
Էջմիածնի ճանապարհները դառնում են անանցանելի
Էջմիածնի ճանապարհներին օրեցօր ավելանում են փոսերը, իսկ վերանորոգման աշխատանքներ այդպես էլ չեն կատարվում: Ընդամենն օրեր առաջ կենտրոնական ճանապարհների մեծ փոսերի մի մասն է լցվել, սակայն դրանից իրավիճակը չի փոխվել: Փոսերը շրջանցելու համար երբեմն ավտոմեքենաները հայտնվում են հանդիպակաց ճանապարհահատվածում, ինչը լուրջ վթարային իրավիճակ է ստեղծում:
«Էս ճանապարհներն եք ուզում սարքե՞լ: Մաղարիչ կանեմ, մենակ թե օր առաջ սարքեք: Ավտոները փոսերից փախցնելով՝ արդեն մայթերով են քշում»,- այսպես դիմեց քաղաքի Թումանյան փողոցի բնակիչներից մեկը՝ տեսնելով լուսանկարչական ապարատը: Նա մեզ շփոթեց քաղաքապետարանի աշխատակցի հետ և պատրաստ էր նույնիսկ «մաղարիչ» անել գյուղերը Էջմիածնին կապող գլխավոր այդ ճանապարհը վերանորոգելու համար:
Նույն վիճակում է գտնվում նաև քաղաքի Պետրոզավոդսկ փողոցը և նմանատիպ շատ փողոցներ: Իսկ Արարատյան փողոցի մայթերն այնքան են քանդվել, որ մարդիկ նախընտրում են փողոցով քայլել, քան դուրս գալ մայթ:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից «Հետք»-ին փոխանցեցին, որ ասֆալտապատման աշխատանքներ սկսելու համար եղանակային պայմանները դեռ նպաստավոր չեն:
«Էջմիածնի քաղաքային իշխանության մարտավարությունն է` անել հետզհետե, քայլ առ քայլ, բայց կապիտալ և որակով, ինչը կծառայի երկար և չի պահանջի նոր ներդրումներ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ անհրաժեշտությունից ելնելով՝ մինչ բուն ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը Էջմիածնի մի շարք փողոցներում կատարվել են խոր փոսերի ժամանակավոր փոսալցման աշխատանքներ»,- ասված է լրատվական ծառայության պատասխանում:
Ըստ քաղաքապետարանի՝ փոսալցումը կատարվել է համայնքապետարանի «Բարեկարգում տնօրինություն» ընկերության ուժերով, անհրաժեշտ տեխնիկան ժամանակավոր անհատույց օգտագործմամբ տրամադրել է Ստեփան Մուրադյան ԱՁ-ն: Ձեռք է բերվել միայն ասֆալտը` քիչ քանակությամբ: Ասֆալտը գնվել է «Շին պլյուս» ՍՊԸ-ից, և գնումը չի գերազանցել 1 մլն դրամը:
«Ավելի ուշ` եղանակային նպաստավոր պայմանների առկայությամբ կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները: Այս պահին ընթացքի մեջ են փողոցների գույքագրման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքների համար մրցույթ դեռ հայտարարված չէ»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:
Նշենք, որ Էջմիածին համայնքն օգտվելու է կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրից, որի պարագայում կատարվող հիմնանորոգման համար պետությունը տրամադրելու է 45 % համաֆինանսավորում, իսկ 55 %-ը ներդրվելու է համայնքի միջոցներից:
Հիշեցնենք, որ Էջմիածին քաղաքում 2016-2018թթ. հունիս ամիսին (այդ ժամանակ է լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացրել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը) ճանապարհաշինական աշխատանքները կատարվել են միայն «Կուարլինի» ՍՊԸ-ի կողմից: Ընկերության 100 % բաժնետերը արդեն նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հայրն է՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Միայն նշված ժամանակահատվածում համայնքային բյուջեից քաղաքապետի հոր ընկերությանը վճարվել էր մոտ 287 մլն դրամ:
Մեկնաբանել