HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ինչո՞ւ է զինդատախազն ուզում «բերման ենթարկել» լրագրողին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանը ս. թ. հունվարի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, թե ինչ է սպասվում հանցագործությունների (հավանաբար նկատի ուներ բանակում կատարված հանցագործությունների) առնչությամբ տեղեկատվություն տարածած լրագրողներին: Զինդատախազի հավաստմամբ, որն, ի դեպ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչն է, լրագրողներն այսուհետ հրավիրվելու են քննչական բաժանմունք՝ պարզաբանումներ ու բացատրություններ տալու:

Նա հայտնել է նաև, որ արդեն հատուկ ցուցում է տվել համապատասխան դատախազներին, իսկ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն էլ՝ քննիչներին, որպեսզի հանցագործության վերաբերյալ տեղեկատվության տարածումից հետո տեղեկատվություն տարածողին հրավիրեն քննչական բաժին՝ գործի հանգամանքների մասին ունեցած տեղեկատվության վերաբերյալ նրանից տեղեկություններ, պարզաբանումներ, բացատրություններ ստանալու համար: Զինդատախազն ասել է.

«Մի քանի անգամ հատուկ ցուցում եմ տվել, որպեսզի յուրաքանչյուր դեպքի, հանցագործության առնչությամբ, երբ տեղեկատվություն է հրապարակվում, այն տարածողը հրավիրվի քննչական բաժին՝ գործի հանգամանքների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում, բացահայտումներ տալու»: Ըստ նրան՝ բազմաթիվ լրագրողներ արդեն իսկ հրավիրվել են քննչական ծառայություն:

Գ. Կոստանյանն ասել է նաև.«Դուք, որպես լրագրող, կարող եք հանցագործության մասին այնպիսի բացահայտում անել, որը կնպաստի հանցագործության բացահայտմանը»: Զինդատախազն այս հարցում, իհարկե, միանշանակ իրավացի է, քանի որ այդպիսի դեպք էլ է հնարավոր, սակայն, ընդգծենք, որ վերոնշյալ, այսինքն՝ հոդվածում հրապարակված փաստերից դուրս, լրացուցիչ բացահայտումը պետք է կատարվի բացառապես լրագրողի կամքով ու ցանկությամբ:

«Իսկ ինչո՞ւ դուք համաձայն չեք, որ ասեք՝ այո, Պողոսն ինձ ասել է, որ Պետրոսը տեսել է, և այլն, հասկացաք, չէ՞»,- ասել է զինդատախազը: Հենց այստեղ էլ բացատրենք, թեև, կարծում ենք, Գ. Կոստանյանը բավականաչափ խելացի է և չունի այդ բացատրության անհրաժեշտությունը, այսինքն՝ շատ լավ գիտի, թե լրագրողներն ինչու են առանձին դեպքերում կամ հիմնականում հրաժարվում տեղեկատվության աղբյուրը հայտնել: Այն, ինչ դրանից հետո զինդատախազությունում սպասվում է Պողոսին էլ, Պետրոսին էլ, առնվազն նշանակում է, որ նրանք լրագրողին այլևս երբեք և ոչինչ չեն հայտնի իրենց տեսածի ու լսածի մասին:

Իսկ թե ինչ է նշանակում լրագրողի համար իրեն վստահած որոշակի անձանց մոտ վստահությունը և, բնականաբար, տեղեկատվության աղբյուրը կորցնելը, ընդհանրապես ավելորդ է բացատրել: Ի՞նչ է, սա՞ են ուզում զինդատախազը և որոշ այլ պաշտոնյաներ, երբ թերևս բոլորին էլ պարզ է, որ իրենց որդեգրած նոր գործելակերպը և լրագրողների կողմից իրենց տեղեկատվության աղբյուրների բացահայտումն անխուսափելիորեն հանգեցնելու են բանակում տեղի ունեցած հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները գրեթե բացառելուն: Իսկ գուցե հենց դա էլ ուզո՞ւմ են...

Չգիտենք, համենայն դեպս, եթե խոսքը լրագրողից պահանջելու մասին է, որ նա հայտնի իր տեղեկատվության աղբյուրը, ապա դա, մեղմ ասած, ճիշտ մոտեցում չէ, կարելի է տեղեկատվության աղբյուրի վերաբերյալ տեղեկությունն ընդամենը խնդրել, առաջարկել, որ լրագրողը հայտնի, իսկ հայտնել-չհայտնելն արդեն մնում է վերջինիս հայեցողությանը:

Եթե լրագրողը քաջատեղյակ է իր իրավունքներին, ապա խնդիրն ինքնին մտահոգող չէ, քանզի օրենսդրությամբ հստակ ամրագրված են տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նախապայմանները: Այդ օրենսդրական դրույթը, ի դեպ, բխում է միջազգային իրավական չափանիշներից և հայաստանյան օրենսդրությունում հայտնվել է հենց դրանց ազդեցության արդյունքում, իսկ կյանքը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը փաստորեն կա:

Հենց իրավապահ մարմինները պետք է շահագրգռված լինեն տեղեկատվության աղբյուրը պաշտպանելու հարցում, քանի որ դա անհրաժեշտ է հանցագործությունների բացահայտման համար կարևորագույն տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Առավել ևս, որ բանակում մի սպանության կամ հանցագործության մասին դեռ չմոռացած, ցավոք, տեղի է ունենում հաջորդը:

Այս պարագայում չի՞ առաջանում արդյոք այն տպավորությունը, որ հանցագործությունների բացահայտման, քննության հարցում ձախողումները փորձ է արվում լրատվության միջոցների վրա բարդել, կամ էլ որոշ պաշտոնյաների շրջանում պարզապես ցանկություն կա, որ լրագրողները վախենան և այլևս դադարեն բանակում տեղի ունեցած հանցագործությունների մասին գրել: Ուրախ կլինենք, եթե մեր այս ենթադրության հարցում սխալվենք:

Եթե լրագրողը զրպարտություն է տարածել, ապա, ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով է նախատեսված, նա ենթակա է տուգանքի, ու պետք է տուգանել: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը հերքելու կարգը:

Կասկած չունենք, որ պարոն Կոստանյանին հայտնի է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի («Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը») 1-ին մասը.«Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտվել դատական կարգով: Իսկ քննիչի աշխատասենյակը դատարան չէ ու չի կարող լինել:

Ավելին. դատարանը պարտավոր է ոչ թե անվերապահորեն բավարարել դատախազի միջնորդությունը, այլ ղեկավարվել վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի դրույթներով: Ըստ դրանց՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով, այն էլ միայն՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով և այլ կարևոր նախապայմանների առկայության դեպքում:

Նշենք նաև, որ չնայած հիշյալ օրենքի 2-րդ մասին, իրականում նույնիսկ դատարանի որոշմամբ էլ լրագրողին չի կարող պարտադրվել տեղեկատվության աղբյուրի բացահայտում: Եթե լրագրողը չհայտնի, նրա ուղեղի «զոնդաժ» չեն կարող կատարել:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Լրագրողի գործունեության յուրաքանչյուր սահմանափակում իր հետ առաջին հերթին կբերի պաշտոնական չարաշահումների ազատություն, քննիչների և մարդասպանների միջև փոխշահավետ համագործակցության գործող տրադիցիայի շարունակություն: Իսկ եթե ենթադրենք, ինչ որ մի լրագրող, իր ուսումնասիրությունների արդյունքում պարզում է, որ մեր բանակում ըստ վիճակագրության, կասկածելի մեծ քանակով զոհվում են ֆիզիկապես ուժեղ, կրթված և գերազանց վարքագծի տեր անհատները: Ինչ է, այդ դեպքում լրագրողը իրավունք չունի իր գլխում ծագած վարկածն այն մասին, որ մեր բանակի վերնախավում հնարավեր է ծվարել են հայ ազգի ոչնչացումը երազողների Գրանտներով գործող Գեներալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter