HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան. «Մեր նպատակը ոչ թե ինչ-որ մեկի բիզնեսին վնաս տալն է, այլ ծխախոտի սպառումը նվազեցնելը»

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով է հրավիրվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հանձնաժողովը քննարկվում է ծխելը հանրային վայրերում արգելող նախագիծը, որը կառավարությունում շրջանառության մեջ է դրվել։

«Մենք ունենք օրենքի նախագիծ, որը քննարկման փուլում է, որով առաջարկվում է բոլոր հանրային փակ վայրերում արգելել ծխելն ընդհանրապես, նախագիծը նոր չէ, բայց փոփոխություններ են եղել, այս պահին էլ շատ հանրային վայրերում արգելված է ծխելը, մենք առաջարկում ենք սահմանափակումները տարածել բոլոր հանրային վայրերում։ Եթե սահմանափակումներով կարող ենք բերել գործողության որոշ տեսակների խաթարման, բայց, կներեք, մենք ունենք պետություն, որն ունի պոզիտիվ պարտավորություններ՝ պաշտպանելու մարդկանց առողջությունը»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարը խոսեց նաև նման վայրերում աշխատող անձանց իրավունքների պաշտպանության մասին՝ նկատելով, որ եթե քաղաքացին մեկ-երկու ժամ կարող է ժամանակ անցկացնել ինչ-որ վայրում, որտեղ ծխում են, այնտեղ աշխատողներն ամբողջ օրը ստիպված են համարվել պասիվ ծխող։

Թորոսյանն ասաց՝ դեմ չէ, որ նախագիծը դրվի հանրային քննարկումների, միգուցե օրենքի ընդունվելուց հետո այն սկսի գործել ինչ-որ ժամանակ անց, մինչ մասնագիտացված նման հանրային վայրերը վերապրոֆիլավորվեն, սակայն «չի կարող ստորադասել մարդու առողջությունը»։

«Մենք ասում ենք՝ ծխեք, վնասեք ձեր առողջությունը, դա ձեր ընտրությունն է, բայց ուրիշների առողջությունը մի վնասեք»,- ասաց նա։

Թորոսյանը հիշեցրեց, որ ժամանակին Երևանում շատ կազինոներ կային, սակայն որոշվեց, որ կազինոներ չեն լինելու Երևանում, փակված կազինոներն էլ ժամանակ ունեցան վերապրոֆիլավորվելու։

Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ ծխախոտի ակցիզային հարկի բարձրացումը էականորեն նվազեցնելու է ծխախոտի սպառումը, ծխելու սպառման նվազեցման պայմաններից են նաև տուփերի վրա վատ նկարներ դնելը, սոցիալական գովազդները։

Թորոսյանն անդրադարձավ նաև կառավարության նիստի օրն իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճին, երբ քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Նախարարը մանրամասնեց՝ քննարկումն առնչվում էր էլեկտրոնային սիգարետներին, որոնք գործող օրենսդրությամբ չեն հարկվում որպես սիգարետ, այլ՝ սիգարետի հումք, ինչը, նախարարի գնահատմամբ, աբսուրդ է։

«Մենք առաջարկում ենք, որ առանձին կոդ չլինի, այլ հավասարվեր սովորական սիգարետի կոդին, ֆինանսների նախարարությունը որոշել էր, որ դա պետք է լինի առանձին կոդ, ի դեպ, այդ հարցով այսօր էլի քննարկում ունենք. մեր նպատակը ոչ թե ինչ-որ մեկի բիզնեսին վնաս տալն է, այլ ծխախոտի ապառումը նվազեցնելը»,- ասաց նա։

Հանձնաժողովի անդամ, մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը չհամաձայնեց նախարարի այն դիտարկման հետ, որ ծխողներն առանձնանան ծխելիս, վերջինս նկատեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ծխողները գիտակցեն, որ դա վնասում է իրենց առողջությանը, պետք է առողջ ապրելակերպ քարոզել, միգուցե սուպերմարկետներում ավելի գրավիչ ցուցատախտակներում չցուցադրվեն։

 «Նարգիլե սիրողների միության» մասնագիտացված ակումբի անդամ Գոռ Գասպարյանն ասաց, որ այս օրենքի նախագծից իրենք ոչ թե տուժելու են, այլ ուղղակի փակվելու են, քանի որ մարդիկ իրենց սրահներ հաճախում են միայն նարգիլե ծխելու համար։

«Եթե, օրինակ, ռեստորանին, փաբին տալիս եք այլընտրանք, որ հաճախորդը կարող է դուրս գալ ու ծխել, մենք նման այլընտրանք չունենք, քանի որ մեզ մոտ հատուկ նարգիլեի համար են գալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ 700 մարդ անգործ է մնալու օրենքի ընդունումից հետո։

Թորոսյանն ասաց, որ պատրաստ են հանրային քննարկումներ սկսել՝ օրենքի՝ ժամկետի մեջ մտնելու օրվա և այլ հարցերի վերաբերյալ, սակայն պնդեց՝ չի կարող ստորադասել մարդկանց առողջության իրավունքը։ Թորոսյանը խոսեց նաև այն մասին, որ եթե թույլատրվի նարգիլե ծխելը, ապա ինչպես պետք է հսկողություն սահմանվի, որ նման վայրերում ծխախոտ չծխեն, արդյունքում կլինի մի տարբերակ, երբ ոչ հավասար պայմաններ կլինեն շուկայում։

«Մեզ համար կա հանրային գերակա շահ, մենք ողջունում ենք բիզնես շահերը, բայց չենք կարող զիջել առաջնային շահը»,- ասաց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter