HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Քառօրյայի փող ուտողը, անապահով ընտանիքների փող ուտողը մեր հասարակությունում ընդհանրապես տեղ չունի, ուր մնաց համայնքապետ աշխատի»

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքի ակցիա էին իրականացնում համայնքապետարանի դիմաց՝ պահանջելով համայնքապետ Պարույր Սահակյանի հրաժարականը: Վերջինս համայնքը ղեկավարում է արդեն 23 տարի՝ 1996 թվականից:

«Քառօրյայի փող ուտողը, անապահով ընտանիքների փող ուտողը, մահացած անձանց անվան տակ դուրս գրած փողերը յուրացնողը մեր հասարակությունում ընդհանրապես տեղ չունի, ուր մնաց համայնքապետ աշխատի: Ես դուրս եմ եկել իրա դեմ հենց նման բաների համար»,- ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից Սուրեն Պողոսյանը:

Ըստ նրա՝ իրենք ունեն փաստեր: Նշեց նաև, որ անապահով ընտանիքների անվան տակ օգնություն է հատկացվել մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն, իսկ օրվա հացի «կարոտներին» ոչ մի օգնություն չի հատկացրել:

«Գյուղապետարանի աշխատակից Քյարամ Աջոյանը փորձում ա համոզի, ստիպի, որ ես  ասեմ, թե այդ փողը ստացել եմ: Ես իրանց բազմիցս զգուշացրել եմ, որ նման բան չեմ ասելու: Ով այդ փողը ստացել է, յուրացրել է, ինքն էլ պատասխան է տալու: 2017թ. վերջին 100,000-ական դրամ է հատկացվել իբր ինձ ու իմ հորեղբոր որդուն, բայց մենք գումար չենք ստացել, այդ մասին նոր ենք իմացել»,- ասում է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից` Քյամալ Հասոյանը:

Սուրեն Պողոսյանը հերթով թվարկում է այն գյուղացիների անունները, ովքեր իբր անապահով են և սոցօգնություն են ստացել, սակայն իրականում այդ գումարի կարիքը չունեն:

«Ուսոյան Մշիր Մոսկովի` 100 հազար դրամ, գնացեք Մշիրի տունը, դռան դիմաց 40 հազար դոլարանոց ջիփ ա կանգնած: Թղթերը շատ են»,- ասում է Սուրենը: Նրա խոսքերով՝ համայնքապետի թոռները, հարսը ևս օգնություններ են ստացել: Պատմեցին նաև, որ համայնքային բյուջեից վճարվել են նաև համայնքապետի երեք թոռների, փեսայի և հարսի ուսման վարձերը: Իսկ թոռներից մեկն աշխատում է համայնքապետարանում, համայնքապետ պապի օգնականն է:

Արարատ Ղազարյանի եղբայրն էլ՝ Կարենը, նշեց, որ եղբոր կնոջ մահվան պատրվակով 180,000 դրամ գումար է դուրս գրվել, սակայն իրականում իրենք տեղյակ են 90,000 դրամից: «Այդ փողն էլ պարտքի տեղ ա վերցրել գյուղապետը, ասել ա՝ խանութում մի անգամ 50,000 եմ տվել, մի անգամ էլ` 40,000 դրամ, պիտի այդ փողը հետ բերեմ, թե չէ»,- ասում է Կարենը:

Սուրեն Պողոսյանն ասում է, որ թեև որոշումները կայացրել ա ավագանին, սակայն իրականում որոշողը եղել է համայնքապետը: Ըստ նրա՝ եղել են դեպքեր, երբ ավագանու անդամը չի իմացել, թե ինչի տակ է ստորագրում:

Զարթոնքի համայնքապետ Պարույր Սարգսյանը չի ընդունում համագյուղացիների մեղադրանքները: Ասում է, որ օգնությունները հատկացվել են դիմումների հիման վրա, և ինքն անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմիններին կներկայացնի այդ հիմքերը: Ավելին, նշում է, որ չի պատրաստվում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում գրել, քանի որ եթե բողոքողները մի քանի տասնյակ են, ապա իր ընտրողների թիվը մոտ 1000 է:

«Այո, իմ թոռներին օգնություն տրվել է: Երկուսն էլ ծնողազուրկ երեխեք են, տրվել է: Մյուս ծնողազուրկ երեխեքին հասնում է, իմ թոռներին չի՞ հասնում: Ավագանին է տվել, ես ինչ իրավունք ունեմ»,- ասում է համայնքապետը:

Ինչ վերաբերում է ապրիլյան ազատամարտի մասնակիցների անուններով դուրս գրված գումարներին, համայնքապետը հերքեց: Ասում է, որ այդ ժամանակ առաջինն ինքն է այցելել հոսպիտալներում պառկած համագյուղացիներին, այդ ժամանակ փոքր ֆինանսական օգնություն է հատկացրել, իսկ հետո, ծնողների դիմումների հիման վրա, 3 վիրավորներին հատկացրել է 150,000-ական դրամ:

«Ինչ վերաբերում է Կարենի եղբոր կնոջ մահվան դեպքով գումարի հատկացմանը, այո, 180,000 դրամ հատկացվել է, դա կհաստատի հենց Կարենի եղբայրը: Բայց իրականում քիչ-քիչ ավելի շատ գումար եմ տվել: Ինչ եք կարծում՝ ես հիվանդ մարդկանց փողերը պիտի ուտե՞ի»,- ասում է Պ. Սարգսյանը:

Գյուղացիները հայտնեցին, որ պայքարելու են այնքան, մինչև համայնքապետը լիազորությունները դադարեցնելու դիմում գրի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter