
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված կրիպտոարժույթի մայնինգի սարքավորումներ
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ Իրանի քաղաքացի Մ.Ա-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել տրանսպորտային միջոցը կնքել և տեղափոխել Երևան՝ ժամանակավոր պահպանման պահեստ՝ մանրակրկիտ մաքսային զննում իրականացնելու նպատակով, քանի որ կասկածներ են առաջացել, որ փոխադրամիջոցի ետնամասում կան մաքսային հսկողությունից թաքցված առարկաներ։
ՊԵԿ-ը հայտնում է, որ այնուհետև ավտոբուսի ետնամասից՝ շարժիչի մոտ գտնվող բեռնախցիկում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված՝ կրիպտոարժույթի մայնինգի համար նախատեսված 13 սարքավորում։
Փաստի առթիվ Մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը։
Մեկնաբանել