
Դատավորը ժամանակ է «ձգում»
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դատական հայցի վերաբերյալ սպասված վճռի փոխարեն մայիսի 5-ին հրապարակեց որոշում դատաքննությունների վերսկսման մասին` առանց նշելու հիմքերը:
Հիշեցնենք, որ Քոչարյանները «Ժամանակ» օրաթերթից պահանջում են թերթում նախորդ տարի տպագրված 3 հոդվածների հերքում և 6 մլն դրամի փոխհատուցում, որից 3 մլն-ը` դատական ծախսերի, իսկ մնացածը բարոյական վնասի փոխհատուցման համար։
Ըստ «Ժամանակ» օրաթերթի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի` դատավորի կայացրած որոշումը քաղաքական է: Փաստաբանը գտնում է, որ հնարավոր է` դատավորն ինքը չի կողմնորոշվել վճռի հարցում և ժամանակ է ձգում` տեսնելու, թե ինչ կողմնորոշում ունեն լրատվամիջոցների ներգրավմամբ մյուս գործերը քննող դատավորները, կամ էլ սպասում է «վերևից եկող» հրահանգի:
Փաստաբանը մատնանշում է նաև, որ հայցը օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացվել, և դատարանը գործը վաղուց կարճած կլիներ, եթե ներգրավված անձինք լինեին շարքային քաղաքացիներ: Բաղդասարյանը չի բացառում հայցի մասնակի բավարարում` ցույց տալու համար, որ իբր ընդառաջ են գնում լրատվամիջոցին:
Բաղդասարյանը շեշտեց նաև, որ լրատվամիջոցը պատրաստ է ներողություն խնդրել և հերքել տեղեկատվությունների այն մասը, որը չի համապատասխանում իրականությանը, պայմանով, որ Քոչարյանները ցույց տան, թե կոնկրետ որ տեղեկությունն է սխալ: Սակայն Քոչարյանները համառորեն հրաժարվում են վեճի ոչ դատական լուծումից:
Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 20-ին:
Մեկնաբանել