HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դատախազի որոշումն օրինական է, ես դրան կողմ եմ, կան փաստաթղթեր»,- Արամ Հարությունյանի գործով հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործը վերաբացելու դեմ բողոքի քննության ժամանակ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքն ունի անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ապացուցում են կաշառքի վերաբերյալ իր տված ցուցմունքները:

«Դատախազի որոշումն օրինական է, ես դրան կողմ եմ, կան փաստաթղթեր»,- ասաց Համբարձումյանը:

Խոսքը Դուբայից ուղարկված փաստաթղթերի մասին է, որոնցով հաստատվում է, որ գործով մեկ այլ մեղադրյալ, Արամ Հարությունյանի մտերիմ Արաքս Դիլանյանի հաշվին 8 մլն դրամ գումար է փոխանցվել, վերջինս էլ այն բաշխել է երեք այլ անձանց միջև:

«Առաջին անգամ առերեսման ժամանակ Արաքս Դիլանյանը ստեց և ասաց, որ ինքը գումար չի ստացել, բայց անցան ժամանակներ, քննիչը  պահանջեց փաստաթղթեր, և պարզվեց, որ ստացել է: Ուստի ես դիմեցի գլխավոր դատախազին՝ գործը վերաբացելու համար»,- ասաց Սիլվա Համբարձումյանը՝ նշելով, որ այս մասով ավելացնելու ոչինչ չունի:

Նշենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է 14 մլն դրամ կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նրա մասնակցությամբ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել ապացույցների անբավարարության հիմքով: Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է կարճման որոշումը, սակայն 2018 թվականի հունիսի 7-ին, այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն իշխանափոխություն էր եղել, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է կարճման, մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշումը: Այժմ գործի նախաքննությունը շարունակվել է: Հարությունյանն, ինչպես նաև գործով այլ մեղադրյալներ գտնվում են հետախուզման մեջ:

Այսօրվա դատական նիստին Հատուկ քննչական ծառայության քննիչ Դավիթ Կոստանդյանը դատարանին միջնորդեց դռնփակ անցկացնել նիստը, քանի որ քրեական գործով նախաքննություն է իրականացվում,  և  դատական նիստի ընթացքում քննարկման առարկա են դառնալու այնպիսի հանգամանքներ, որոնց շուրջ ներկայում քննություն է կատարվում: Նման պայմաններում, ըստ քննիչի,  նպատակահարմար չէ այս դատական նիստը դռնբաց անցկացնել:

«Կան հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներ, որոնք կարող են դիտել նիստն ու իմանալ, թե ինչ տեղեկություններ են հայտնվում, ինչ հարցեր են քննարկվում այստեղ», - ասաց Դավիթ Կոստանդյանը:

Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը  ևս նույն դիրքորոշումը հայտնեց:

«Ցանկալի չէ նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունների հանրայնացումն, ու դրանք անձանց լայն շրջանակին հասանելի դարձնելը»,- ասաց Հայկ Պետրոսյանը:

Գործով մեղադրյալ Արաքս Դիլանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն առարկեց միջնորդության դեմ: Պաշտպանի խոսքով՝ դատարանում քննարկման առարկա չեն նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլ բողոքարկվել է դատախազի կողմից կայացված որոշումը, և ստուգվում է դրա օրինականությունը:

Գործով մեղադրյալներ Արամ Հարությունյանի և Սուրեն Ավագյանի պաշտպան Կարեն Հակոբյանն էլ դիտարկեց, որ երբ քննություն իրականացնող մարմինը ըստ նպատակահարմարության է որոշում՝ ինչն է կարելի հրապարակել և ինչը՝ ոչ:

«Երբ պետք է, ամեն ինչ կարելի է հրապարակել, գաղտնիք չկա, ամեն ինչ կարելի է հրապարակել, ամեն ինչ կարելի է հայտարարել, իսկ երբ խոսքը վերաբերում է բուն բողոքի քննությանը՝ չի կարելի»,- ասաց Կարեն Հակոբյանը՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ ԱԺ-ի ամբիոնից հայտարարություն է արել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հանրապետությունում ամենախոշոր կաշառք տալու գործով պատգամավոր է կալանավորվելու: Հայտարարության պահին Արամ Հարությունյանը դեռևս ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր:

Կարեն Հակոբյանը նշեց նաև, որ եթե իրենք հանդիսանում են մեղադրյալների պաշտպանները, ապա ենթադրվում է, որ կարող են նաև դատական նիստի ընթացքում տեղի ունեցածը և հրապարակված տեղեկությունները հայտնել իրենց պաշտպանյալներին:

Դատարանն այսօր նիստը դռնփակ անցկացնելու վերաբերյալ քննիչ Կոստանդյանի միջնորդությունը չլուծեց և քննիչից պահանջեց գործի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել դատարան:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ «Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Սիլվա Համբարձումյանին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք Համբարձումյանն իր բանկային հաշվեհամարներից կանխիկացրել և Արամ Հարությունյանի մտերիմի միջոցով նրան է տվել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: Հարությունյանի մտերիմն, ում մասին խոսվում է, ամենայն հավանականությամբ, գործով մեղադրյալ Սուրեն Ավագյանն է, ով մեղադրվում է Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter