HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Օրենսդրության սահմաններում քաղաքացուն գոհացնող լուծում գտնել հնարավոր չի եղել. ՊԵԿ-ը պարզաբանում է

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տրամադրել «Հետք»-ում հրապարակված՝ «Հայրենադարձ ընտանիքի անձնական գույքը ՊԵԿ-ը պահանջում է 16 հազար դոլարով մաքսազերծել» վերտառությամբ նյութի վերաբերյալ: Հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք հայրենադարձ Իշխան Ավո Ոսկերիչեանի խնդիրը, որին նա բախվել էր իր անձնական գույքը ներմուծելու ժամանակ: Ոսկերիչեանի անձնական գույքը ենթակա է եղել մաքսազերծման, քանի որ նա մշտական բնակության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետները խախտել էր՝ 1 տարվա մեջ 6 ամսից քիչ էր բնակվել արտերկրում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մաքսային մարմինները մաքսային վճարների արտոնությունները կարող են կիրառել միայն ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով։

Ներկայումս անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսային վճարների կիրառման հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածով, ԵԱՏ հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ.-ի թիվ 107 որոշմամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը չհակասող մասով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի և 249-րդ հոդվածի դրույթներով, ինչպես նաև ՀՀ կառավարության 03.12.2015թ.-ի թիվ 1461-Ն և 12.11.15թ.-ի թիվ 1312-Ն որոշումներով:

Տվյալ դեպքում քաղաքացի Իշխան Ավո Ոսկերիչեանի կողմից ՀՀ տեղափոխված ապրանքները հնարավոր չի եղել ձևակերպել ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց համար նախատեսված արտոնությամբ քանի որ նրա կողմից չեն պահպանվել օրենսդրության մի շարք պահանջներ:

Մասնավորապես՝

Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն` քաղաքացի Իշխան Ավո Ոսկերիչեանի կողմից չի պահպանվել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված՝ դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 184 օր և ավելի օտարերկրյա պետության տարածքում բնակվելու վերաբերյալ դրույթը (2017-2018թթ.), որի արդյունքում խախտվել է նաև արտոնության կիրառման նախապայման հանդիսացող՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 13-րդ մասի պահանջը՝ ՀՀ մշտական բնակության ժամանման օրվան նախորդող ժամանակահատվածում առնվազն հինգ տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված լինելու վերաբերյալ։

Հարկ է նշել, որ քաղաքացի Իշխան Ավո Ոսկերիչեանը նախկինում՝ մինչև ապրանքները ՀՀ ներմուծելը, դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով իր կողմից ներմուծվող անձնական օգտագործման իրերի մաքսային ձևակերպումները կատարել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածով նախատեսված արտոնությամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը ուսումնասիրել է ներկայացված դիմումները, որոնց տրվել են համապատասխան պարզաբանումներ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 25.05.2018թ.-ի N8/8-2/28148-18, 14.11.2018թ.-ի N02/8-2/70914-18, 17.01.2019թ.-ի N02/8-2/2828-19, 29.01.2019թ.-ի N02/8-2/5365-19 գրություններով:

Նշված գրություններով քաղաքացուն նախ առաջարկվել է ծանոթանալ տվյալ ոլորտը կարգավորող իրավական ակտերին (նշվել են դրանց անվանումները, համապատասխան հոդվածները և կայքերի հղումները), այնուհետև՝ մանրամասն նկարագրվել է, թե որ դեպքերում է կիրառելի Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 249-րդ հոդվածով նախատեսված արտոնությունը:

Այնուամենայնիվ, օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին համապատասխան ապրանքները ներմուծվել են ՀՀ տարածք, և քաղաքացին դիմել է ՀՀ ՊԵԿ մաքսային վճարների արտոնությունից օգտվելու համար։ Սակայն դիմումի ուսումնասիրության արդյունքում, վերոնշյալ իրավական հիմքերով, այդ  արտոնությունը հնարավոր չի եղել կիրառել։

Հարցը քննարկվել է նաև ՀՀ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովի կողմից, սակայն,  հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով հստակ սահմանված է, որ անձինք յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակված լինեն 184 օր և ավելի, և  որևէ այլ պայման (այդ թվում՝ հիվանդության կամ որևէ այլ նմանատիպ հանգամանքով պայմանավորված օրենքի պահանջների չապահովելը) չի կարող հիմք հանդիսանալ արտոնություն կիրառելու համար, գանգատարկման հանձնաժողովը հետաձգել է հարցի քննարկումը քաղաքացուն որևէ կերպ օգնելու լուծում գտնելու նպատակով։

Նշենք նաև, որ մաքսային մարմինները դիտարկել են բոլոր հնարավոր տարբերակները քաղաքացուն աջակցություն ցուցաբերելու համար, ընդհուպ մինչև ընտանիքի անդամներից որևէ մեկի նկատմամբ խնդրո առարկա արտոնության կիրառման հնարավորությունը, սակայն օրենսդրության սահմաններում քաղաքացուն գոհացնող լուծում գտնել հնարավոր չի եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter