HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սուսաննա Հարությունյանի գունաբուժիչ կտավների ցուցադրությունը Գյումրիում

«Ես ինձ նկարչուհի չեմ համարում, ես պարզապես նկարում եմ, նկարում եմ այն, ինչ մարդիկ զգում են, բայց չեն տեսնում՝ մեզ շրջապատող էներգետիկ դաշտը»,- ասում է բիոէներգետիկ, մասնագիտությամբ տնտեսագետ Սուսաննա Հարությունյանը: Նրա կտավներում մարդը, բնությունը, առարկաներն արտահայտված են յուղաներկի գունեղ շերտերով:

«Ես մարդուն նայելիս գույն եմ տեսնում, ու դա մեկ գույն չէ, որովհետեւ մարդն ինքն էլ բազմաշերտ էակ է: Ես ունեմ, օրինակ, «Հայաստան» վերնագրված կտավ, որ գույների պայթյուն է, ունեմ «Վերա» վերնագրված գործ, որ նարնջագույնի ու դեղինի միախառն պատկեր է իրենից ներկայացնում, «Արփի»-ն ավելի մուգ գուներագներով է ներկայացված եւ այլն»,- նկատում է զրուցակիցս: Գայթակղությանը չեմ դիմանում. «Իսկ ինձ ի՞նչ գույնով կնկարեիր»: Մի պահ կկոցում է աչքերն ու պատասխանում. «Կանաչ՝ կսկսեի զմրուխտյա կանաչից, հետո չգիտեմ, թե ինչ գույներով կշարունակեմ, բայց որ քեզ հիմա նայում եմ՝ մտքումս այդ գույնն է»:

34-ամյա Սուսաննա Հարությունյանը նկարել սկսել է 3 տարի առաջ: «Այլընտրանքային, էներգետիկ բուժմամբ զբաղվում եմ 2013թ.-ից, երկու տարի անց սկսեցի նկարել,- պատմում է Սուսաննան,- ամեն ինչ սկսվեց ճարտարապետության դոկտոր, Հայաստանի անձագիտական կենտրոնի նախագահ, քարանձավագետ Սամվել Շահինյանի տուն այցից: Երբ բարձրացանք արվեստանոց, որտեղ իր գործերն էին, ովքեր տեսել են, կարող են փաստել, որ շատ չքնաղ բնապատկերներ ունի, էն որ ուզում ես մտնել նկարի մեջ, լինել այդ միջավայրում, ասեցի՝ վա՜յ, էս ինչ սիրուն է, Սամվել ջան, ես էլ եմ ուզում նկարել, ասեց՝ նկարի՛, վրձինն ու ներկը դրած է»: Սուսաննան հիշում է, որ երկու ժամ նկարել է եւ հոգեկան հանգստությունը, որ ունեցել է այդ ժամանակ, ուղեկցել է իրեն մեկ շաբաթից ավելի:

«Մոտ մեկ ամիս անց հասկացա, որ ուզում եմ նկարել, գնացի նկարչական սրահ, գնեցի ներկ, կտավ, վրձին: Ես յուղաներկով եմ սկսել նկարել, որովհետեւ իրականում, ի սկզբանե դա եմ ճանաչել որպես նյութ: Ճիշտն ասած՝ ակրիլ փորձել եմ կիրառել, բայց ինձ իր թափանցիկությունը դուր չի գալիս, չորանալն էլ արագ է լինում, չես կարող էդքան գույներով խաղալ»:

Սուսաննայի առաջին ցուցահանդեսը 2017թ.-ի ապրիլի 7-ին էր, Երեւանում եւ կրում էր «Գոյնք բալասանաց» խորագիրը: «Այսինքն՝ բժշկող գույներ: Մոտ 40 գործ էի ներկայացրել, շատ դրական արձագանքներ ստացա այդ ժամանակ, բայց ինձ համար ամենակարեւորը երեխաների բնութագրումներն էին: Մենք՝ մեծերս, մտքերը ձեւակերպելիս շատ ենք լարվում, աշխատում ենք անկյունները հարթել, շատ դեպքերում մեր գիտակցության սահմանները մեզ խանգարում են առավելագույնն ազնիվ լինել, իսկ երեխաների պարագայում դա չկա»:

Մարտի 8-11-ը, Գյումրիու «Ստիլ» պատկերասրահում, Սուսաննա Հարությունյանը ներկայացրել էր 70 աշխատանք: 3-րդ ցուցահանդեսը կրում էր «Հայակն» խորագիրը: Սուսաննայի խոսքերով, մեծ էր ցանկությունն իր կտավների գույներով դրական, բուժիչ էներգիան տարածել բազում փորձությունների միջով անցած, սակայն դեռ ամբողջովին չապաքինված քաղաքում:

Ի դեպ, գունաբուժիչ երևույթների մասին ժամանակին գրել են Իբն Սինանը, Պարացելսը, Հիպոկրատը: Նրանք մշակել էին գունաբուժության տեսությունն ու դրա կիրառման մեթոդները:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Գլխավոր լուսանկարը՝ Սուսաննա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter