերն արդեն լույս աշխարհ բերելու հնարավորությունից օգտվելով, հիմնականում զարկ տրվեց օրապատումներին։ Բայց արի ու տես, որ սովետական գրաքննության քիմքին անհաճո են եղել նաև ֆելիետոններից մեծ մասը և հատորներից դուրս են նետվել, և այդ բացթողումը լրացրեց «Ծերուկների մանկապարտեզը», իհարկե միայն 1964 և 1965թթ․-երի կտրվածքով։ Փաստորեն, այս գրքի ամբողջ ծավալը Կամսարը ներկայացրել էր «Մարդը տանու շորերով» գրքի հրատարակման համար, որ ոչ միայն կրճատվել էր մեծամասամբ, այլև անմիջապես տպվելուց հետո վաճառքի վրա արգելանք էր դրվել, և որն էլ նրա մահվան պատճառն էր դարձել։ Դե, օրից մի օր արդարությունը հաղթանակում է՝ և ոչինչ, որ դա լինում է կես դար հետո։
Գրքի գեղարվեստական արժանիքը թողնենք, որ ընթերցողը գնահատի և արժևորի։ Միայն մի դիտարկում անենք։ Պարբերաբար ասվում է, որ Կամսարն պայծառատես է, գուշակ՝ գրել է բոլոր ժամանակների համար։ Իսկ երբևէ չե՞ք մտածել, որ հոսում է ժամանակը, աշխարհաքաղաքականությունն ու աշխարհընկալումը փոխվում է, բայց մարդկային արատները մնում են անփոփոխ և դրսևորման ձևերը մնում են նույնը։ Երգիծաբանը ինչ գրել է իր ժամանակներում ակտուալ է նաև այսօր և հրատապ կլինի նաև վաղը։
Եթե նա իրո՛ք աներկբա կանխատեսող լիներ, ապա մահվան վերջին շնչում կասե՞ր․ «Այդպես էլ․․․ ես ինձ արժանի ժառանգ չունեցա»։ Միթե նա չէր կանխազգացել, որ իր սփռած սերմերը ծիլ են տալու, կանաչելու են, և ծնվելու են իրեն արժանի ժառանգներ, որոնք կյանք են տալու իր անթեղված ձեռագրերին․․․
Միայն անցած տարի չորս հատոր գիրք լույս աշխարհ եկավ։
Հոբելյանական առաջին գիրքը՝ «Լեռ Կամսարի օրագրային արձակը» կյանքի կոչեց գյումրեցի գրականագետ Կարինե Մարտիրոսյանը։
Երկրորդը՝ «Միայնակը», տպագրվեց Արմեն Քեշիշյանի, Հայկ Խեմչյանի, Գևորգ Մշեցի-Ջավրուշյանի կողմից։
Երրոդ գրքի՝ «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունը և հրատարակումն աննախադեպ էր, քանի որ իրականացրել էր ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը։
Եվ վերջապես, վերջին չորրորդը՝ «Ծերուկների մանկապարտեզը» ընթերցողի սեղանին դրվեց իմ և Քրիստինե Հովհաննիսյանի ջանքերով։
Բազում են Կամսարի արժանի ժառանգները, ովքեր սատարում են ինչպես կարողանում են՝ և՛ վերծանելով, և՛ խմբագրել-սրբագրելով, և՛ տպագրության համար գումար տրամադրելով, և՛ պատկերազարդելով։ Այս անսահման նվիրումից դեռևս հրատարակվել է երգիծաբանի անտիպների միայն կեսը։ Եթե Կամսարն ամբողջությամբ բացահայտվի հանրության համար՝ համոզված եմ ամբողջ ժողովուրդը սատար կկանգնի նրա գրական ժառանգության տարածմանը։
Լեռ Կամսարի ժողովածուները կարող եք գտնել Երևանի կենտրոնական գրատներում։
Վանուհի Թովմասյան
Հատվածներ Լեռ Կամսարի «Ծերուկների Մանկապարտեզ» ժողովածուից
Բանտարկյալի հուշերից
Ես ձերբակալվեցի 1935 թվի նոյեմբերի 25-ին և դատապարտվեցի 20 տարվա տաժանակրության։
Թե ո՞ր հանցանքիս համար, մինչև օրս էլ չեմ հիշում։
Չեմ հիշում ես, որ մեծ հիշողության տեր մարդ եմ։
Ես հիշում եմ, թե ինչպես 15 տարի առաջ՝ իմ մեկուսարանում պառկածս ժամանակ, ներս թռավ մի ծիտ և առաստաղին կպած՝ ծրտեց աչքիս մեջ, բայց չեմ հիշում, թե իմ «դատավարությանը» ի՞նչ հանցանք առաջադրեցին ինձ դատավորներս։ Մի բան, որից կարելի է ենթադրել, որ իմ գործած հանցանքը ծտի ծերտից էլ փոքր է եղել։ Այլապես պիտի հիշեի։
Ասենք, մեր երկրում բանտարկվելու համար այնքան էլ հանցանքի կարիք չի զգացվում։ Բռնում են անմեղ, ստիպում են ինքդ քեզ համար հանցանքներ որոնես, տաս դատավորի ձեռքը, որ քեզ դատապարտի։
Այդ էլ կարելի է ու զարմանալի չէ։ Միայն թե ժամանակ տային մտածելու։ Մանավանդ ինձ, որ բնականից մի փոքր շատ եմ անմեղ և հանցանք ճարելու համար շատ երկար պիտի մտածեի։
Իսկ երբ լցված ատրճանակի փողը քեզ են դարձնում և հրամայում հանցանքդ ասել, ստիպված ես հանպատրաստից մի որևէ բան ասել։
Աքսորում մի կալանավոր պատմում էր. «Երբ դատավորը ատրճանակ քաշեց վրաս և պահանջեց հանցանքս, ես, ինձ կորցրած, արտասանեցի Ղազարոս Աղայանի «Ծիծեռնակը բույն է շինում» ոտանավորը, որ մանկությանս օրերից մեխվել էր գլխիս մեջ»։
Հավանաբար, ես էլ «Արագիլ, բարով եկարը» արտասանած լինեմ, որովհետև երեխաներիս քնեցնելիս միշտ դա եմ երգել։
***
Ես ձուլված էի կնոջս և երեք երեխաներիս հետ և ապրում էի միայն նրանցով։
Այնպես որ, երբ երկու չեկիստներ եկան և ուզում էին ինձ տանել, ես հետաքրքրությամբ սպասում էի, թե նրանք ինչպե՞ս պիտի բաժանեն ինձ իմ ընտանիքից՝ առանց կնոջս ու երեխաներիս էլ հետները տանելու։
Մենք ձուլված էինք հոգով և մարմնով։
Եթե երկու չեկիստներին հաջողվեր վերջապես մարմինս անջատել ու բանտ տանել, ես կլինեի ապաքեն կես բանտարկյալ, ու նրանց չէր հաջողվի կալանել հոգիս, որ բարձր է մարմնիցս։
Արդյո՞ք նրանք կկալանավորեն ինձ քնած վիճակումս։ Մանավանդ, որ իմանային, թե ես քնածս տեղը քաղցր երազներ եմ տեսնում և դրանով կարող եմ ի չիք դարձնել ինձ տանջելու նրանց բոլոր ջանքերը։
Իսկ եթե մեր կառավարությունը հոգուն կարևորություն չի տալիս և մեր մարմինն է միայն ուզում, ինչո՞ւ գերեզմաններից չի հանում մեռածներին և բանտ տանում։
Ո՞ր մեռածը սովետական բանտը չի գերադասի գերեզմանից…
Մանավանդ այն մեռելները, որոնք հույս չունեն արքայություն գնալու։
Փոխանակ երկնային դժոխքն ընկնելու համար մեծ ճանապարհ կտրելու՝ ահա դժոխք քթիդ տակ։
Այն էլ իսկական դժոխք։
Երկնային դժոխքում սատանաները ոչինչ չեն տալիս մեղավորին ուտելու, բայց միաժամանակ 15 րոպեով «պրոգուլկայի» են հանում՝ իրենց բնական կարիքները հոգալու համար։
Է, ոչինչ չուտող մեղավորը ոչ թե 15 րոպե, այլ 15 տարի էլ նստի, ոչ մի արդյունքի չի հասնի։
Մինչդեռ երկրային դժոխքում բանտարկյալին ուտելիք են տալիս այնքան, որ թեև ամեն օր չի կարող արգասավորել իր «պրոգուլկան», բայց այնուամենայնիվ ամիսը մեկ անգամ երջանիկ է զգում իրեն և չի մոռանում իր արտաքնոց գնալու սովորությունը…
Իր «վերջին դատաստանում» Աստված երբեք չի ծեծում դատվողին իր չգործած մեղքերը խոստովանելու համար, որովհետև եթե ծեծի, բոլորը «կխոստովանեն» ու դժոխք կերթան՝ արքայությունը թողնելով դատարկ։ Մինչդեռ սովետական կառավարությունը, երկաթե վարագույրներ կախելով իր երկրի շուրջը, ողջ երկիրը բանտ է դարձրել, արքայություն չկա, այդ պատճառով էլ ծեծում է, որ ոչ մի արդար գոյություն չունենա։
Ծեծում է, որ խոստովանեն, իսկ չխոստովանողին՝ սպանում։
Միայն այս կառավարության լավն այն է, որ սպանելուց 20 տարի անց… արդարացնում է։
Արդարացնում ու շքանշան կախում կրծքից։
Եվ այդ այն ժամանակ, երբ նրա դիակը գերեզմանում վաղո՜ւց փտել է…
***
Երբ ինձ երկաթուղի դրին Սիբիր քշելու, Երևանում սաստիկ տոթ էր։
Բայց ես արդեն սկսեցի դողալ սաստիկ ցրտից։ Հենց վագոնում սկսեցի սառչելու փորձեր կատարել, որ Սիբիրում հանկարծակիի չգամ։
Ա՜խ, եթե ինձ հաջողվեր հենց Երևանում սառչել ու Սիբիրի արհավիրքները չտեսնել…
Որովհետև Սիբիրում իմ միակ ցանկությունն էր մեռնել և Երևանի տաք հողում թաղվել։ Ու սաստիկ զարմանում եմ, թե ինչո՞ւ տաք երկրում ապրողները չեն շտապում մեռնել։ Քսան տարի Սիբիրում ապրելը հեշտ է, իսկ հավիտյան այնտեղ մեռնելը՝ զարհուրելի։ Որովհետև մի անգամ թաղվելուց հետո գետինն այնպես է սառչում, որ այնտեղից դուրս գալու այլևս ոչ մի հնար չի լինում։ Եթե Հիսուսը խաչվելուց հետո թաղված լիներ Սիբիրում, ոչ թե երեք օրից հետո, այլ երեսուն դար էլ աշխատեր, չէր կարող հարություն առնել։ Այնտեղ հողը դինամիտով են պայթեցնում, իսկ եթե Հիսուսն իր գերեզմանը դինամիտով պայթեցներ, գերեզմանից դուրս գալուց հետո քառասուն օր երկրի վրա ման չէր գա, այլ անմիջապես երկինք կհամբառնար՝ իհարկե, մեծ կտորը ականջն ունենալով։
Եվ Սիբիրում թաղվածները երբեք «վերջին դատաստանին» չեն ներկայանա։
Գաբրիել հրեշտակի դա՞րդն է կտրել, դինամիտ պայթեցնելով այնտեղ, մեռածների հոգիները երկինք տանել դատելու։
Նրանց դատավճիռը կլիներ «ի բացակայություն»։
***
Սովետական մարդն իր «ազատ» վիճակում էլ բանտարկված է, որովհետև իր երկրից դուրս գալու իրավունք չունի։ Այդ վիճակում, երբ բանտարկում են մարդուն, նա հագնում է կրկնակի բանտ։
Բայց բանտերի շարանը դրանով էլ չի վերջանում, որովհետև երկրորդ բանտի մարդն էլի հնարավորություն ունի նոր հանցանքներ գործելու և երրորդ բանտն ընկնելու, որը կոչվում է մեկուսարան։
Այսպիսով՝ մարդը դառնում է ձվի դեղնուց՝ շրջապատված կեղևով…
Եվ մեր պետությունն այդ մարդուն անվանում է «աշխարհի ամենաազատ մարդը»…
Լավ չէ՞ր, որ Աստված մարդուն անասուն ստեղծեր, որ նա լեզու չունենար այսքան խոշոր սուտ խոսելու։
Եվ մեզ մոտ բանտերն այսպես անվերջ են նրա համար, որովհետև հանցանք գործելը սաստիկ դյուրամատչելի է։ Աջ ոտքդ գցես՝ հանցավոր ես, ձախը գցես՝ հանցավոր ես։ Ոտք չունեցող անդամալույծին էլ հանցանք կա, իր հոգեվարքն ապրող հիվանդն էլ ունի իր ուժերին համապատասխան հանցանք։ Այն ո՞ր մեռնողն է, որ մեռնելուց առաջ չի ցանկանա մի բաժակ տաք կաթ խմել։ Իսկ ցանկանալ մի բան, որ սովետական կառավարությունը չի կարող տալ իր ժողովրդին, շատ մեծ հանցանք է։
Իմ մայրը մի բաժակ կաթի կարոտով մեռավ, բայց կառավարությունը նրան չտարավ Սիբիր թաղելու միմիայն նրա համար, որ այնտեղի հողը սառած է, և գերեզման փորելը դժվար։
Իսկ սովետական մարդը միայն կաթի կարոտ չի քաշում։ Նա կարոտ է քաշում աշխարհային բոլոր բարիքների, որոնցից ոչ մեկը չի տալիս իր կառավարությունը։ Չունի։ Հետևաբար, նրա օրենսգիրքը լցված է անթիվ հանցանքներով։ Հանցանք կաթի համար, ավելի մեծ հանցանք մածնի համար, որովհետև մածունը պիտի մերել նրա չունեցած կաթից, հանցանք պանրի, յուղի, մսի, մակարոնի, վերմիշելի, բրնձի։
Մնում է մի հանցանք էլ մեռածի համար հորինել, որ պատկերը կատարյալ լինի։
Կարծում եք չկա՞ այդ հանցանքը։ Կա։
Այն մարդը, որ մեռնում է աչքը բաց, ամենամեծ հանցավորն է, որովհետև դրանով հավիտյանս պիտի տեսնի պետության գործած չարագործությունները։ Այն մարդը, որ մեռնում է աչքը փակ, նույպես հանցավոր է նրա համար, որ չի ուզում տեսնել նրա «սոցիալիստական շինարարությունը»։
Ինձ հետ գետի նավը նստած մի կույր կալանավորի ափ հանեցին, գնդակահարեցին՝ ասելով, որ դիտմամբ է կուրացել, որ չտեսնի իրենց այդ անիծյալ «սոցիալիստական շինարարությունը»։
Այս բոլորով ես կամեցա ասել, որ մեզ մոտ հանցագործությունը առանձին ֆիզիկական ուժ չի պահանջում, նա ավտոմատ է…
***
Տաժանակրությանս առաջին տարին բեռնակիր էի։ Գետանավի ապրանքներ էինք դատարկում՝ այն ճոճուն սանդուղքների վրայից ափ հանելով։
Ես՝ ֆիզիկական աշխատանքի անսովոր, բեռս՝ ծանր։
Մի անգամ հավասարակշռությունս կորցնելով՝ բեռանս հետ գետը գլորվեցի։ Բրիգադիրը լողվորներ ջուրը գցեց փրկելու ոչ թե ինձ, այլ իմ բեռը։ Ես փրկվեցի՝ լողվորներից մեկի ոտներին կառչելով։ Լողվորը քացի էր տալիս՝ ինձանից ազատվելու, ես մեռնողի ճիգով կպել էի նրա ոտքին։ Վերջում բեռս ազատելուց հետո ի միջի այլոց նաև ազատեց ինձ։
Դրանից հետո ինձ դատեցին։ Չիմացա՝ ազատվելո՞ւս համար, թե՞ ուժիցս վեր ծանր բեռ տանել չկարողանալուս համար։ Հավանաբար, երկուսի համար էլ։ Որովհետև ո՞վ է տեսել այս երկրում, որ մարդ ցանկանա ապրել և հանդգնի գետում չխեղդվել։ Ո՞վ է տեսել, որ մարդ ուժ չունենա ամեն ծանրության բեռ տանելու։
Անգամ ճոճվող սանդուղքի վրա…
Այստեղից հանցանքների նոր շարան։ Բանն այնտեղ կարող է հասնել, որ չպատժվելու համար դու աչք պետք է առնես Մասիսն անգամ շալակել և անցնել… ճոճուն սանդուղքի վրայից։
Հանցանքի աբստրակցիա…
***
Երկրորդ տարին, չորս ընկերներով լծված, գերաններ էինք քարշ տալիս գետափ չորս սահնակներով։ Առաջին սահնակին լծված էինք մենք՝ մարդիկս, երկրորդ սահնակին՝ եղջերուներ, երրորդին՝ ձիեր, չորրորդին՝ շներ։
Եթե եղջերուները, ձիերն ու շներն էլ սոցիալիստներ լինեին, մենք կարող էինք «սոցմրցման» պայմանագիր կնքել իրար մեջ և «կարմիր տախտակին» արժանանալ։
Բայց մեր անասուն կոլեգաներն անհատապաշտ էին, իրենց տրված կերը ուտում էին՝ առանց ցեղակիցներին հաշվի առնելու։
Մի օր քաշող շներից մեկը սատկեց, նրա փոխարեն պատիվ ունեցա ինքս լծվելու։
Ես պայթելու աստիճանի ուժ էի գործադրում՝ միանգամայն վստահ, որ իմ նախորդ շան նման անպատիվ չեմ սատկի, այլ որպես մարդ պատվավոր կմեռնեմ։
Հետո՝ ես ախր հայտնի գրող եմ։ Ամերիկայում հրատարակվող մի հանդես ինձ անվանել է «Ներկայումս ապրող մեծագույն հայ երգիծաբան»՝ հնարավո՞ր բան է, որ «սատկեմ»։
Եվ ոչ մեռնեմ և մեռնելուց հետո էլ… անմահանամ։
Ա՜խ, եթե իմ լծակից շները կարդալ իմանային, ճանաչեին իմ ով լինելը, արդյոք ավելի հարգանքով չէի՞ն վերաբերվի ինձ հետ, քան սովետական կառավարությունը…
***
Երբ կալանավորներին քշում են հեռավոր անտառ՝ նոր լագեր կառուցելու, առաջին անգամ շինում են բանտ ընդհանրապես հանցավորների համար, նրա կողքին էլ՝ մի շարք մեկուսարաններ՝ ավելի մեծ հանցագործներ բանտարկելու։
Մենք ուղարկված ենք այդպիսի ամայի անտառ՝ նոր լագեր կառուցելու գերաններից։
Դեռ գործը չսկսած՝ մեզանից հինգ հոգի հիվանդացան, բայց չկարողանալով իրենց հիվանդ լինելն ապացուցել՝ սիմուլյանտ հռչակվեցին և պիտի իրենց պատիժը կրեին մեկուսարան-բանտերում։
Նույն երեկոյան հինգ հիվանդներից երեքն իրենց հիվանդությունները հաստատելու համար մեռան, իսկ երկուսը շտապ սկսեցին մեկուսարաններ կառուցել, որ բանտարկվեն։
Կարելի՞ բան է պատիժն անորոշ ժամանակով հետաձգել։
Ինչո՞ւ ամեն կալանավորի շալակին չեն բարձում մի մեկուսարան, որ հանցանք գործելուն պես մեջը նստի և… ինքն իրեն շալակի։
***
Եվ ահա մի ամսից ավելի է, ինչ ես պառկած եմ մեկուսարանում մեն-մենակ։
Իմ միակ ընկերները երկու ծտանման մանր թռչուններ են, որոնք բույն են շինել խցիկիս առաստաղում և ապրում են իրենց համար։
Նայում եմ նրանց և ասում.
- Երանի ձեզ։ Դուք ապրում եք կարճ ճանապարհով։ Այսինքն՝ միմիայն ուտում և սիրում եք իրար։ Չգիտեք՝ ի՞նչ է սոցիալիզմ, սովետական կառավարություն, Չեկա, բանտ, աքսոր ու տաժանակրություն։ Իսկ չճանաչել այս բոլորը նշանակում է լինել աշխարհում ամենաերջանիկը։ Ուզում ես թռչուն եղիր, կենդանի, թե գազան։
Ձեր խոսք տալն իրար ու ամուսնանալը մեկ է լինում, իսկ որ մարդ լինեիք՝ նշանդրեք, թաբախ, դհոլ, զուռնա, ամուսնություն ու բաժանում։
Ինչքա՜ն չունեք այն ավելորդ բաները, որ մարդիկ ունեն։
Փառք տվեք արարչին, ուրեմն, որ մարդ չեք ծնվել։
Մարդկությունն ավելորդաբանություն է։
Եթե ոչ գազանություն…
1964թ․
Երկու քարի արանքում
Սա 45 տարի է սովետական կարգերում ես ինձ զգում եմ գերության մեջ։
Մի ժամանակ ես այն հույսն ունեի, թե մի օր կմեռնեմ ու կազատվեմ այս դժոխքից, բայց այսօր հանկարծ մի միտք եկավ գլուխս ու հիմա այդ մտքից եմ սարսափում։
Իբրև երգիծաբան գրողի՝ բոլորը Հակոբ Պարոնյանին համարում են անմահ։
Իսկ ինձ էլ՝ երկրորդ Հակոբ Պարոնյան։
Ասում եմ՝ երբ մեռնեմ, ուրեմն, ես է՞լ անմահ պիտի դառնամ։
Անմահ դառնամ ու հավիտյան ապրե՞մ այս կարգերում…
Ո՜չ, ես չեմ մեռնի, ուրեմն։ Ավելի լավ է մահկանացու մնամ և մեռնելու հույսով ապրեմ, քան մեռնեմ, անմահանամ ու հավիտյան այս ռեժիմում ապրեմ։
Պարոնյանն անմահացավ, բարով անմահանա։ Նա ապրել է Պոլսում, սուլթանական ռեժիմի տակ, որ հազար անգամ թեթև է, քան բոլշևիկյան ռեժիմը։
Պարոնյանն իր բոլոր ասելիքներն սպառեց, նոր մեռավ, իսկ ես իմ բոլոր ասելիքները հետս գերզման պիտի տանեմ։
Ահա՛ սոսկալին…
1964թ․
Մեկնաբանել