
Պրոֆ. Ռոբեր Տէր Մերկերյանին շնորհվել է ասպետի պատվավոր կոչում Ակադեմիական դափնիներ անվանակարգում
Կրթության ոլորտում երկար տարիներ մատուցած ծառայությունների համար Ֆրանսիայի Կրթության և Գիտության Նախարարությունը Պրոֆ. Ռոբեր Տեր Մերկերյանին շնորհել է Ասպետի պատվավոր կոչում Ակադեմիական Դափնիներ անվանակարգում:
Մարսելի Սահակ-Մեսրոպ մշակութային կենտրոնի սրահում շքանշանի հանձմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր ՝ Վալերի Բուայեն, Էքս-Մարսել Համալսարանի նախկին ռեկտոր՝ Փոլ Քաֆտանջյանը, Մարսել քաղաքի ավագանու անդամներ, Մարսելի հայ համայնքի մշակութային կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև բազմաթիվ բարեկամներ ու ազգականներ:
Ռ. Տեր Մերկերյանն անցել է ակադեմիական արտակարգ ուղի. նա թե ԵՊՀ-ի և թե Էքս-Մարսել համալսարանի շրջանավարտ է, դոկտորական գիտահետազոտական աշխատանքներ ղեկավարելու բարձրագույն վկայականով:
Պետք է ասել , որ Պրոֆ. Ռ. Տեր Մերկերյանը Էքս-Մարսել Համալսարանի միայն 40 տարվա հանրահայտ մանկավարժ – դասախոս չէ, նա գրքերի հեղինակ է, Մեսրոպ Մաշտոց համաֆրանսիական գրական մրցանակի դափնեկիր (2012 թ.), արդի հայերենի երկու տարբերակների բառակազմական խնդիրներին նվիրված տասնյակ հոդվածների հեղինակ ու հայերենից ֆրանսերեն գեղարվեստական գրքերի թարգմանիչ : Նա նաև Մարսելի Կենտրոնական Դատարաի երդվյալ փորձագետ թարգմանիչ է:
Ռ. Տեր Մերկերյանը մեծ չափով նպաստել է հայ համայնքում հայոց լեզվի դասավանդումը նորովի կազմակերպմանն ու զարգացմանը: Նրա ջանքերի շնորհիվ Ֆրանսիայի միջնակարգ դպրոցներում հայոց լեզուն դասավանդելու ու որպես առաջին կենդանի լեզու միջնակարգ դպրոցի ավարտական քննություններին (Բակալորիա) ներկայացնելու հնարավորություն է տրվել աշակերտներին:
Ռ. Տեր Մերկերյանը Էքս ան Փրովանսի համալսարսանում հիմնել է հայոց լեզվի ուսման ամբիոն, որը նպաստել է հայոց լեզվի ակադեմիական ճանաչմանը Ֆրանսիայի Կրթության և Գիտության նախարարության կողմից:
Նա բազմաթիվ լեզուներ իմացող անձ է, ունի ԵՊՀ-ի պատվավոր դոկտորի կոչում, պարգևատրված է ՝՝Սուրբ Ներսես Շնորհալի՝՝ շքանշանով, ինչպես նաև Սփյուռքի Նախարարության ոսկե մեդալով ու ՝՝Հայապահպանության համար նշանակալից ավանդի համար՝՝ դիպլոմով:
Մեծ է նրա մասնակցությունը Ֆրանսիայում հայոց մշակույթի տարածման գործում, կարելի է ասել, որ նա եղել է հայոց քաղաքակրթության դեսպանը Ֆրանսիայում:
Արմեն Քեշիշյան
Մեկնաբանել