
Խորհրդարանական խմբակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի համար մտահոգիչ է։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին խմբակցություններն անդրադարձան համանախագահների հայտարարությանը։
«Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել, նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանի համոզմամբ՝ ԱԳ նախարարն ու վարչապետը պետք է բանակցությունների ընթացքում շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան։
«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Իվետա Տոնոյանը՝ ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական լուծումն Արցախի միջազգային ճանաչումն է:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ մտահոգիչ կետեր կան՝ մասնավորապես այն մասին, որ Վիեննայի և ՍՊ-ի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն շատ բանի մասին է ասում: Սակայն, կարծում եմ, որ ևս մեկ անգամ այս հայտարարությանն անդրադառնալու կարիք կա, քանի որ արդեն նախօրեին Ադրբեջանի ոգևորությունը տարակուսանքի տեղիք է տալիս, ևս մեկ անգամ հարցին անդրադառնալու անհրաժեշտության կարիք կա»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի ճակատագրի հետ կապված որևէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի և Արցախի ժողովրդի մասնակցության:
«Մնացածն արդեն քաղաքական գործընթացներ են, որի հետ կապված ԲՀԿ-ն հնչեցրել է տեսակետներ, և եթե լինեն զարգացումներ, մենք կանդրադառնանք»,- ասաց Տոնոյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, կարծում է, որ համանախագահները «պարզապես փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել հիմնական այն հարցերը, որոնք բարձրացված են եղել այս ժամանակահատվածում»։
«Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր մոտեցումներ, բայց հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որ բանակցային գործընթացի և ԼՂ հարցի կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն և´ ՀՀ-ի, և´ ԼՂՀ-ի, և´ Ադրբեջանի համար»,- ասաց նա:
Վարդանյանի խոսքով՝ նման հայտարարություններ արվել են նախկինում, և պետք չէ հայտարարության կոնտեքստից կտրել.
«Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, և կոչ է հակամարտության կողմերին, այն բանակցային գործընթացը, որ տեղի է ունեցել մինչև թավշյա հեղափոխությունը և նաև թավշա հեղափոխությունից հետո, մենք պետք է որոշակի արդյունքներ փոփոխենք»,- ասաց Վարդանյանը։
Հայտարարությունում պատգամավորն, այնուամենայնիվ, մտահոգիչ դրույթ տեսնում է. «Մտահոգիչ է, որովհետև, կարծես թե, լրացուցիչ լարվածություն է ստեղծվել, համենայն դեպս ներքաղաքական, և մտահոգիչ չէ ու շատ դրական է, որ Մինսկի խումբը խոսում է, և գիտենք, որ համանախագահության շրջանակում աշխատանքները շարունակվում են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին՝ ընդգծելով, որ հակամարտության ազատ և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է ուժի չկիրառում կամ դրա հետ կապված սպառնալիք, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշման իրավունք։
Մեկնաբանել