HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագ դպրոցներին հավելյալ 1 մլրդ դրամ ֆինանսավորում է հատկացվել. խորհրդակցություն ԿԳՆ-ում

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արայիկ Հարությունյանն ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են հանրակրթության ոլորտի պատասխանատուները, դպրոցների տնօրենները:

Բացման խոսքում ԿԳ նախարարը նշել է, որ Կառավարության որոշմամբ ավագ դպրոցների այս տարվա ֆինանսավորումն ավելացվել է շուրջ 1 մլրդ դրամով: Գումարը հատկացվել է կրթության ոլորտի ֆինանասավորումից` այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին: Հատկացված հավելյալ միջոցները հնարավորություն կտան մեծացնել ավագ դպրոցների  ֆինանսավորման գործակիցը, որն առաջացել էր դեռևս անցյալ տարվանից` գործակցի փոփոխության հետևանքով:

«Անցյալ տարվա հունվարից ավագ դպրոցների ֆինանսավորման գործակիցը   փոխվել էր, և առաջացել էին ֆինանսավորման հետ կապված խնդիրներ: Կառավարությունում քննարկումների արդյունքում, քանի որ այս հարցն անընդհատ բարձրացվում էր, որոշում կայացվեց ֆինանսավորման գործակիցը բարձրացնել` ելնելով առկա հնարավորություններից: Կարծում եմ` այս որոշումից հետո ավագ դպրոցների տնօրենները կկարողանան լուծում տալ դպրոցներում կուտակված հարցերին»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Սահմանվելու է  հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված տեխնիկական հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն:  Առաջնահերթությունը, ըստ նախարարի, պետք է տալ դպրոցի բովանդակային բարելավմանը և կրթության որակի բարձրացմանը  միտված աշխատանքներին: Նա նաև տեղեկացրել է, որ հաստատվել է 7 ավագ դպրոցների կապիտալ վերանորոգման ծրագիրը, որում  ընդգրկվել են նորոգման առաջնային և հրատապ անհրաժեշտություն ունեցող դպրոցները: Միաժամանակ, Ա. Հարությունյանի խոսքով` նախարարությունը փորձում է լրացուցիչ միջոցներ ներգրավել դպրոցաշինության ոլորտում,  և այդ նպատակով այժմ աշխատանքներ են տարվում բարեգործական կազմակերպությունների հետ: «Ժամանակին ավագ դպրոցներին հատկացվել են ամենավատ շենքային պայմաններով դպրոցները: Բայց այս պահին մենք ունենք իրողություն և աշխատաքնները կազմակերպում ենք`ելնելով այդ իրողությունից»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով բովանդակային բարելավման ծրագրերին` նա նշել է, որ այս տարի ավագ դպրոցները ստանալու են շուրջ 300 նոր լաբորատորիաներ` հագեցած ժամանակակից սարքավորումներով:

Նախարարն անդրադարձել է նաև դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենների ընտրության խնդրին` նշելով, որ բոլոր խորհուրդները պետք է ձևավորվեն օրենքներին համապատասխան, լինեն լեգիտիմ և կայացնեն դպրոցների զարգացմանը միտված որոշումներ: Զուգահեռաբար փոփոխություններ են կատարվելու խորհուրդների կազմավորման և տնօրենների ընտրության կարգերում: Նախարարը նշել է, որ այժմ  գույքագրվում են ավագ դպրոցների շենքային պայմանները, որպեսզի տրվի առկա վիճակին համընդհանուր գնահատական և մշակվի բերելավման ծրագիր:

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն իր խոսքում անդրադարձել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի  հանրակրթության տեղեկատվական համակարգի լրացման կարևորությանը` ընդգծելով, որ այդ տվյալներն են հիմք  հանդիսանալու ոլորտի բարեփոխման ծրագրերի մշակման համար: Նախարարի տեղակալը հորդորել է տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ տվյալների մուտքագրման գործընթացին:

Քննարկման ընթացքում հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման փորձարկման ծրագիրը: Նախատեսվում է  կրեդիտային համակարգի ներդրման փորձարկումը սկսել բուհերին կից ավագ դպրոցներից: Հետագայում արդեն, ելնելով արդյունքներից, ծրագիրը կընդլայնվի: Բացի այդ, հաշվի առնելով, որ այժմ մեկնարկել է կրթության բովանդակության վերանայման լայնածավալ փուլը և չափորոշիչների ու առարկայական ծրագրերի փոփոխումը,  նախատեսվում է մինչև 2022 թվականը կասեցնել ուսուցիչների պարտադիր վերապատրաստման և ատեստավորման գործընթացը:  Կասեցումը, ըստ վարչության պետի,  չի վերաբերելու «Ուսուցիչ» ծրագրով նախատեսված կամավոր ատեստավորմանը, որն առանձին գործընթաց է: 

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ավագ դպրոցների տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների ֆինանսավորմանը, բարեկարգմանը,  դասարաններում աշակերտների խտությանը, ուսուցիչների դրույքային ծանրաբեռնվածությանը և այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter