HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊԵԿ. 2018-ին քրեական գործերի շրջանակում պետբյուջե է վերականգնվել 8.5 մլրդ դրամ

2018 թվականի ընթացքում քրեական գործերի արդյունքում օրինախախտ հարկատուները, որոնք ժամանակին չարաշահումների միջոցով խուսափել են հարկերից, պետական բյուջե են վճարել 8.5 մլրդ դրամ։ Այս ցուցանիշն այսօրվա ասուլիսին ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։

Նրա հաղորդած տվյալների համաձայն՝ 2016 թվականին քրեական գործերի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 4.6 մլրդ դրամ,  2017 թվականին՝ 8.4 մլրդ դրամ։

2018 թվականի 8.5 մլրդ դրամի հիմնական մասն, ըստ Ռուստամ Բադասյանի, բյուջե է վերադարձվել հունիսից հետո. «2018-ի ցուցանիշը հիմնականում ապահովվել է հունիս ամսից հետո հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի շրջանակներում»։ Ըստ նրա՝ քրեական գործի քննության միջին ժամկետները բավականին երկար են։ Նշված 8.5 մլրդ դրամից 6 մլրդ դրամն է վերաբերում հունիսից հետո հարուցված քրեական գործերին, մնացածը՝ նախորդ տարիներին հարուցված գործերի շրջանակներում է վերականգնվել։ Նույնը նաև 2016 և 2017 թվականների վերականգնումներին է վերաբերում. դրանք վերականգնվել են նախորդ տարիներին հարուցված քրեական գործերի արդյունքում։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականին ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել 23 միլիարդ դրամի  չափով հարկերից խուսափելու դեպքերով։ Հարուցվել է 134 քրեական գործ, որոնց մի մասի քննությունը շարունակվում է։ Ռուստամ Բադասյանը շեշտեց, որ այստեղ խոսքը միայն ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերի մասին է, որը չի ներառում ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերը։

Համեմատության համար՝ 2016 թվականին հարուցվել է 86 քրեական գործ, որի շրջանակներում պետության պատճառված վնասի չափը կազմել է  5.4 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին՝ 57 քրեական գործ, վնասի չափը՝ 1.8 մլրդ դրամ։

 Գազալցակայանները՝ համար առաջին օրինախախտներ

2018 թվականին հարուցված մոտ 24 մլրդ դրամի քրեական գործերի կազմում 16 մլրդ դրամն առնչվում է գազալցակայաններին՝ գազալիցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին։

Այս ցանկում են նաև շինարարական ընկերությունները, կարգոները՝ հավաքական բեռների ներմուծմամբ զբաղվողները, ապահովագրական ընկերությունները և այլք։ Իսկ սուպերմարկետները այս ցանկում չեն. նրանցով ԱԱԾ-ն է զբաղվում։

Սուբյեկտներ, որոնց մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել, և քրեական գործեր են հարուցվել, թաքցրել են իրենց իրական շրջանառությունը, մոլորեցրել սպառողներին և այլն։ Սակայն Ռուստամ Բադասյանը չի մանրամասնել, թե, օրինակ, ապահովագրական ընկերությունները կոնկրետ ինչ սխեմայով են հարկային չարաշահումներ թույլ տվել՝ նշելով, որ մի շարք դեպքերում քննությունը դեռևս ավարտված չէ։

«Քրեական գործերի շրջանակներում ունենք երկու դեպք, երբ քրեական գործը հարուցվել է և ուղարկվել քննչական ծառայություն։ Մեկը՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի հետ կապված գործն էր, մյուսը՝ պաշտոնատար անձ Լյովա Սարգսյանի և իր ընտանիքի անդամների հետ կապված քրեական գործը»,- ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։

Լուսանկարը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter