
Աղջիկը, որն ուզում է մաթեմատիկոս դառնալ
«2005թ.-ի լավագույն բակալավր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» անվանակարգում Անուշ Ծերունյանը ստացավ ՀՀ նախագահի մրցանակը:
Առաջին անգամ Անուշին հանդիպեցի անցած տարի Հայաստանի ծրագրավորման բաց մրցույթում: Մրցույթի փորձված կազմակերպիչներն ու մրցակիցները սպասվելիք մրցակցության շուրջ քննարկումներում խոսում էին Անուշի մասին: Նա միշտ առաջիններից էր: Սակայն մրցույթի առաջին օրն Անուշը չեկավ: Նախագահի մրցանակը նա ստացավ այդ օրը:
Սակայն մրցույթին Անուշը հասցրեց մասնակցել' թիմային փուլում գրավելով երկրորդ տեղը: Աշնանը կրկին ծրագրավորման մրցույթ է լինելու, սակայն մրցույթի ամենահայտնի ծրագրավորող աղջիկը կարծում է, որ խնդիրներն արագ լուծելու իր ժամանակն անցել է. հիմա պետք է անցնել դանդաղ եւ խորը տեսական հետազոտության:
«Երբ առաջին անգամ տեսական խնդիր լուծեցի ու դա տեւեց ոչ թե տասը րոպե, այլ չորս օր, այդ ժամանակ ես հասկացա, որ դա է ստեղծագործությունը եւ մաթեմատիկայով զբաղվելու իմ նախընտրած ճանապարհը: Ես երեւի թե միակ աղջիկն եմ Հայաստանում, որ ուզում եմ մաթեմատիկոս դառնալ »,-ասում է ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի 22-ամյա Անուշ Ծերունյանը:
Ուսումը շարունակելու հարցը նրա համար բավականին լուրջ էր: Սկզբում որոշեց ընտրել ֆիզիկան, հետո՝ երաշժտությունը: Սակայն երբ ի վերջո ընտրեց ծրագրավորումը, համակարգիչը նրա համար «ընդամենը սեւ արկղ էր»: Նա չհիասթափվեց իր հետ սովորողներից շատերի նման: Բացի գրքերից, նրան շատ օգնեցին, ավելի ճիշտ՝ մաթեմատիկայի աշխարհը բացեցին ֆակուլտետի իր սիրած դասախոսները (Ժոզեֆ Ավետիսյան, Արա Մալխասյան, Անահիտ Չուբարյան), որոնց լսելն ու նրանց հետ զրուցելը Անուշը շատ է գնահատում:
Անուշը որոշել է կրթությունը շարունակել արտերկրում. «Կարեւոր չէ՝ որտեղ: Ինձ պետք է մաթեմատիկական միջավայր, նոր դասախոսություններ, նոր մարդիկ ու նոր գաղափարներ: Ինքնուրույն սովորելը քիչ է ինձ համար, ես կարիք ունեմ մարդկանց լսելու, նրանց հետ խոսելու, ընդհանրապես' արտահայտվելու»,-ասում է Անուշը:
Չնայած բազմաթիվ փորձերին ու դիմումներին՝ նրան դեռեւս չի հաջողվել որեւէ հարմար տեղ գտնել ուսումը շարունակելու համար: Մերժման պատճառները տարբեր են եղել. օրինակ՝ հաստատությունը չի ընդունում օտարերկրյա ուսանողներ, կամ՝ հայ դասախոսների երաշխավորագրերը համոզիչ չեն, քանի որ նրանք հայտնի չեն աշխարհում եւ այլն:
«Արդեն գիտեմ, որ պետք է մաթեմատիկայով զբաղվեմ, պիտի հետազոտեմ, ու եթե նույնիսկ ոչ մի նոր բան չստացվի, եթե նույնիսկ իմանամ, որ այս աշխարհի ամենաանհաջող մաթեմատիկոսն եմ լինելու, միեւնույն է' ետ չեմ կանգնի այդ ճանապարհից»,-ասում է Անուշը: Հետո խորամանկ ժպիտով ավելացնում է, որ, իհարկե, շատ կուզենար նոր բան ստեղծել:
Անուշն արդեն աշխատում է ծրագրավորման ոլորտում եւ համարում, որ ծրագրավորմամբ կարելի է միայն գումար աշխատել: «Բայց ծրագրավորումը չի պահանջում այնքան ստեղծագործական ուժ եւ ինտուիցիա, որքան մաթեմատիկան,- կարծում է նա:-Ծրագրավորողները միշտ տրամադրված են այնպես աշխատել, որ անպայման վերջում արդյունք ստանան, իսկ մաթեմատիկայում այդպես չէ. հնարավոր է ամբողջ կյանքում մտածել մի խնդրի շուրջ, բայց այդպես էլ արդյունքի չհասնել: Ծրագրավորման մեջ այն պահին, երբ ալգորիթմը մտածվեց եւ արդեն պետք է գրվի, մարդը դառնում է իրագործող: Իսկ մաթեմատիկան անհատականություններն են ստեղծում, ավելի շուտ՝ ստեղծագործում: Եթե ծրագրավորումը նորից սկսեինք, ապա այն մոտավորապես նույն ճանապարհով կզարգանար, իսկ մաթեմատիկան կարող է մի քանի անհատների բացակայության դեպքում լրիվ ուրիշ կերպ զարգանար»:
Մաթեմատիկայի չափ Անուշին գրավում է նաեւ փիլիսոփայությունը, քանի որ բոլոր մաթեմատիկոսները, նրա կարծիքով, իրենց հոգու խորքում նաեւ փիլիսոփաներ են:
Մեկ տարի նա սովորել է նաեւ ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում:
«Փիլիսոփայության ու մաթեմատիկայի միջեւ հակասություններ ես չգտա: Ընդհակառակը, երկու դիսցիպլիններն էլ մարդու մտքի թռիչքի արդյունք են: Իրականում դրանք շատ միահյուսված են: Մաթեմատիկայից ավելի աբստրակտ բան ես չեմ կարող պատկերացնել: Շատ մարդիկ մաթեմատիկա ասելով թվեր ու հաշվարկներ են պատկերացնում, բայց դա այդպես չէ: Մաթեմատիկան շատ աբստրակտ է: Նույնիսկ փիլիսոփայությունն այդքան վերացական չէ: Ֆիզիկան ավելի հասկանալի է, քանի որ կյանքում օրինակների վրա կարող ես բացատրել, բայց մաթեմատիկայի դեպքում չես կարող հանկարծ առավոտյան արթնանալ եւ «սոբոլեւյան» տարածություն տեսնել»:
«Փիլիսոփայության ֆակուլտետում սովորելու շրջանում շատ էի մեկուսացել: Հիմա կարոտում եմ այն հոգեվիճակը, քանի որ ներքուստ ավելի հզոր էի: Ու դրա արդյունքում ես շատ բան հասցրեցի անել: Հիմա, մտածելով այդ շրջանի մասին, զարմանում եմ՝ ինչպե՞ս էի հասցնում սովորել երկու ֆակուլտետներում, հաջողությամբ մասնակցել ծրագրավորման մրցույթներին, աշխատանքի ընդունվել, խնդիրներ լուծել ու ուղարկել տպագրության «American Mathematical Monthly» ամսագրին: Կարելի է ասել, որ մինչեւ հիմա էլ ես այն ժամանակ արված գործերի ու հաջողությունների լիցքերով եմ ապրում»,-եզրափակում է Անուշը:
Մեկնաբանել