HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ»-ի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները

Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել 40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ներկայացնելով այս հարցի նախապատմությունը:

Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն է ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսել է զբաղվել հարցով: Կինոկենտրոնը կապ է հաստատել Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ և պարզել, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են 25 տարի առաջ և պահեստավորված են միության նկուղային հարկում։

«2017թ-ի հունվարից այս ֆիլմերի վերադարձը կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց բանակցել ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, որի հավաստմամբ այն ժամանակ դեսպանությունը չուներ բավականաչափ միջոցներ ամբողջ հավաքածուն Հայաստան տեղափոխելու համար: Հետևաբար, այդ ահռելի կինոժառանգությունից 2017թ․ մարտի 9-ին Հայաստան բերվեց ընդամենը 6 ֆիլմ․ կինոնկարներից երկուսը՝ «Կարինեն» և «Տղամարդիկը» նշված էին որպես ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր և մյուս չորսն էլ ՝ («Լեռնային լճի գաղտնիքը», «Յոթ երգ», «Անահիտ», «Մի կաթիլ մեղր») պոզիտիվ կինոժապավեններ էին»,- հայտնում է Կինոկենտրոնը։

Ֆիլմերը սև/սպիտակ և գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն և հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։ Դրանց մեջ կան նաև մի շարք փաստագրական ֆիլմեր:

«Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ են նաև մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը և ուրիշները», «Բարև, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաև երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արևի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» և այլն:

2018 թվականին հայկական կինոյի հարուստ ժառանգությունը՝ կինոֆոնդը, հանձնվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որից հետո անիջապես սկսվեցին հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Լեհական «Ֆիքսաֆիլմ» թվայնացման և վերականգնման ստուդիան համատեղ սկսեցին հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ Առաջինը վերականգնվեց Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10-րոպեանոց ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է միջազգային հայտնի կինոփառատոներում, կինոդպրոցներում, թանգարաններում։

Այս պահին արդեն սկսվել են «Համո Բեկնազարյան» նախագծի աշխատանքները, որի շրջանակում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմերը։ Նախագծի առաջին վերականգնվող ֆիլմը «Պեպոն» է։ Սովորաբար, թվայնացման գործընթացը սկսելու համար որպես կանոն հավաքվում են ֆիլմերի տաբեր տարիներին տպված բոլոր պահպանված պատճենները։ Ու հենց այս պահին, երբ հայտնաբերվեց, որ Ֆրանսիահայ մշակութային միությունը (UCFAF) առաջարկում է «Պեպո» ֆիլմից 2 օրինակ՝ ուղղակի անգնահատելի է»,- գրված է Կինոկենտրոնի հաղորդագրության մեջ:

Այս պահին ազգային կինոկենտրոնի պատասխանատուները փնտրում են տարբերակներ՝ ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Այդ նպատակով բանկացություններեր են տարվում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և նրա ներկայացուցիչների հետ՝ կազմակերպելու տեղափոխման գործընթացը, որը կարելի է սկսել մի քանի փուլով՝ հաշվի առնելով նյութի ծավալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter