
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին
Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։
Արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը Հայաստանի քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորին Սրբության սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտության ու արդարության միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև համերաշխությանը միտված կարևորագույն քայլ է։
«Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առավել ամրացրեց միասնության ու հավատքի կամուրջը՝ գոտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամությունը հայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը»,- գրված է հաղորդագրության մեջ։
«Ֆրանցիսկոս Պապը ողջունել է Հայաստաի իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխվում են հայ-վատիկանյան վաղեմի բարեկամական առնչությունների վրա՝ կարևորելով նաև սփյուռքի դերակատարումը։
Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթել է օրհնաբեր դիվանագիտական առաքելություն` ի փառս երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և իր բարեմաղթանքները հղել Հայաստանի քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։
Նույն օրը, Պապի հետ հանդիպումից հետո, դեսպան Կարեն Նազարյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպմանը զրույց է ծավալվել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, նրանց պատմամշակութային արժեքների ու հոգևոր ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ։ Հայաստանի դեսպանը պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների օրակարգի մասին։
Պետաքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջույներն է փոխանցել վարչապետ Փաշինյանին՝ կառավարությանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղությանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։
Մեկնաբանել