HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Քոչարյանին եւ Ալիեւին կրկին հրավիրում են Փարիզ

Ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդները Ռամբույեի ձախողումից հետո փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել: Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը դարձյալ բանակցեն Փարիզում: ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելյուշը հրավերներ է ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ մասնակցելու մայիսի վերջին օրերին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ նախագահ Ալիեւը մայիսի 30-ին Փարիզում ելույթ է ունենալու է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում, այսինքն' Ալիեւն ընդունել է Լելյուշի հրավերը:

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութան հարցի՝ ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ ի՞նչ դեր կունենա ՆԱՏՕ-ն այդ խնդրի լուծման գործում, Լելյուշը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն փորձում է օգտակար լինել:

«Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ ես հանդիպել եմ նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի հետ: Մենք փորձում ենք օգնել խնդրի լուծումը գտնելու հարցում: Կովկասը կայունության կարիք ունի, ուստի եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը պետք է քայլեր անեն այս սառը պատերազմը ավարտելու ուղղությամբ: Պատերազմը լուծում չէ»,-ասել էր Լելյուշը:

Ուրբաթ օրը՝ մայիսի 5-ին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» երեւանյան համաժողովի իր ելույթում, ապա նաեւ լրագրողների հետ կարճատեւ զրույցում ասաց, որ Մինսկի խումբը ցանկություն ունի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ նոր հանդիպում կազմակերպել, որը, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսի առաջին օրերին, սակայն քննարկվող հանդիպման «ոչ վայրը, ոչ ժամկետները ստույգ ճշտված չեն»:

«Շատ բան կախված կլինի նրանից, թե այսօր Ադրբեջանն ինչ քաղաքական կամք կդրսեւորի: Ես չեմ ուզում ամենի ինչ հակամարտության մի կողմի վրա բարդել, բայց վերջին շրջանում Հայաստանը որոշ քայլեր արել է, եւ մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր անի, որպեսզի կարողանանք գործընթացը տեղից շարժել»,-ասաց Օսկանյանը:

Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը նշում է, որ երկու երկրների նախագահների հանդիպման վայրը եւ ժամկետները կհստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ առաջիկա շաբաթ Ստրասբուրգում կայանալիք հանդիպումից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մայիսի կեսերին տարածաշրջան կատարելիք այցից հետո: Մայիսի 2-3-ը Մոսկվայում տեղի է ունեցել Մինսկի խմբի ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների խորհրդատվությունը, որից անմիջապես հետո՝ մայիսի 4-ին Երեւան, իսկ մայիսի 5-ին Բաքու այցելեց ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասյեն եւ հանդիպումներ ունեցավ Քոչարյանի եւ Ալիեւի հետ:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիեռ Լելյուշի՝ Քոչարյանին եւ Ալիեւին Փարիզ հրավիրելու եւ նախագահների բանակցություններ կազմակերպելու մտադրությունը նախ եւ առաջ ուշագրավ է նրանով, որ պարոն Լելյուշը ղարաբաղյան կարգավորման «հետաձգված հանրաքվեի» տարբերակով լուծման ջատագովն է եւ առաջին նման բարձրաստիճան պաշտոնյան, ով այդ մասին արտահայտվել է հրապարակավ, ավելին՝ հոդված գրել աշխարհի հեղինակավոր թերթերից մեկում:

2004թ. աշնանը Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո Պիեռ Լելյուշը եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն ֆրանսիական «Ֆիգարոյում» (20 դեկտեմբեր, 2004թ.) հրապարակած համատեղ հոդվածում կարծիք էին հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը դե-յուրե «պետք է ժամանակավորապես դրվի Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի հանրաքվեով՝ 5 կամ 10 տարի հետո»:

«Ֆիգարո» թերթում տպագրված հոդվածից ընդամենը 4 օր անց Օսկանյանը հայ լրագրողներին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել դրան. Հայաստանի արտգործնախարարի ասելով՝ «հոդվածում արտահայտվում են ԼՂ հարցի նկատմամբ այսօրվա ընդհանուր միտումները»: Հայաստանի արտգործնախարարը նկատել էր նաեւ, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրականացումը ժամանակի առումով կարող է անմիջական չլինել: Հասկանալի լեզվով ասած' Հայաստանի այսօրվա իշխանությունները կարգավորման հարցում որդեգրել են մոտավորապես այն եղանակը, որն ընդունելի էր համարում երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Եթե վստահենք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հաղորդագրություններին, ինչպես նաեւ Հայաստանի արտգործնախարարության մեր աղբյուրներին, ապա Ռամբույե ամրոցում Քոչարյանին եւ Ալիեւին չի հաջողվել պայմանավորվածության գալ «հետաձգված հանրաքվեի» տարբերակի մեկ առանցքային կետում՝ Քելբաջարի հարցում: Ավելի պարզ՝ Երեւանը չի համաձայնվում Ադրբեջանին վերադարձնել ռազմավարական առումով Հայաստանի եւ Ղարաբաղի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող Քելբաջարը: Ինչ վերաբերում է վերահսկելի մյուս տարածքներին, ապա դրանք, բացառությամբ Լաչինի միջանցքի, վերադարձվում են Ադրբեջանին:

Բաքվում, ինչպես նաեւ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական շրջանակներում եւ մամուլում տիրապետող են կարծիքները, որ նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 26-29-ը Միացյալ նահանգներ կատարած պաշտոնական այցից եւ նախագահ æորջ Բուշի հետ բանակցություններից հետո կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերն աննախադեպ ամրապնդվել են, հատկապես Հայաստանի հետ համեմատած, եւ այդ պատճառով այսօր Բաքվի իշխանությունները ղարաբաղյան կարգավորման հարցում առավել քիչ են պատրաստակամ փոխզիջումների գնալու, քան նախկինում:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն, չի կիսում այս տեսակետը: «Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, կարծում եմ, որ Վաշինգտոնում ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին (Իլհամ Ալիեւին- Թ. Հ.) շատ հստակ ասվել է, որ ռազմական լուծումը տարբերակ չէ, եւ դա մենք դրական ենք գնահատում, որովհետեւ ռազմական տարբերակը բացառելու դեպքում է միայն, որ Ադրբեջանը պատրաստ կլինի փոխզիջման գնալ: Եթե Ադրբեջանը ռազմական տարբերակն ունենա որպես պահեստային տարբերակ, բնականաբար, դժվար կլինի գնալ պետք եղած փոխզիջումների»,-ասաց Օսկանյանը:

Ի դեպ, ուշագրավ է, որ Վաշինգտոնից վերադառնալուց հետո Ալիեւի առաջին հրապարակային հայտարարությունը, ի տարբերություն նրա բազմաթիվ այլ ռազմատենչ հայտարարությունների, խաղաղասիրական որոշ տարրեր էր պարունակում: Մայիսի 5-ին Բաքվում ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների իններորդ գագաթաժողովի բացմանը, Ալիեւն ասել է. «Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով եւ գտնում է, որ առայժմ դրա համար կան հնարավորություններ»: Նա չի մոռացել ասել նաեւ, որ «ադրբեջանական ժողովրդի համբերությունն անսահման չէ»:

«Հայաստանը եւ Եվրոպայի խորհուրդը. անդամակցության հինգ տարի» երեւանյան համաժողովում Օսկանյանը ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորություններից է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, եւ դրա մասին չպետք է մոռանան Բաքվում:

«Մենք ավելի ու ավելի շատ ենք լսում ռազմատենչ հայտարարություններ եւ հռետորություն, որը գալիս է մյուս կողմից: Ադրբեջանում ավելի շատ խոսում են ռազմական ճանապարհով կարգավորման հասնելու մասին: Սա չափազանց մտահոգիչ է բոլորիս համար, որովհետեւ եթե ռազմական լուծումն է ադրբեջանցիների մտքում, այդ դեպքում չափազանց դժվար կլինի ակնկալել, որ նրանք կգնան փոխզիջումների' հասնելու խաղաղ կարգավորման: Ուժի սպառնալիքի կիրառումը պետք է բացառել կարգավորման գործընթացում: Այստեղ Եվրոպայի խորհուրդը իր դերն ունի խաղալու եւ պարզ կերպով Ադրբեջանին ասելու, որ ռազմական ընտրությունը ընտրություն չէ, եւ այդ ընտրությունը պետք է մի կողմ դնի»,-ասաց արտգործնախարարը:

Հիշենք, որ այս օրերին լրանում են ղարաբաղյան հակամարտության հետ կապված մի շարք հիշարժան եւ չափազանց կարեւոր տարեթվեր: 1992թ. մայիսի 8-9-ը հայկական ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Շուշին, որտեղից ադրբեջանական զինուժը ամիսներ շարունակ կրակ էր թափում Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի խաղաղ բնակչության վրա: 1994թ. մայիսի 3-5-ը Կիրգիզիայի մայրաքաղաքում ստորագրվեց «Բիշքեկյան արձանագրությունը», իսկ մայիսի 12-ին Մոսկվայում ստորագրված փաստաթղթով Ղարաբաղում եւ հարակից տարածքներում վերջ դրվեց արյունահեղությանը:

Այդ հիմա է, որ Ադրբեջանի իշխանությունները՝ հատկապես Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, ամեն առիթով սպառնում են Ղարաբաղի հարցը լուծել պատերազմով, իսկ արցախահայերին կպցնում «անջատողական, գրոհային, ահաբեկիչ» պիտակները: 1994թ. գարնանը նույն Աբիեւը, որը ղեկավարում էր Գլխավոր շտաբը եւ Իլհամի հայրը՝ Հեյդար Ալիեւը, Հայաստանի եւ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարությանը խնդրում-աղաչում էին դադարեցնել պատերազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մեզ տրամադրեց մի քանի փաստաթղթեր, որոնցում Աբիեւը եւ Ադրբեջանի այն ժամանակվա բարձրաստիճան մյուս պաշտոնյաները Ղարաբաղի պաշտոնյաներին ուղարկած գրություններում, հատկապես երբ խոսքը վերաբերում էր պատերազմը դադարեցնելուն, օգտագործում էին դիմումի այս ձեւը. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter