HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյանը՝ վարչապետի հետ բանավեճի մասին. «Տեսակետս միշտ հայտնել եմ ու հայտնելու եմ»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է՝ միշտ հայտնել է իր տեսակետը և շարունակելու է հայտնել։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչ եզրահանգման է եկել՝ պե՞տք է կարծիք հայտնի, թե ոչ։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին վիճաբանություն էր առաջացել նախարարի և վարչապետի միջև, երբ քննարկվում էր Հարկային օրենսգիրքը, նախարարը, ի պատասխան վարչապետի դժգոհությունների, ասել էր, թե՝ ինչ է, կարծիք չպե՞տք է հայտնի։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երկրորդ կարծիք չի՞ հանդուրժում, նախարարն արձագանքեց. «Երևի տեսաք՝ ինչ լավ քննարկում ունեցանք»։

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկում էր հրավիրվել ծխելը հանրային վայրերում արգելող նախագծի վերաբերյալ, քննարկումը նախարարը դրական գնահատեց. «Քննարկումը միանշանակ արդյունք տվեց, սա առաջինն էր, կլինեն շարունակական բոլոր շահագրգիռ հանձնաժողովներում, մեր կողմից սա կոնստրուկտիվ տրամադրվածություն է ցանկացած հարց քննարկելու։ Նորից եմ կրկնում՝ առողջ մնալու և առողջության իրավունքը երբեք չպետք է ստորադասվի այլ իրավունքների»,- ասաց նախարարը։

Թորոսյանը կրկին ընդգծեց՝ պատրաստ են տարբերակներ քննարկել, որպեսզի որևէ տնտեսվարող սուբյեկտ չտուժի, ապա հավելեց՝ «դա չպետք է արվի մեր բոլորի առողջության հաշվին»։

Հարցին, թե իր նշանակվելուց հետո քա՞նի գրությամբ է դիմել իրավապահ մարմիններին, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել, նախարարն ասաց.

«Իմ ուղարկած գրությունների քանակը չեմ հիշում, որովհետև դա իմ հիմնական նպատակը չէ, մենք զբաղվում ենք մեր հիմնարկների արդյունավետ աշխատանքով»։

Դիտարկմանը, որ ըստ մի շարք բժիշկների նախարարը «գործ տալու» գործընթաց է իրականացնում, նախարարն ասաց.

«Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին, եթե կա պաշտոնյա, որն իրավապահ մարմիններին չի հայտնում իրավախախտումների մասին, ապա նա թաքցնում է իրավախախտումը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter