HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան. «Երբեք չեմ ասել քաղցկեղի անվճար բուժում, ասել ենք քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում մանրամասնեց՝ պետությունը ոչ թե քաղցկեղն է անվճար բուժում, այլ քաղցկեղի վիրահատությունների համավճարն է վերացնում։

«Ես երբեք չեմ ասել քաղցկեղի անվճար բուժում, մենք ասել ենք քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում. ՀՀ բյուջեով միշտ նախատեսված է եղել, որ քաղցկեղ դիագնոզ ունեցող մարդկանց բուժումը պետպատվերի շրջանակում է, բայց պետպատվերի հրահանգներում գրված է, որ քաղաքացին վճարում է բուժման 80 տոկոսը, պետությունը՝ 20 տոկոսը, այսինքն՝ 100 հազար պետությունն է վճարում, 300 հազար քաղաքացին։ Մենք ընդամենը համավճարի մասը, որն առաջ վճարում էր քաղաքացին, մեզ վրա ենք վերցրել՝ ունենալով հաշվարկ, թե տարեկան քանի նման վիրահատություն է արվում ՀՀ-ում գործող բուժհաստատություններում, որոնք մատուցում են քաղցկեղ ծրագրով ծառայություններ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով իրեն քննադատողների այն մեկնաբանություններին, որ պետությունը չի կարող նման ծախս հոգալ։
Նախարարի խոսքով՝ այս ծրագրի վրա հինգ հարյուր միլիոն դրամի ներդրում է կատարվել, որն էլ համավճարի գումարի ծախսերը փակել է։
«Քաղաքացիների վրա դրված օրինական բեռն ազատել ենք, պետությունն արված վիրահատությունների թվով հաշվարկել է, որ կարող ենք այդ բեռը վերցնել»,- մանրամասնեց առողջապահության նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ պետությունը չէր կարող հոգալ քիմիայի և/կամ ճառագայթային բուժման ծախսերը, քանի որ այդ գումարը շատ մեծ էր։
«Մյուս տարվա աճով միանշանակ անդրադառնալու ենք քիմիային ու ճառագայթին, ի դեպ, պետպատվերի հայտը ներկայացնում եմ, 200 միլիոն դրամ էլ նորագույն ճառագայթի վրա ենք դրել, որովհետև 700 միլիոն է եղել ուռուցքաբանականի աճը, մենք որոշել ենք, որ պետք է մտնենք նաև դրա տակ՝ նորագույն գծային արագացուցչով ճառագայթային բուժումն է, ինչը մինչ այդ երբևէ անվճար չի եղել Հայաստանում, էդ 200 միլիոն դրամն էլ հերիքելու է 200-300 հոգու համար, բայց ամեն դեպքում մենք պետք է սկսենք»,- ասաց նա։
Նախարարն անդրադարձավ նաև մանկական քաղցկեղին՝ ընդգծելով, որ պետությունն իր վրա է վերցնելու ստացիոնար բուժման ծառայությունների մասը, ինչը, նախարարության հաշվարկներով, լրացուցիչ հիսուն միլիոն դրամ ավելի է արժեցել։
Նախարարի խոսքով՝ մանկական քաղցկեղի 70 տոկոսի դեպքում է, որ բուժում հնարավոր է ստանալ Հայաստանում.
«Ու էդ 70 դեպքի քիմիաթերապիայի ծառայությունները հավելյալ հիսուն միլիոն դրամի կարիք ունեն, որպեսզի հիվանդանոցային բուժման ծախսերը կատարվեն՝ բացառությամբ դեղերի, օրինակ, անալիզների, պարագաների, հիվանդանոցային խնամք, բժշկի աշխատավարձ, մոտավորապես 150 հազար դրամ, մենք գիտենք, որ այդ գումարը քիչ է, որոշել ենք այդ գումարը դարձնել 250 հազար դրամ՝ քիմիայի ամեն կուրսի համար, ու քանի որ երեխաների քանակը քիչ է, հաշվել ենք, որ մոտավորապես 50 մլն դրամ է պետք, որ առնվազն ծնողից չուզեն կատետր, պալատի գումար»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter